Տնտեսական հարցեր ու ներդրումային ծրագրեր՝ Կառավարության օրակարգում


Կառավարությունում այսօր քննարկման առանցքում տնտեսական հարցերն էին, ներդրումային ծրագրերն ու վարչապետի հանձնարականները: Ազգային վիճակագրական ծառայության օրերս հրապարակած ցուցանիշերը ոգևորել են կառավարության անդամներին։ Նրանք տնտեսական այս տարվանից մեծ ակնկալիքներ ունեն:
Կառավարությունում շարունակում են պնդել՝ ապահովելու են խոստացված 3,2 տոկոս տնտեսական աճը: Այս անգամ պնդումների հիմքում ԱՎԾ-ի հունվարի տվյալներն են, որոնց համաձայն՝ ՏԱՑ-ը կազմել է 6,5 տոկոս:
Հատկապես արտահանման մասով ԱՎԾ հրապարակած նախնական ցուցանիշերը ոգևորել են տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին: Նշենք, որ նախորդ տարվա հունվարի նկատմամբ 35 տոկոս արտահանման աճ է արձանագրվել:
«Ոգևորիչ է ու ուրախալի նաև, որ կա արդյունաբերության 12 տոկոս աճ։ Այն նախադրյալները, որ ստեղծում էինք, հիմա արդեն այդ ցուցանիշերը թվերով արտահայտվում են»:
Նախարարի խոսքով, ցուցանիշերը ՀՆԱ-ի աճի վրա դրական ազդեցություն կունենան։ Տարեվերջին արդյունաբերությունում 6 տոկոս աճ է ակնկալվում: Տնտեսական աճի մասին Կարայանը կանխատեսումներ անելը վաղ է համարում: Միաժամանակ նշում է, որ խոստացված 3,2 տոկոս տնտեսական աճը կապահովվի: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի ակնկալիքներն ավելին են:
Մատնանշածը՝ այսօր հաստատված ութ ներդրումային ծրագրերն են: Կառավարությունը երեք ընկերության որոշեց մաքսատուրքերի արտոնություն տրամադրել, չորսին՝ երեք տարով սահմանին ԱԱՀ վճարման հետաձգման հնարավորություն ընձեռել, մեկ ընկերություն էլ «Ալյանս» տնտեսական գոտում շահագործողի իրավունք ստացավ:
Տնտեսագետ Բագրատ Ասատրյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում անդրադառնալով ներկայացվող ներդրումային ծրագրերին՝ նշում է՝ «դրանք լավ գործարքներ են, որոնք կարող են լինել ինչպես լավ, այնպես էլ վատ»:
Զրուցակիցս շարունակում է պնդել՝ «արդյունքի հասնելու համար համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ»: