ԿարևորՔաղաքական

Ռեյտինգային ընտրակարգ.ո՞ւմ ռեյտինգի համար են պայքարելու թեկնածուները


Ապրիլի 2-ի ընտրություններին ընդառաջ այսօր հայտարարություն է հրապարակել նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը, որը փետրվարի 22-23-ին դիտորդական առաքելությամբ Հայաստանում էր: Պատվիրակությունը կիսում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, որում նշում է, որ Հայաստանում ընտրական օրենսդրությունը հնարավորություն է տալիս անցկացնել ազատ ու ժողովրդավարական ընտրություններ, եթե այն կիրառվի բարեխղճորեն ու քաղաքական կամք դրսևորվի։ «Այնուամենայնիվ, լսելով նոր ընտրական օրենսգրքի մանրամասն բացատրությունները, պատվիրակությունը դեռևս կարծում է, որ այն շատ բարդ է և կարող է հանգեցնել շփոթության ու ավելացնել ընտրական գործընթացի նկատմամբ առկա անվստահությունը»,-ասվում է հայտարարության մեջ։ Ընտրական օրենսգրքի որ դրույթներն են հատկապես բարդ գնահատվում, որոնք են  նորամուծությունները, որոնց մասին պետք է տեղեկացված լինի ընտրողը քվեարկություն կատարելիս: «Ռադիոլուր»-ը որոշել է սկսել իրազեկող ռեպորտաժների շարք ու անդրադառնալ հիմնական հարցերին: Այսօրվա անդրադարձը ռեյտինգային քվեակարգի մասին է:

Ապրիլի 2-ի ընտրություններն անցկացվելու են նոր ընտրակարգով, քվեարկության էականորեն փոփոխված կարգով: Փոփոխություններից մեկը վերաբերում է  ռեյտինգային ընտրակարգին:

Ինչ է այն ենթադրում. Ընտրական օրենսգրքի համաձայն, գիտենք,  ընտրություններն անցկացվելու են միայն համամասնական ընտրակարգով, ինչը նշանակում է որ դրանց մասնակցել կարող  են միայն կուսակցություններ կամ կուսակցությունների դաշինքները: Գիտենք նաև, որ այս պահին առաջադրվել է 9 քաղաքական ուժ՝ 5 կուսակցություն և 4 դաշինք: Փետրվարի 26-ին ԿԸՀ-ն նիստ կհրավիրի և կգրանցի մասնակիցների վերջնական ցանկը:

Մինչ այդ՝ ընտրություններին մասնակցել ցանկացող  կուսակցություններից յուրաքանչյուրը ԿԸՀ  2 ցուցակ է ներկայացրել՝  մեկ համամասնական  և 13 տարածքային, քանի որ այդքան  ընտրատարածք ունենք.  դրանցից 4-ն, ի դեպ,  Երևանում է, 9-ը մարզերում: Տարբեր տարածքներում տարբեր քանակով թեկնածուներ են առաջադրվել՝ կախված ընտրողների թվից:

Թե ում որտեղ առաջադրել՝ բարդ խնդիր է եղել  քաղաքական ուժերի համր, իսկ թե ինչպես նրանցից ընտրություն կատարել սա արդեն խնդիր է ընտրողի համար: Հիմնական տարբերությունը նախորդ քվեարկություններից  ընտրորղը կզգա հենց քվեաթերթիկները ստանալիս: Նրան կտրվի այնքան քվեաթերթիկ, որքան ընտրությունների մասնակիցների թիվն է: Եթե ընդունենք, որ 9 ուժերն էլ կգրանցվեն, ապա սա նշանակում է, որ ընտրողին կտրվի 9 քվեաթերթ: Ընդ որում, ընտրողը չի կարող հրաժարվել բոլոր քվերաթերթիկները ստանալուց:  Այս կետից բացատրել շարունակում է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:

«Քվեաթերթիկը կազմված է լինելու երկու էջից. առաջին  էջում նշված կլինեն կուսակցությունների անվանումները՝ համամասնական ցուցակի առաջին երեք անուններով, երկրորդ էջում կլինեն տարածքային ցուցակներում ընդգրկվածների անունները»:

Փաստորեն, քվեաթերթի ընտրությունը միայն արդեն արդեն ընտրություն է հօգուտ այս կամ այն կուսակցության, իսկ եթե այդ քվեաթերթի վրա նշում է արվում նաև որևէ անձի անվան դիմաց, ապա դա արդեն լրացուցիչ ձայն է հօգուտ կուսակցության:

Հենց այս կետում են քաղաքական ուժերի  մտավախությունները. ընդդիմությունը սա թաքնված մեծամասնական ընտրակարգ է համարում և կարծում, որ այս մեխանիզմը ներդրվել է կուսակցություններին լրացուցիչ ձայներ բերելու համար: Սրանում, օրինակ, համոզված է Համախմբում կուսակցությունը ներկայացնող Էլինար Վարդանյանը:

«Այս համակարգը հնարավորություն է ստեղծելու, որ տարածքային ցուցակներով առաջադրված թեկնածուներն օգտագործեն իրնեց բոլոր լծակներ և ստանան  ձայներ, որոնք գնալու են կուսակցությանը: Մարդուն շատ դժվար է լինելու հասկանալ, որ անձին իր տված ձայնը գնում է կուսկացությանը»:

Իշխող ուժի ներկայացուցիչ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը  համաձայն չէ, որ սա թաքնված մեծամասնական ընտրակարգ է: Տարբերություններ կան, ու Սահակյանը դրանց մասին է խոսում:

«Մեկ համեմատություն բերեմ. եթե նախկին օրենսգրքով մեծամասնական պատգամավորը մի քանի տասնյակ հազար ձայներով կարող էր ընտրվել ու գալ խորհրդարան, ապա հիմա, որպեսզի մեծամասնականով կամ ռեյտինգայինով ընտրվի, պետք է նաև իր կուսակցության համար ձայներ ապահովի: Այնպես չէ, որ տարածքները բաժանված են թաղային հեղինակությունների մեջ և նրանք հենց այդ գործոնով պայամանավորված՝ ընտրվելու են: Հնարավոր է, որ որևէ անձ շատ ձայն հավաքի, բայց նրա կուսակցությունը անհրաժեշտ թվով ձայներ չստանա»:

Կուսակցության ստացած մանդատների կեսը տրվելու է կուսակցության համապետական ցուցակի թեկնածուներին, մյուս կեսը բաշխվելու է կուսակցության տարածքային ցուցակներում ընդգրկված թեկնածուների միջև։ Իսկ թե ինչպես են հաշվվելու ձայներն ու բաշխվելու մանդատները, կներկայացնենք առաջիկայում:

 

Ցուցադրել ավելի
Back to top button