Քաղաքական

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդների մի մասը Հայաստանում է


Թեեւ Հայաստանում դեռ չի մեկնարկել քարոզարշավը, բայց եվրոպացի դիտորդներն արդեն սկսել են իրենց աշխատանքը: Առաքելության ընթացքում դիտորդները հանդիպելու են համապատասխան մարմինների եւ քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների եւ միջազգային հանրության ներկայացուցիչների հետ: Վստահ են, որ ունեն բավարար ներուժ եւ տեղեկություններ հիմնավոր դիտորդական առաքելություն իրականացնելու համար:

 

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին հետեւելու նպատակով եվրոպացի դիտորդների մի մասն արդեն Հայաստանում է: 14 հոգանոց կազմով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդները տեղավորվել են Երեւանի կենտրոնում գտնվող «Հիլթոն» հյուրանոցում եւ երեկվանից արդեն պաշտոնապես սկսել են աշխատել: Արդեն հանդիպումներ են ունեցել արտգործնախարարությունում եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում՝ առաքելության պաշտոնական մեկնարկի առնչությամբ հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց առաքելության ղեկավար դեսպան Յան Պետերսենը: Այս գործչի առումով հայտնի է այն, որ նա 2014-ին գլխավորել է ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը Մոլդովայում, 2015-ին՝ Լեհաստանում, 2016-ին՝ Մակեդոնիայում եւ Ռուսաստանում: Ընդհանուր առմամբ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի դիտորդները հայկական ընտրություններին հետեւելու են 11-րդ անգամ, դիտարկումն իրականացնում են ստանդարտ մեթոդաբանության համաձայն, որը մշակվել է ԵԱՀԿ մասնակից պետության 300 ընտրության դիտարկման հիման վրա:

Եվրոպացի դիտորդների խումբը ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններում մեծաթիվ է լինելու: Այն կազմված է հիմնական թիմի 14 փորձագետից, որոնք ներկայացնում են 13 պետություն: Հաջորդ շաբաթ Հայաստան են ժամանելու եւս 28 երկարաժամկետ դիտորդներ: Նրանք տեղակայվելու են երկրի ողջ տարածքում եւ աշխատելու են երկու հոգուց բաղկացած թիմերով: Իսկ կոնկրետ ընտրությունների օրը ընթացքին հետեւելու է արդեն 250 կարճաժամկետ դիտորդ:

Առաքելության ղեկավար Յան Պետերսենն էր: Վստահեցնում է, որ  լավատեղյակ են մեր երկրում կատարվող բոլոր իրադարձություններին՝ թե օրենսդրական բարեփոխումներին, թե ներքաղաքական զարգացումներին:

Արդյո՞ք նոր ԸՕ-ում տեսել են մտահոգիչ կետեր, ինչպես են վերաբերվում օրինակ՝ «ռեյտինգային» ընտրակարգին, տեղամասերում տեսանկարահանումներին, ընտրողների ստորագրված ընտրացուցակների հրապարակմանը եւ նախորդ ընտրությունների դիտարկումներից ելնելով հատկապես ինչի վրա են ուշադրություն դարձնելու: Այս եւ մնացած մյուս հարցերն այսօր մնացին անպատասխան: Յան Պետերսերնն այս փուլում հրաժարվում է նույնիսկ սեփական կարծիքը բարձրաձայնել:

Ահա այսպես, առանց մեկնաբանությունների անցավ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության առաջին ասուլիսը։ Վերջինը կլինի ապրիլի 3-ին՝ ընտրությունների հաջորդ իսկ օրը:  Յան Պետերևսենի խոսքով, մամուլի ասուլիսի միջոցով կներկայացնեն քվեարկության վերաբերյալ նախնական դիտարկումները, որը կլինի համախմբված զեկույց ԺՀԻՄԳ-ի, ԵՄ խորհրդարանի, Եվրոպայի խորհրդի կողմից։ Եվրոպացի դիտորդների վերջնական զեկույցը պատրաստ կլինի ընտրություններից 2 ամիս հետո:

 

Յան Պետերսենն ասաց, որ վերջնական զեկույցում եղած «առաջարկությունները հաշվի առնելը կամ չառնելը, դրանց հիման վրա գործողություններ կատարելը կամ չկատարելը արդեն Հայաստանի իշխանությունների, կառավարության եւ քաղաքական կուսակցությունների գործն է»:

Ցուցադրել ավելի
Back to top button