Հասարակություն

Ս. Սարգսյան. Լավ օրինակը շատ ավելի վարակիչ է

16 տարի շարունակ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը անցկացնում է  « Հայկյան»  մրցանակաբաշխություն՝ պարգևատրելով այն երիտասարդներին ու  ուսանողական  կառույցներին, որոնք ամբողջ  տարվա ընթացքում աչքի են ընկել իրենց նորարարական  գաղափարներով.  Սակայն այս տարի «Հայկյան» մրցանակաբաշխությունը առաձնանում էր մինչ այժմ  եղածներից, քանի որ  «Հայկյան-2016» հատուկ մրցանակ շնորհվեց նաև 2016 թվականին  ՀՀ «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով պարգևատրված 47 զինծառայողների։  Ապրիլյան պատերազմի ժամանակ հակառակորդի ուղղաթիռը նռնականետով ոչնչացրած ժամկետային զինծառայող  Նարեկ Մալխասյանը, ով  «Հայկյան» մրցանակակիր է ,նշում է, որ  բանակից զորացրվելուց հետո որոշեց՝ ծառայելու է  ՀՀ զինված ուժերում, քանի որ  թշնամին դեռ պետք  է  շատ դասեր քաղի։

Ապրիլյան դեպքերից հետո չէր անցել մեկ շաբաթ, երբ  մեր երկիր պետք է այցելեին   հինգ Նոբելյան մրցանակիրներ։ Հատուկ մրցանակի արժանացած  Կոնստանտին Ենկոյանն ասում է. մտավախություն կար, որ նրանք չեն այցելի, բայց նրանք եկան, ու այդ մի քանի օրերի ընթացքում շփվելով երիտասարդների հետ  կարմիր  թելի նման տարան այն գիծը՝ մենք ունենք պոտենցիալ ունեցող արտակարգ երիտասարդներ. Կոնստանտին Ենկոյանին՝ հատուկ մրցանակ շնորհվեց  «Նոբելյան օրեր՝ Երևանում» գիտական միջոցառումը նախաձեռնելու համար։

Արցախում առավել քան դժվար է   գիտական գործունեություն ծավալել, մասնակցել միջազգային հեղինակավոր գիտաժողովների, քանի որ այն չճանաչված պետություն է։ «Սակայն Արցախի երիտասարդները դրանից չեն վհատվում»,-արդեն բեմից «Հայկյան» մրցանակը ստանալու ժամանակ ասում է  Արցախի երիտասարդ գիտնականների միավորման անդամ Հերմինե  Կատվալյանը։

Հետո արդեն շնորհակալության հերթը նախագահ Սերժ Սարգսյանին է, ասում է, որ նման միջոցառումները   հնարավորություն  են տալիս  շփվելու երիտասարդների  հետ,  քանի որ այսպիսի շփումները միշտ նոր լիցք  ու եռանդ են հաղորդում:

«Մենք պարտավոր ենք ուղղակի առանձնացնել և ուրիշներին ի ցույց դնել մեր լավագույններին՝ այն մարդկանց, ովքեր իրենց աշխատասիրությամբ, իրենց տաղանդի, շնորքի շնորհիվ կարողանում են հասնել հաջողությունների: Ես չեմ հավատում այն խոսքերին, որ հատկապես ծնողներն են սիրում երեխաներին ասել, որ վատ օրինակը վարակիչ է: Այդպես չէ՝ լավ օրինակը շատ ավելի վարակիչ է, և մենք պետք է կարողանանք, անպայման, այս լավ օրինակները դարձնել ուրիշների համար ձգտման առարկա, ձգտման ցուցանիշ: Դրա համար ես բոլորիդ հաջողություն եմ մաղթում և ուզում եմ մեկ անգամ ևս հրապարակավ հայտարարել, որ բոլոր դժգոհների, բոլոր հոռետեսների այն ասածին, որ Հայաստանն ապագա չունի, պատասխանը ձեր գործունեությունն է, այսօրվա մեր երիտասարդությունն է, նրա ձեռքբերումները»,- իր խոսքում նշեց նախագահը:

Ցուցադրել ավելի
Back to top button