Քաղաքական

Արդյոք հանրությունը կհավատա «այլընտրանք»-ին


Եթե մեր հասարակությունը հավատա այն բանաձեւերին, թե այսօրվա քաղաքական ուղղությունը ճիշտ է, բայց անձինք լավը չեն, ապա՝ որեւէ քաղաքական ուժ անելիք չունի՝ այս կարծիքին է Ազատ դեմոկտարտներ կուսակցության նախընտրական ցուցակով պատգամավորության թեկնածու Ստեփան Սաֆարյանը: Նրա խոսքով՝ հանրությունը ճիշտ ներկայացված այլընտրանքը կգնահատի: Այլընտրանք առաջարկում են նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակից, գրեթե, բոլոր ուժերը: Այդ ուժերից մի քանիսի ներկայացուցիչներն այսօր նույնպես հանդիպել էին լրագրողների հետ՝ կիսելով իրենց դիտարկումները նախընտրական գործընթացների վերաբերյալ եւ հիմնավորելով իրենց ներկայացրած քաղաքական ուժերի առավելություններն ու ծրագրերի իրատեսությունը:

 

 

Նոր կառավարման համակարգում խորհրդարանը շատ բան է որոշելու, եւ եթե քաղաքացիներն ուզում են շատ բան տեսնել փոփոխված, ապա չպետք է տուրք տան այն  բանաձեւին, թե՝ բոլորդ միացեք նոր ընտենք՝ այսօր հայտարարել է Ազատ դեմոկրատներ կուսակցության ցուցակում տեղ գտած պատգամավորության թեկնածոը Ստեփան Սաֆարյանը: Խորհրդարանական ընտրություններում Ազատ դեմոկրատների հիմնական մրցակիցը, ըստ նրա, ՀՀԿ-ն է եւ նրա վարած քաղաքականությունը:

«Վստահ եմ, որ մեր հասարակությունն այլընտրանքը, եթե ճիշտ է մատուցվում, այն գնահատելու է: Ազատ դեմոկրատների թիմի առավելագույն նպատակն անշուշտ այնպիսի քվե ստանալն է, որը նրան տա իշխանությունը փոխելու իրավունք: Մենք ներկայացրել ենք լավ թիմ, չկա նեգատիվ: Կարող եմ վստահաբար ասել, որ նման ընկալումը հասարակության կողմից մեզ լուրջ հաջողության հնարավորություն տալիս է»:

Միաժամանա Ստեփան Սաֆարյանը շեշտեց, թե Հայաստանում չկա մի կուսակցություն, որը կարող է գլուխ գովել, թե անխնդիր հաղթահարելու է խորհրդարանական ընտրությունների շեմը: Կա անտարբերություն, օտարվածություն բոլոր քաղաքական թիմերի նկատմամբ՝ համոզմունք հայտնեց բանախոսը:

ՍԻՄ նախագահ, ԱԺ հանրապետական խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը, սակայն, կարծում է, որ մի շարք հանգամանքներից ելնելով ընտրողը պետք է ձայն տա Հանրապետական կուսակցությանը:

«Կարծում եմ, որ այն ցուցակը, որը ներկայացրել է ՀՀԿ-ն  ընտրողների դատին, արդեն իսկ մի քանի մեսիջ այս ուղղությամբ փոխանցում է ընտրողներին: Առաջինը՝ ՀՀԿ-ն գնում է դեպի պրոֆեսիոնալ պառլամենտ, երկրորդ՝ կա նաեւ սահուն բարեփոխումների մեսիջը եւ երրորդ՝ նոր մարդկանց, նոր դեմքերի ասպարեզ տալը: Սա շատ կարճ՝ այն մեսիջներն են, որ փոխանցեց այդ ցուցակը»:

Հայկ Բաբուխանյանը հավելեց, թե ընտրություններում ինքը հանրապետական կուսակցության մրցակից է համարում բոլոր այն ուժերին, որոնք կգրանցվեն: Որեւէ մեկին ոչ գերագնահատում ենք, ոչ էլ թերագնահատում` շեշտեց նա՝ հավելելով, թե՝, բոլորն ունեն իրենց հնարավորությունները, իրենց ծրագրերը, դրանք մրցակցության մեջ կմտնեն եւ ընտրողները կկատարեն իրենց ընտրությունը:

