ԿարևորՀասարակություն

«Սոցիալական Հայաստան» ռեպորտաժների շարք. առաջին հերոսը Անդրանիկն է


Օրեր առաջ հուսահատությունը Հանրային ռադիո էր բերել մի քաղաքացու: Նա  իր երեխայի բուժման և սոցիալական անվերջ թվացող խնդիրների լուծման համար այլևս միակ հասցեատեր համարում էր լրագրողներին: Գործազուրկ երիտասարդը բնակվում է Չարենցավանում կնոջ և 2 մանկահասակ երեխաների հետ միասին: «Ռադիոլուրը» գնաց նրա բողոքի հետքերով և Չարենցավանում՝ Հայաստանի երբեմնի արդյունաբերական կենտրոններից մեկում, ականատես եղավ սոցիալական բազմաթիվ ծանր խնդիրների: Ու  հենց այս այցի արդյունքում էլ ծնվեց «Սոցիալական Հայաստան» շարքի գաղափարը: Այսօր  «Ռադիոլուրը» ներկայացնում է շարքի առաջին ռեպորտաժը:

 

Առաջին հայացքից չկողմնորոշվեցի, թե որն է այն քաղաքացու բնակարանը, ով մի քանի օր առաջ հուսահատությունից Չարենցավանից եկել հասել էր Երևան՝ Ռադիոտուն։ Շքամուտքի բոլոր 4 դռներն էլ նոր էին և նման չէին օգնություն խնդրող քաղաքացու դռան:

Ինչպես նշեցի, այդպիսին էր տպավորությունս, բայց միայն առաջին հայացքից և մինչև այն պահը, երբ բացվեց դուռը: Անգամ չհասկացա, թե ինչն էր ավելի ազդեցիկ՝ աննկարագրելի խոնավության հո՞տը, սաստիկ ցո՞ւրտը, թե՞ միջանցքը հյուրասենյակից բաժանող մաշված սավանե վարագույրի հետևից երևացող մանկան անհամբեր հայացքը:

Անդրանիկն այս բնակարանում ապրում է կնոջ և երկու մանկահասակ երեխաների հետ: Բնակարանը 5 տարի առաջ է գնել: Ճիշտ է՝ իր երազածը չէր, բայց կարող էր այն որոշ չափով վերանորոգել և իր նորաստեղծ ընտանիքով բնակվել այստեղ: Սակայն մոր հիվանդության պատճառով կուտակած ողջ գումարը ծախսում է դեղորայքի և հիվանդանոցի վրա:

Եվ իսկապես՝ ցրտահարվելու հավանականությունը մեծ է մի տան մեջ, որտեղ ավելի ցուրտ է, քան՝ դրսում: Դրսում գոնե արև կա:

Շատ ցուրտ էր նաև ննջարանում, որի պատերը խոնավությունից բորբոսով էին պատված: Իսկ բաղնիքն ու զուգարանն ընդհանրապես քարուքանդ վիճակում էին:

«Փարոս» իհարկե հասնում է ընտանիքին, բայց 29 հազարը հազիվ կոմունալ ծախսերին է բավականացնում: Անդրանիկը խոստովանում է՝ պատրաստ է ցանկացած աշխատանք կատարել, բացի ծանր ֆիզիկական աշխատանքներից, առողջությունը չի ներում:

Առաջնայինը, իհարկե, երեխայի բուժման հարցն է: 1-ին և 2-րդ կարգի ցրտահարության համար քաղաքային պոլիկլինիկան չորսամյա Լուսինեին ուղեգրել է Երևանի Արաբկիր բժշկական կենտրոն, որտեղ բավականին թանկարժեք դեղորայք են նշանակել երեխայի բուժման համար: Թե ինչու անհրաժեշտ դեղորայքը պոլիկլինիկան չի տրամադրել՝ հետաքրքրվեցինք հենց բժշկական հաստատությունից: Չարենցավանի բժշկական կենտրոնի առողջության առաջնային պահպանության գծով փոխտնօրեն Վարդուհի Մարգարյանը դժվարությամբ հիշեց աղջնակին: «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ դեղորայքը վճարովի չէր կարող լինել երեխայի  համար: Կամ իրականում իրենց չեն դիմել, կամ էլ ինչ- որ թյուրիմացություն կա այստեղ:

Թյուրիմացությունը պարզելու նպատակով հենց տեղում զանգեցի Անդրանիկին:

Դեղորայքի խնդիրը կարծես պարզվեց: Ինչ վերաբերում է աշխատանքին: Չարենցավանում Անդրանիկը ոչ միայն միակը չէ, որ աշխատանք չունի։ Երբեմնի արդյունաբերական այս քաղաքում այսօր  գործազրկությունը մեծ տոկոս է կազմում: Թե ինչ թափուր աշխատատեղեր կան Չարենցավանում, հետարքրվեցինք քաղաքապետարանից: Քաղաքապետի օգնական, հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սուրեն Մուրադյանը հայտնեց, որ քաղաքապետարանն իր ենթակա ձեռնարկություններով բավականին աշխատատեղեր է ապահովում, որոնցից մի մասը սեզոնային են:

Նշենք, որ 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ գրանցված գործազուրկները 2033-ն են։ Միայն անցյալ տարի գրանցվել է 532 նոր գործազուրկ։

Սա «Սոցիալական Հայաստան» շարքի «Ռադիոլուրի» առաջին հաղորդումն էր։

Ցուցադրել ավելի
Back to top button