Հասարակություն

Աշխատանք ունենալը մարդուն սոցիալապես ավելի պաշտպանված չի դարձնում


«Ռադիոլուրի» «Սոցիալական Հայաստան» շարքի առաջին ռեպորտաժը նվիրված էր հանրապետության երբեմնի արդյունաբերական քաղաքներից մեկի՝ Չարենցավանում հուսահատության, գործազրկության, առողջապահության խնդիրներին։ Սակայն պարզվում է, որ անգամ աշխատանք ունենալը մարդուն սոցիալապես ավելի պաշտպանված չի դարձնում։

Քնարիկ Եղիազարյանին հանդիպեցի Չարենցավանի Գառզուի անվան արվեստի դպրոցում: Կրթօջախի դռնապանն է: Տարիներ առաջ տեղի կաթսայատանն էր աշխատում նաև ամուսինը՝ Սամվել Ջհանգիրյանը: 2012 թվականի դժբախտ պատահարը սակայն ճակատագրական դարձավ երբեմնի խաղաղ և երջանիկ ընտանիքի համար:

Չնայած նեղ պայմաններին և փոքր բնակարանին, ամուսինները չեն դժգոհում: Միակ խնդիրը թերևս Սամվելի տեղաշարժն է: Չէ որ ապրում են բազմահարկ շենքի 2-րդ հարկում: Իսկ անվասայլակով տեղաշարժվելը, այն էլ առանց թեքահարթակի, բավականին լուրջ խնդիր է: Սամվելին հանդիպելու և նրա հետ զրուցելու համար կնոջ՝ Քնարիկի հետ միասին ուղևորվեցինք նրանց բնակարան:

Բակ իջնելու համար, իհարկե, Սամվելն օգնողների պակաս չունի: Չէ՞ որ կնոջից ու որդուց բացի, պատրաստակամ են օգնել նաեւ հարեւանները։ 58- ամյա Սամվելը հեռուստացույց էր նայում, երբ ներս մտանք: Սակայն, երևի թե հետուստացույցն իր հիմնական զբաղմունքն է օրվա ընթացքում, նաև սիրում է դարձ  խաղալ, որի թիրախը հարմարեցված է կողքի պատին: Եվ այդպես արդեն 5 տարի:

Սամվելն, իհարկե, մեծ հաճույքով կաշխատեր բակում՝ քաղաքապետարանի հատկացրած հողատարածքում: Գոնե կարողանար մի շինություն կառուցեր և գոնե կոշկակարությամբ զբաղվեր: Սակայն ֆինանսական միջոցները անգամ դեղերին չեն բավարարում: Թոշակն ընդամենը 37 000 է՝ ասում է:

Ամուսիններն այս մեկ սենյականոց բնակարանում ապրում են որդու հետ: Տղան մասնագիտությամբ տնտեսագետ է, սակայն, նկատենք, որ  տնտեսագետի աշխատանք գտնելն այնքան էլ հեշտ գործ չէ մի քաղաքում, որտեղ արդյունաբերությունը վաղուց արդեն անցյալում է, իսկ գործազուրկների թիվն օր օրի աճում է: Աշխատելու համար, իհարկե, որդին ունի այլընտրանք՝ մեկնել արտագնա աշխատանքի։ Բայց նախընտրում է մնալ հայրենիքում և օգնել ծնողներին: Աշխատանքի հարցում տղային օգնում է նաև  Չարենցավանի Գառզուի անվան արվեստի դպրոցի տնօրեն Տատյանա Սաղաթելյանը: Լավ ճանաչելով ծնողներին՝ Տատյանա Մարտինովնան վստահ է՝ կաթսայատանը հորն ավելի լավ փոխարինող չէր էլ կարող գտնել:

Ջհանգիրյանների ընտանիքը , ի դեպ, միակը չէ, որ առողջական և ֆինանսական խնդիրներ ունի: Երբեմնի արդյունաբերական քաղաքում այսօր գործազրկությունը մեծ թիվ է կազմում: Եթե մի մասին գոնե սեզոնային աշխատանքով օգնում են ծանոթներն ու բարեկամները, իսկ մյուսները հնարավորությունների սահմաններում արտագնա աշխատանքի են մեկնում, կա նաև մի զանգված, որ հուսահատությունից պարզապես լրացնում է ծայրահեղ չքավորների շարքը:

Ցուցադրել ավելի
Back to top button