Դիտարկմանը, որ այս ընտրություններում հանրապետականն ինքն իր դեմ է պայքարում՝ Հայկ Բաբուխանյանը չհամաձայնեց: Ասաց, որ ռեյտինգային համակարգը թույլ է տալիս ընտրողին էլ ավելի մանրակրկիտ ընտրություն կատարել ներկայացված թեկնածուների միջեւ:

«Չեմ կարծում, որ դա վատ է, երբ որ ընտրողը հնարավորություն է ունենում կատարելու ավելի մանրակրկիտ ընտրություն»:

Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան դաշինքի ներկայացուցիչ Սուսաննա Մուրադյանը կարծում է, որ հանրությունը կհասկանա, թե ինչո՞ւ է պետք իրենց ձայն տալ, երբ կներկայացնեն իրենց ծրագիրը: Մի քանի տարբեր ոլորտների խնդիրները լուծելու ուղղությամբ նա ներկայացրեց դաշինքի մոտեցումները.

«Ամրագրել ենք ծրագրային կարեորագույն կետեր, նաեւ՝ կատարողների մասնակցությունն այդ կետերին: Այս պահին արդեն մենք գիտենք, թե ովքե՞ր, ո՞ւմ միջոցով. նաեւ հասարակությունում հայտնի, բայց քաղաքական պատճառներով տնտեսությունից, քաղաքականությունից, արտաքին քաղաքականությունից հեռացված, մեկուսացված մարդիկ, ովքեր պետք է մասնակցեն այդ ծրագրերի իրականացմանը»:

Բոլորն էլ ունեն ծրագրեր: Հասարակությունը պետք է դատապարտի բոլոր այն ձախողված գործիչներին,  ովքեր ընդդիմություն են՝ շեշտեց «Ելք» դաշինքի անդամ Մանե Ղանդիլյանը: Նրա խոսքով՝ իրենք, ծրագրերից զատ, նաեւ ունեն այլ օրակարգ՝ խստորեն հետեւելու են առողջ սերնդափոխության իրականացմանը քաղաքական դաշտում:

Բերում ենք նոր մոտեցումներ, նոր պետության տեսլական՝ հավելեց «Ելք» դաշինքի անդամը՝ հակիրճ նկարագրելով այդ պատկերացումները, շեշտեց, թե դա է այն մեխանիզմը, որոնք Հայաստանը կդարձնեն մի պետություն, որտեղից չեն արտագաղթում եւ ետ են վերադառնում:

Նոր մոտեցումների, նոր մոդելի մասին է բարձրաձայնում նաեւ ՀՎԿ-ն: Կուսակցության  ներկայացուցիչ Կարեն Թումանյանն այսօր խոսեց իրենց ծրագրերի մասին:

«Կարծում եմ, որ հին մոտեցումներն այլեւս իրենց չեն արդարացնում: Մեզ պետք են նոր մոտեցումներ: մենք այդ նոր մոտեցումներն անպայման կտանք»:

Այդ հին մոտեցումներում մասնակից է եղել նաեւ Արթուր Բաղդասարյանը՝ լրագրողները հիշեցրին ՀՎԿ-ի ներկայացուցչին: ՕԵԿ-ի անցյալից չենք հրաժարվում, այն ՀՎԿ-ի մաս է, բայց ՀՎԿ-ն նոր ուժ է՝ եղավ արձագանքը: Կարեն Թումանյանի գնահատմամբ՝ Արթուր Բաղդասարյանն էլ եզակի գործիչներից է, որն ունի օգտակար մեծ փորձ: Տեսակետը չկիսեց «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Մանե Ղանդիլյանը՝ շեշտելով, թե հանրությունը պետք է առաջին հերթին դատապարտի բոլոր ձախողված գործիչներին, որոնք հիմա ընդդիմություն են:

Ցուցադրել ավելի
Back to top button