Տնտեսական

Կգործարկվի Արմավիրի պահածոների գործարանը  

Արմավիրի մարզի տնտեսությունը հնարավոր է զարգացնել ներդրումների շնորհիվ: Մարզում կարևորվում է գյուղմթերքների արտադրությունն ու իրացումը: Ամեն տարի մթերող ձեռնարկատերերի կողմից խոստումներ են լինում, սակայն բերքի իրացման շրջանում՝ մոռացվում: Այս տարի Արարատ սննդի կոմբինատի  սեփականատերը  գործարկելու է Արմավիրի պահածոների գործարանը, որը առաջին տարում կապահովի 100-120 աշխատատեղ, այնուհետև ընդլայնելով արտադրական ծավալները այն կհասցնի 300-ի:  ,,46 տարեկան տղա եմ և իմ խոսքի վրա դողում եմ,,-ասել է Արարատ սննդի կոմբինատի տնօրեն Երվանդ Թարվերդյանը:

Արմավիր քաղաքը նախկինում հանրապետության  խոշոր արդյունաբերական կենտրոններից մեկն  էր, որտեղ զարգացած էր հատկապես սննդարդյունաբերությունը: Արմավիրի մարզում միշտ էլ շեշտը դրվել է գյուղմթերքների  արտադրության և վերամշակման վրա: Դեռ խորհրդային տարիներին մեծ չափերի էր հասնում լոլիկի, պղպեղի, սմբուկի և մյուս բանջարեղենի արտադրության ծավալը: Մթերման խնդիրներ չեն եղել, քանի որ այն վերամշակվում էր Խորհրդայիւն միությունում մեծ  համբավ ունեցող լենինյան շքանշանակիր  Հոկտեմբերյանի պահածոների գործարանում: Երկրի տնտեսական ճգնաժամի տարիներին գործարանն անկում ապրեց, սննկացավ և քանդվեց: Հսկայական գործարանի տարբեր արտադրամասերում տարբեր ժամանակներում, տնտեսվարող տարբեր սուբյեկտեր փորձել են արտադրություն հիմնել, սակայն վնասով են աշխատել, չեն կարողացել վճարել նաև աշխատավարձը:  Այս տարի նախկին պահածոների գործարանի տարածքի մի մասն ունի նոր սեփականատեր՝ Երվանդ Թարվերդյանը, Արարատ սննդի կոմբինատի տնօրենը:

Եղանակի տաքանալուն պես կսկսվեն շինարարական աշխատանքները և ամռանը կգործարկվի: Ըստ Թարվերդյանի նախատեսվել է առաջին տարում  ապահովել 100-120 մարդու զբաղվածություն, իսկ հաջորդ տարում՝  հասցնել մինչև 300-ի: Գործարանի վերագործարկման հետ կապված տնօրենը հանդիպել է մարզի համայնքների ղեկավարների և գյուղացիների հետ, հորդորել լավ բերք աճեցնել՝ ամբողջը մթերելու պայմանով:

,,46 տարեկան տղա եմ և իմ խոսքի վրա դողում եմ,,-ասել է Արարատ սննդի կոմբինատի տնօրեն Երվանդ Թարվերդյանը:

Արմավիրի պահածոների գործարանում կմթերվի ամբողջ հումքը, որը կվերամշակվի նաև Արարտ սննդի կոմբինատի մյուս  երեք ձեռնարկությունում: Գյուղացիական տնտեսությունները հանդիպման ընթացքում ավելի շատ լսողի դերում էին: Իրենք  ձեռնարկատերերից շատ խոստումներ են լսել, սակայն բերքի իրացման շրջանում, մթերող ձեռնարկությունների  դռները փակվել են իրենց  առջև: Արտադրածը մի կերպ իրացրել են շուկայում կամ թափել:

Սարդարապատ համայնքի ղեկավար Բաբկեն Վարդանյանը նշեց, որ երկկողմանի հարաբերություններում միշտ էլ  շահեկան վիճակում է գտնվում ձեռնարկատերը: Առաջարկեց կայուն գնային քաղաքականություն վարել, կրկին  չխաբել գյուղացուն որպեսզի երկուստեք ձեռնտու լինի՝ ոչ քյաբաբը վառվի, ոչ էլ՝ շիշը:

Լավ բերք աճեցնելու համար լավորակ սերմեր են հարկավոր, այլապես նախորդ տարվա պատմությունը կկրկնվի: Գործարանի սեփականատերը խոստացավ ապահովել սերմերով: Ակնալճի գյուղապետ Գևորգ Միսակյանն առաջարկեց հստակեցնել սերմերի ձեռք բերման պայմանները:

Արմավիրի մարզի  յուրաքանչյուր վերամշակող ձեռնարկության ղեկավար սովորաբար ձեռք է բերում հողատարածք և իր աճեցրած բերքն է վերամշակում սեփական գործարանում, քիչ քանակությամբ էլ գյուղացուց է գնում: Արարատ սննդի կոմբինատի տնօրեն Երվանդ Թարվերդյանը կողմ չէ դրան, ասաց, որ կարող է, սակայն իր նպատակն է օգնել գյուղացուն՝ թող գյուղացին իր գործն անի, վերամշակող գործարանն էլ՝ իր, երկուսիս նպատակն էլ նույնն է՝ փող աշխատել:

Ցուցադրել ավելի
Back to top button