Տնտեսական

Էներգետիկ անվտանգության խնդիրները՝ ուշադրության կենտրոնում


Հայաստանի էներգետիկ անվտանգության հարցերը կառավարության ուշադրության կենտրոնում են: Բազմաթիվ ներդրումային ծրագրեր, որոնք նախատեսվում են իրականցնել առաջիկա երեք տարիների ընթացքում, էներգետիկ ենթակառուցվածքների ու  բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի սեղանին են: Հայկ Հարությունյան անուն ազգանունով փոխնախարար այս նախարարությունն արդեն ուներ: Եվս մեկն այս պաշտոնին նշանակվել է բոլորովին վերջերս՝ փետրվարի վեցին: Նորանշանակ փոխնախարարը «Ռադիոլուրի» հետ զրույցում ներկայացրել է ինչպես այս, այնպես էլ առաջիկա երեք տարիների ներդրումային ծրագրերն ու գնահատել էներգետիկ  անվտանգության համակարգը Հայաստանում:

 

«Մեր համակարգի ենթակառուցվածքները հիմնականում 30 և ավել տարիներ շահագործման մեջ են գտնվում, որոնք միաժամանակ  վերագրոծարկման անհրաժեշտություն ունեն միանշանակ: Իրենց ռեսուրսն են սպառել և արդեն պահնեստամասեր չեն արտադրվում, քանի որ արտադրություն են դուրս եկել»:

Էներգետիկ ենթակառուցվածքների   ու բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը  գնահատում է մեր երկրի էներգետիկ անվտանգությունն ու հուսալիությունը: Պաշտոնյայի գնահատականներն ավելի քան անկեղծ են.

«Շահագործման ընթացքում  մենք անընդհատ խնդիրներ  ունենում ենք: Դրա համար անխուսափելի ենք համարում ենթակառուցվածքների  վերակառուցման ծրագրերը»:

Վարչապետ Կարեն Կարապետյանի գնահատականներն ավելի լավատեսական են։ Լրագրողների հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ կառավարության ղեկավարը վստահեցրել էր՝«Հայաստանի  էներգետիկ անվտանգության գործակիցն այսօր  վստահեցնում եմ ձեզ շատ ավելի բարձր է, քան եվրոպական երկրներից հիմնականներինը»:

Այդուհանդերձ՝ էներգետիկա համակարգը  զարգացման  կարիք ունի, ուստի ոչ միայն այս, այլ նաև առաջիկա երեք տարիներին  բազմաթիվ ներդրումային ծրագրեր են նախանշված:

ՎԶԵԲ-ի աջակցությամբ  իրականացվում են 230 կմ  երկարությամբ և  220 կլիովոլտ հզորությամբ էլեկտրահաղորդման օդային գծի վերակառուցման աշխատանքները։ Այն նախատեսվում է  ավարտել  2017 թ.-ին: Բացի այդ, տնտեսված միջոցներով մեկնարկել են  նաև 110 կվտ հզորությամբ «Նոյեմբերյան» և «Լալվար» էլեկտրահաղորդման օդային գծերի  վերակառուցման  աշխատանքները։

Դրանք կավարտվեն մինչեւ 2019 թվականը։ Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյան. «Ներգրավել են շուրջ 135 մլն ԱՄՆ դոլար վարկային միջոց»:

Բարձրավոլտ չորս ենթակայաններ  գերմանական KFW  բանկի աջակցությամբ  արդեն վերակառուցվել են: Այժմ ՎԶԵԲ-ի, Ասիական զարգացման բանկի ու ՌԴ կառավարության աջակցությամբ իրականացվում են ութ  բարձրավոլտ ենթակայանների վերակառուցման ու վերազինման աշխատանքներ:  Դրանք նախատեսվում է ավարտել մինչև 2019թ: Օրակարգում է նաև Հայաստան- Վրաստան  և  Հայաստան- Իրան  էլեկտրահաղորդման գծերի շինարարությունը. «Որակավորման պահանջներն են այնպիսին, որ տեղական կազմակերպությունները  դժվար թե կարողանան բավարարել: Նրանք, սակայն, իրավունք ունեն համատեղ առաջարկ ներկայացնել  միջազգային կազմակերպությունների հետ՝ կոնցորսիումի տեսքով»:

«Որակավորման պահանջներն այնպիսին են, որ տեղական կազմակերպությունները  դժվար թե կարողանան բավարարել, սակայն, համատեղ առաջարկ ներկայացնելու առաջարկ ունեն»:

Զրուցակցիս խոսքով, օդային գծերի կառուցումը կնպաստի Հյուսիս-Հարավ  տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացմանը:

Խոշոր ներդրումային ծրագրերից է Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացումը: Այն իրականացվում է  ՌԴ կառավարության աջակցությամբ, ներգրավվել է մինչև 300 մլն ԱՄՆ դոլար:

«Ծրագիրը 2015թ  մեկնարկած է, 2019թ-ին կավարտվի»:

2017թ կշարունակվեն Էներգաարդյունավետության ու երկրաջերմային հետախուզահորատման աշխատանքները՝ 126 մլն ընդհանուր գումարով: Առաջիկա երեք տարին այս ուղղությամբ կծախսվի ևս շուրջ 190 մլն ԱՄՆ դոլարի միջոցառումներ:  Էներգետիկ անվտանգության ու հուսալիության բարձրացման համար մեր երկում կարևորվում է նաև այլընտրանքային էներգիայի, մասնավորապես արևային էներգիայի զարգացումը:

Ցուցադրել ավելի
Back to top button