Տնտեսական

ՀՀ կառավարությունը շահագրգռված է եվրոպական բիզնեսի հետ համագործակցությամբ. Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա է գտնվել Եվրոպական բիզնես ասոցիացիայի տարեկան ամփոփիչ հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ-ում ԵՄ անդամ-պետությունների դեսպաններ, ասոցիացիայի անդամ մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ:

Կառավարության ղեկավարը ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նշել է, որ ՀՀ կառավարությունը հետաքրքրված է  եվրոպական բիզնեսի հետ հարաբերությունների ընդլայնմամբ: «Մենք չափազանց շահագրգռված ենք, որպեսզի բոլորդ Հայաստանի Հանրապետությունում զգաք ապահով, կատարեք ներդրումներ, ստեղծեք աշխատատեղեր, վճարեք հարկեր և հարստանաք: Մենք պատրաստ ենք կամայական հարթակում քննարկել ձեզ հուզող բոլոր խնդիրները, նախաձեռնություններն ու առաջարկությունները»,- ընդգծել է վարչապետը՝ Եվրոպական բիզնես ասոցիացիայի ներկայացուցիչներին մաղթելով արդյունավետ աշխատանք:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ բաց քաղաքականություն իրականացնելու և բիզնեսի առջև բաց լինելու համար: Դեսպանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը վերջին շրջանում ընդունել է բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված տարբեր որոշումներ, որոնք կնպաստեն ներդրումների ներգրավմանը: Սվիտալսկիի խոսքով՝ Եվրոպական միությունը և բիզնես համայնքը պատրաստ են Հայաստանի հետ հետագա համագործակցության զարգացման ու խորացման:

 

Ցուցադրել ավելի
Back to top button