Քաղաքական

Կուսակցականները կարգախոսների կարեւորության մասին


Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ մասնակից կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները դեռ  կներկայացնեն իրենց առավելությունները, նպատակներն ու ծրագրերը, ինչպես նաեւ՝ այդ ծրագրերը կյանքի կոչելու հնարավորությունները, ռեսուրսներն ու վճռականությունը: Այդ ամենը հասկանալու համար՝ նախ անհրաժեշտ էր պատկերացում կազմել կուսակցական ցուցակների մասին: Ցուցակները հրապարակվեցին, առաջին շարքերում տեղ գտած դեմքերն այլեւս, ըստ էության, արդեն հայտնի են լայն հանրությանը: Հերթը ծրագրերինն է, իսկ մինչ դրանց հրապարակումը շատ դեպքերում դրանց մասին արդեն իսկ կարելի է պատկերացում կազմել՝ հրապարակված նախընտրական կարգախոսների միջոցով: Ինչպիսին են դրանք եւ ինչ կարեւորություն են տալիս կուսակցականները կարգախոսներին:  Ինչ տեղ եւ դեր են հատկացնում նախընտրական կարգախոսներին ընտրություններում մասնակից քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ու անկախ քաղաքական գործիչները:

Անդրադառնալով Ծառուկյան դաշինքի նախընտրական կարգախոսին վերաբերող հարցին՝ դաշինքին միացած «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը նախ ասաց, որ կարգախոսները շատ են, ապա շեշտեց, թե ամենամեծ կարգախոսը պիտի լինի տարիների ընթացքում կատարված աշխատանքը. «Նախեւառաջ դաշինքի առաջնորդը հանդիսացող Գագիկ Ծառուկյանի գործունեությամբ դրսեւորված: Այդ գործունեությունը, որն, ինքնին, պիտի կարգախոս լինի: Առանձին անձանցով, անշեղում քաղաքական կուրսով ու համոզմունքով եւ երկրում անհապաղ փոփոխությունների իրականացման ուղենիշով»:

Հենց այդպես էլ, Ծառուկյան դաշինքի ներկայացուցչի խոսքով, իրենք առաջացնելու են վերջապես ընտրությունների միջոցով չափազանց անհրաժեշտ փոփոխություններ իրականացնելու հույս: Հիմա պահն է իրականացնելու այն տնտեսական հեղափոխությունը, որը Ծառուկյան դաշինքն առաջարկում է մի շարք դրույթներով՝ հայտարարեց Տիգրան Ուրիխանյանը:

Առաջիկա երկու օրում իր նախընտրական ծրագիրն արդեն կհրապարակի «Ելք» դաշինքը: Թե ինչպիսի կարգախոս է ընտրել դաշինքը, իր ծրագրային դրույթները, նպատակներն ու ցանկությունները ընտրողներին, այսպես ասաց, խտացրած ներկայացնելու համար, այսօր փորձեցինք պարզել «Ելք» դաշինքի անդամ Արայիկ Հարությունյանից:

«Մեր պաշտոնական կարգախոսն է՝ «Ընտրություն, փոփոխություն, հաղթանակ», որովհետեւ մենք գտնում ենք, որ եթե կա հստակ ընտրություն եւ այդ ընտրությունը մենք կարողանում ենք այնպիսի հիմքերի վրա դնենք, որը լինեն արդար եւ ազնիվ, ապա դա անխուսափելիորեն կհանգեցնի լուրջ փոփոխությունների, իսկ փոփոխություններն արդեն հաղթանակ են բոլոր ոլորտներում մեր հանրության համար»:

Միաժամանակ, մեր համակիրներն ու համախոհներն իրենք են առաջարկել կարգախոսներ «Ելք»-ի հետ կապված, որոնք կլինեն ոչ պաշտոնական, սակայն, կօգտագործվեն եւ առավել տարածվածը կլինեն, քանի որ, Արայիկ Հարությունյանի գնահատմամբ, հաջող են:

«Շրջանառվում են նաեւ սոցցանցերում: Դա, օրինակ, «Կա ընտրություն՝ կա ելք»-ն է, «կա խելք՝ կա ելք»-ն է եւ մի շարք այլ կարգախոսներ, որոնք հենց պաշտոնական քարոզչության առաջին իսկ օրերից հայտնի կդառնան լայն հանրությանը»:

ՀԱԿ-ն իր նախընտրական կարգախոսը հրապարակեց դեռ իր երկրորդ համագումարում: ՀԱԿ-ՀԺԿ նախընտրական կարգախոսին այսօր անդրադարձավ դաշինքի անդամ Զոյա Թադեւոսյանը. «Խաղաղությունը երբեք մերժելի չէ որեւէ հասարակության կողմից: Առանց դրա հնարավոր չէ իրականում դառնալ, ինտեգրվել այն հանրությանը, այն հասարակարգին, որ այսօր ձեւավորվել է, եւ այդտեղ որեւէ մեկ պետություն, որն ունի պատերազմ զանձազերծելու, ուրիշի հաշվին տարածքներ մեծացնելու, կամ հարստություն կուտակելու ցանկություն, այդպիսի երկրները դատապարտված են պարտության եւ դրանք շատ շուտով համաշխարհային արենայից դուրս կմղվեն. այդ նպատակները երբեւէ իրացվելի չեն»:

Կարգախոսը մեծ արձագանք ստացավ, տրվեցին տարբեր գնահատականներ, ինչը, ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանի խոսքով, հնարավորություն տվեց, որ, առանց իրենց կողմից մեծ ջանքերի, այն ավելի լայն տարածում եւ ընկալում ստանալու փորձաքննությանը ենթարկվի:

«Կարծիքներն, իհարկե, տարբեր են, հակասական, բայց միանշանակ է այն, որ դաշինքը նպատակ ունի ստեղծելու հնարավորություն՝ Հայաստանում հետագա աննախադեպ զարգացում ապահովելու համար»:

Ներկայիս ժամանակաշրջանն էլ, ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի անդամների համոզմամբ, չափազանց բարենպաստ է խաղաղության ամրագրման համար: Զոյա Թադեւոսյանը միաժամանակ նկատեց, թե հակառակորդի կողմից անակնկալներ միշտ էլ լինելու են, բայց դա չի նշանակում, թե վախեցողի քաղաքականություն ենք վարում՝ ասաց ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչը: Հետաձգված հաշտությունը անընդհատ մեծ վտանգների սպառնալիք է՝ հավելեց Զոյա Թադեւոսյանը՝ կարծիք հայտնելով, որ խաղաղության կարգախոսով ՀԱԿ-ՀԺԿ դաշինքն առանձնանում է մնացածներից եւ ունի իր այդ առաքելությունն իրականացնելու մեծ հաստատակամություն:

Կարգախոսները սիմվոլիկ արտահայտում են  կուսակցությունների նպատակները, սակայն, Հանրապետական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի ձեւակերպմամբ, դրա «խաթեր» չէ, որ մարդիկ գնալու են ընտրեն:

Թերեւս հենց այդ զուտ սիմվոլիկության համար էլ նախընտրական կարգախոսներին, ծրագրերին, խոստումներին ամենեւին չի հավատում այս ընտրություններին որպես թեկնածու չմասնակցող քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:

«Մենք ավելի քան լավ «դացիոբաուներ» ենք ունեցել: Եթե նայենք, թե այդ լոզունգներից հետո ինչի՞ ենք հասել… հիմա ի՞նչ միտք ունի կարգախոսի մասին խոսելն ընդհանրապես: Երբ որ մոտավորապես գիտեմ, թե ովքեր են այնտեղ /ԱԺ/ մտնելու, ասեմ Ձեզ, ի՜նչ կարգախոս էլ վերցնեն, արդեն իսկ կանխորոշված է, թե այս ԱԺ-ն ինչ է լինելու: Արդեն կանխորոշված է: Դե, մոտավորապես կարելի է ասել, թե ով կգտնվի ու քանի տեղով՝ նույնիսկ այսպես կարելի է ասել: Լոզունգը կապ չունի»:

Գուրգեն Եղիազարյանն այդպես արտահայտվելու հիմքեր ունի, որոնց մասին, սակայն, ասաց, որ կխոսի ավելի ուշ:

Ցուցադրել ավելի
Back to top button