ԿարևորՔաղաքական

ՀՀ զինուժն առավել քան մարտունակ է. Վիգեն Սարգսյան

Հայաստանի զինված ուժերի պատրաստությունն իրականացվում է շատ բարձր մակարդակով: Ռիա նովոստի-ին տված ծավալուն հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Հայաստանում կառավարման համակարգի որակը շատ բարձր է, զինուժի սպայական կազմը և բոլոր այն մարդիկ, որոնք ներգրաված են զինուժի կառավարման համակարգ, շատ լուրջ մարտական ուղի են անցել, ունեն ակադեմիական ռազմական կրթություն, և ես վստահ եմ, որ տարածաշրջանին ծանոթ փորձագետների համար գաղտնիք չէ,  որ Հայաստանի զինուժի պատրաստվածության մակարդակը էականորեն գերազանցում է «մարտունակ» արտահայտությանը»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով, պաշտպանության կազմավորման գործում շատ կարևոր է նախապատվությունը տալ ոչ թե քանակին, այլ որակին:

«Դա, մասնավորապես, վերաբերում է սպառազինությունների գնման համակարգին, գործընկերներ փնտրելու արդյունավետությանը և այնպիսի սպառազինությունների ներդրմանը, որոնք ունակ են համարժեք պատասխանել առկա ռիսկերին ու սպառնալիքներին», — ասել է Վիգեն Սարգսյանը:

ՀՀ Պաշտպանության նախարարը ներկայացրել է, թե որ դեպքում Հայաստանը գործի կդնի «Իսկանդեր» համակարգերը։

«Հայաստանը «Իսկանդեր» համակարգերը գործի դնելու մասին որոշում կկայացնի կախված իրավիճակի զարգացումից»:

«Ես կարող եմ ներկայացնել ալգորիթմը: Այդ զենքի նշանակությունը և պարամետրերը թույլ են տալիս անուղղելի վնաս հասցնել այն երկրի ենթակառուցվածքներին, որի դեմ կարող է կիրառվել: Հետևաբար, «Իսկանդեր» համակարգերի կիրառման մասին որոշումը սերտորեն պայմանավորված է լինելու իրավիճակի զարգացմամբ: Ամեն դեպքում մենք այն դիտարկում ենք որպես երաշխավորված հարվածի զենք, եթե լինի նման անհրաժեշտություն: Այն առաջին հերթին զսպման զենք է: Ակնհայտ է, որ իրավիճակի զարգացումը կարող է թելադրել մոտեցումների վերանայում, բայց սկզբունքորեն, իր գաղափարով ու հնարավորություններով այնպիսի զենք է, որ  պետք է հովացնի ցանկացած  տաք գլուխ որոշումների կայացման առումով»,-ասել է նա:

Աղբյուրը հիշեցնում է, որ «Իսկանդեր»-ները ներկայացվել են անցած տարվա սեպտեմբերի 21-ին՝ Անկախության 25-ամյակին  նվիրված ռազմական շքերթի ժամանակ: Սակայն որոշ տվյալների համաձայն, դրանք հայկական զինված ուժեր են բերվել ավելի վաղ ու մարտական պատրաստվածության են բերվել դեռ ապրիլին:

Հայաստանը կշարունակի սպառազինություն ձեռք բերելու երկխոսությունը Ռուսաստանի հետ, ասել է նախարար Սարգսյանը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի ռազմատեխնիկական ներուժի այն դինամիկան, առաջընթացը, որը նկատվում է վերջին տարիներին, խորը հարգանք է առաջացնում և ցանկություն՝ զարգացնել այդ համագործակցությունը:

«Մի շարք ուղղություններով պայմանագրերն իրականացվել են վաղաժամ, և դա նույնպես ուրախացնում է: Մենք կշարունակենք ռուսական կողմի հետ երկխոսությունը ռուսական շուկայից նոր սպառազինություն ձեռք բերելու հնարավորթւայն շուրջ: Հաշվի առնելով այն, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում ենք մենք այն ձեռք բերում՝ ռուսական բանակի ներքին գներով, և հաշվի առնելով նաև արտոնյալ վարկերի առկայությունը, միանշանակ, նման համագործակցության ներուժն աճում է: Մենք շահագրգռված ենք դրանում»,- ընդգծել է ՀՀ պաշտպանության նախարարը:

Ցուցադրել ավելի
Back to top button