Հասարակություն

Սարի թաղում ձերբակալվածների հարազատները բողոք-երթ են իրականացրել


Սարի թաղում հուլիսի 19-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորվածների հարազատներն այսօր Երեւանում բողոքի ակցիա էին կազմակերպել:  Նրանք նամակներ հանձնեցին մի քանի դեսպանատների, պետական մարմինների, ասացին՝ պայքարելու են այնքան ժամանակ, քանի դեռ  իրենց հարազատները ազատ չեն արձակվել։ Անգամ հայտարարեցին՝ պատրաստ են փակել Սարի թաղ տանող բոլոր ճանապարհները։

 

2016 թ  հուլիսի 19-ին Սարի թաղից և հուլիսի 20-ին Խորենացի փողոցից ձերբակալված քաղաքացիների հարազատների բողոք-երթի ժամանակ ևս  մեկ անգամ բարձրաձայնեց, որ արդարադատության համակարգը մեր երկրում կաղում է։  Հիշեցենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբի` ՊՊԾ գունդը գրավելու ընթացքում Սարի թաղի բնակիչներն ընդհարումներ ունեցան ոստիկանների հետ, ինչի արդյունքում մարդիկ բերման ենթարկվեցին, որոշների նկատմամբ էլ քրեական գործեր հարուցվեցին։ Եվ արդեն 7-8 ամիս է 10- ը սարիթաղցիներ անազատության մեջ են՝ տարբեր մեղադրանքներով։  Ցուցարարները պնդում են,  որ հուլիսի 19-ին իրենց բողոքը եղել է սոցիալական, քանի որ նրանք զրկված են եղել ջրից, գազից և տրանսպորտից:  Ցուցարարների առաջին կանգառը ԱՄՆ դեսպանատուն էր, ուր նրանք  իրենց բողոք- նամակը հանձնեցին դեսպանատան աշխատակցին:

Մասնակիցները դեսպաններից պահանջում են վերահսկողության տակ պահել իրենց հարազատների կալանավորման հարցը եւ աջակցել արդարության բացահայտման եւ նրանց ազատ արձակման հարցում:  Նամակում նրանք նշել են, որ տվյալ քրեական գործերում քաղաքացիների կողմից կատարված արարքները առանձնացված չեն, տուժողները չեն ճանաչում մեղադրվողներին, դատավորները կամայական վճիռներ են կայացնում։

Այնուհետև  ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի Ֆրանսիայի, ապա Ռուսաստանի դեսպանատուն: Այստեղից նրանք ուղեւորվեցին դեպի գլխավոր դատախազություն։ Ցուցարարների նամակն ընդունեց դատախազության քարտուղարության պետ Ռոման Սմբատյանը:

Նամակների  վերջին կանգառը նախագահական նստավայրն էր, որտեղ եւս նրանք հանձնել են իրենց բողոք- նամակը։

Ցուցադրել ավելի
Back to top button