Հասարակություն

Հիպոթեք չի տրամադրվի առանց կանխավճարի.Քարամյան


ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» Հ/Կ  նախագահ Արսեն Քարամյանն ու «Արարատ» բանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության ծրագրի շահառուների վարկավորումն իրականացնելու վերաբերյալ։ Կառուցման ընթացքի մեջ է «Ավան-5» համալիրը, որը շահագործման կհանձնվի 2018 թվականին։ Իսկ ընթացիկ տարվա ապրիլ-մայիս ամիսներին կմեկնարկի ավելի մեծ, տարողունակ ծրագիր Քանաքեռ-Զեյթուն համայնքում։ Ծրագիրն իրականցվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո: Մեկ տարուց ավելի է, ինչ ակտիվորեն քննարկվում է նաև մեկ այլ՝ սոցիալական  բնակարանային ծրագիր, որն առավել հայտնի է բնակարան առանց կանխավճարի անունով: Հնարավո՞ր է արդյոք այն կյանքի կոչել, ինչ են դրա մասին մտածում Կարեն Կարապետյանի կառավարությունում:

 

Մեր երկրում  երիտասարդ ընտանիքների մեծ  մասը  բնակարանի կարիք ունի:  Բանկային համակարգի ձևավորմանը զուգահեռ սկսեց ակտիվանալ հիպոթեքային շուկան: Սա բնակարանի կարիք ունեցողների մի մասին, հատկապես նրանց, ովքեր ունեն կայուն եկամուտ, ինչ- որ ձևով օգնեց, սակայն նույն այդ շահառուները դժգոհ էին կանխավճարի 30 տոկոսից, ինչպես նաև ամսական տոկոսադրույքներից:

2008թ  մեր երկրում ՀՀ նախագահի  հովանու ներքո մեկնարկել է «Մատչելի բնակարան երիտասարդ  մասնագետներին» ծրագիրը:  «Սա ամենակենսունակ ու թիրախավորված ծրագրերից մեկն  է»,- ասում է սպորտի ու երիտասարդության հարցերի փոխնախարար, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» Հ/Կ  նախագահ Արսեն Քարամյանը:  Ծրագիրը  երիտասարդ մասնագետներին  համեմատաբար  մատչելի  պայմաններով բնակարաններ է տրամադրում: Մեկ քառակուսի մետր բնակարանի արժեքը 570 դոլարին համարժեք դրամ է, այն 2008-ից ի վեր չի փոխվել՝ ասում է  փոխնախարարն ու հավելում՝ գումարը փոխվել  է՝ փոխարժեքի տատանումներով պայմանավորված:

Ընդհանուր  բնակարանաշինական ծրագրի արժեքը կազմում է վեց մլրդ դրամ: «Ծրագիրը բացի  բիզնեսից, ունի նաև սոցիալական պատասխանատվության  բաղադրիչ»,- ասում է ծրագրում ընդգրկված Արարատ բանկի գործադիր տնօրեն-վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը: Նրանք շահառուներին առաջարկում են 10-20  տոկոս կանխավճարով, 7,95 տոկոս տարեկան տոկոսադրույքով դրամային վարկեր՝ կոնկրետ այս ծրագրի համար: Վարկը կտրամադրվի մինչև 20 տարի ժամանակով:

Կառուցման ընթացքի մեջ է «Ավան-5» համալիրը, որը շահագործման կհանձնվի 2018 թվականին։ Իսկ ընթացիկ տարվա ապրիլ-մայիս ամիսներին կմեկնարկի ավելի մեծ, տարողունակ ծրագիր Քանաքեռ-Զեյթուն համայնքում։

Ի դեպ, Քանաքեռ-Զեյթունում կառուցվելու է մարզաառողջարանային կենտրոն` մոտ 5500 քմ տարածքով։ Այն բոլոր շահառուները, որոնք մասնակցել են «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» ծրագրին, ծառայությունները կստանան մատչելի գներով։ Այսինքն՝ դրանք միջին աշխատավարձ ստացողի համար հասանելի կլինեն։

«Մենք մտադիր ենք այստեղ օգտագործել արևային էներգիայի լայն սպեկտորը։ Մարզակառույցը պետք է ունենա արևային էներգիայի սնուցման ուժեղ կայան»:

Մոտ մեկ տարի առաջ ակտիվորեն  շրջանառվում էր  մեկ այլ սոցիալական ծրագիր նույնպես՝ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունն  խոստանում էր բնակարաններ՝ առանց կանխավճարի: Արսեն Քարամյանն այսօր էլ կարծիքը չի փոխել:

«Հիպոտեք առանց կանխավճարի, չի լինելու նման բան»:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում  չի բացառում, որ Հայաստանը հետևի Մեծ Բրիտանիայի օրինակին:

Միջոցներն ու ռիսկերը գնահատելիս է, որ մեր երկրի գլխավոր ֆինանսիստը խոստովանում է՝ ամենամեծ խնդիրն այն է, որ ադեկվատ չենք գնահատում մեր հնարավորությունները: Արամյանն առաջարկում է ճիշտ գնահատել սեփական կարողություններն ու հնարավորությունները:

Back to top button