Տնտեսական

Վարչապետը քննարկել է 6 մարզից 11 ներդրումային ծրագիրը

Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Շիրակի, Արարատի և Արագածոտնի մարզերից հավանության արժանացած 11 ներդրումային ծրագիր ներկայացրած գործարարների հետ քննարկել է դրանց հետագա իրականացմանը վերաբերող հարցեր:

Վարչապետին զեկուցվել է վերոնշյալ ծրագրերի ուսումնասիրության և օժանդակության տրամադրման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին. նշվել է, որ վարկավորման գործընթացն սկսվել է, ծրագրերի մեծ մասի համար վարկերն արդեն տրամադրման փուլում են:

Կարապետյանը հանդիպման մասնակից գործարարներից հետաքրքրվել է պատկան գերատեսչությունների հետ ներդրումային ծրագրերի հետագա ընթացքի առնչությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին:

«Մարզերից ներկայացվող ծրագրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ֆինանսավորման հիմնական բեռն ընկնում է պետության վրա, բայց մեզ պետք է, որ բիզնեսմենն իր վրա վերցնի բեռի 60, 70, 80 տոկոսը, և եթե 20, 30 տոկոսն է պակասում, մենք համեմատաբար փոքր գումարներով փորձենք աշխուժացնել: Մենք ուզում ենք, որ դուք զարգանաք, հաջողակ լինեք, բայց մեր շահն էլ հասկացեք, ես այս բիզնեսի մեջ ուզում եմ ձեզ օգնել, որպեսզի վաղը, մյուս օրը եթե կարողանաք մակրոէֆեկտ տալ, շարունակենք», — ասել է վարչապետը:

Ներկայացված ներդրումային ծրագրերը հետևյալն են՝ Լոռու մարզի Ամրակից համայնքում ֆերմերային տնտեսության և Վանաձոր քաղաքում «Ռոզֆռուդ» արտադրամասի ընդլայնում, Տավուշի մարզի Իջևան քաղաքում ժամանակակից տեխնոլոգիաներով բազմաբերք ելակի արտադրության զարգացում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում շինշիլաբուծական տոհմային տնտեսության ընդլայնում և Վարդենիսի պանրի գործարանի զարգացում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում «Խելացի տուն համակարգի արտադրություն» և «Բասեն» հյուրանոցային համալիրի, առևտրի կենտրոնի կառուցում և հանրային սննդի կազմակերպում, Արարատի մարզի Մասիս քաղաքում սպանդանոցի ընդլայնում և թափոնների վերամշակման հոսքագծի կառուցում, Արագածոտնի մարզի «Ոսկեվազ» գինու գործարանի և զբոսաշրջության նոր ուղղությունների զարգացում, Աշտարակ քաղաքում մետաղի հղկումից ու մշակումից պատրաստվող իրերի արտադրության և Սաղմոսավան համայնքում «Էկոմյունիթի» էկոթաղամասի հիմնում:

ՀՀ վարչապետի գլխավորությամբ ՀՀ մարզային այցելությունների արդյունքում ձևավորվել են մոտ 200 մլրդ դրամի ծրագրային փաթեթներ:

Ցուցադրել ավելի
Back to top button