Քաղաքական

Բոլորն ասում են պետք է ուղղել, բայց չեն ասում թե ինչպես


Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ նախընտրական գործընթացներին են անդրադարձել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Կիսելով իր տպավորությունները՝ Արամ Մանուկյանը շեշտել է, թե շատ քաղաքական գործիչներ և կուսակցություններ ցանկանում են իշխանություն մտնել ցանկացած գնով և դրանով դաշինքները ձևավորեցին: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար  Արմեն Մարտիրոսյանն այսօրվա ասուլիսում շեշտել է, թե հույս ունի, որ ինչ-որ ժամանակ հետո իրեն բախտ չի վիճակվի հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ բարիկադի մի կողմում լինել: Արմեն Մարտիրոսյանի գնահատմամբ, սակայն, Հայաստանն այնպիսի երկիր է, որտեղ հնարավոր են ամենատարբեր, անգամ աներևակայելի դաշինքներ: Սա հայտարարելով՝ Արմեն Մարտիրոսյանը միաժամանակ մեկնաբանել է «Ժառանգություն»-ից հեռացած Զարուհի Փոստանջյանի հայտարարություն-գնահատականը, թե կուսակցությունը հեռացել է իր սկզբունքներից եւ ուղուց:

Ինչպես հայտնի է՝ նախօրեին «Ժառանգությունը» լքելու հայտարարությամբ է հանդես եկել «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը` հայտնելով, որ կուսակցությունը շեղվել է ծրագրային դրույթներից և որ քաջություն չունեն ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին հանդես գալ սեփական անվամբ: Անդրադառնալով այս փաստին՝ Արմեն Մարտիրոսյանն ասաց, թե խորին հարգանքով է վերաբերում Զարուհի Փոստանջյանի որոշմանը և միասին անցած քաղաքական ճանապարհին:

«Իր դուրս գալը «Ժառանգությունից», իհարկե, ծափողջյուններով չէ, որ կարելի է դիմավորել: Բայց համամիտ չեմ այն տեսակետի հետ, որ արտահայտեց, որ մենք մեր սկզբունքներից, գաղափարախոսությունից հեռացել ենք»:

Դա հնարավոր չէ անգամ տեխնիկապես, որովհետև բոլոր այն անձինք, ովքեր հիմնել են «Ժառանգություն» կուսակցությունը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ, կայացրել են այն որպես կուսակցություն, շարունակում են մնալ կուսակցությունում՝ հավելեց բանախոսը:

«Կյանք է, հնարավոր է՝ մեր ճանապարհները, էլի խաչաձևվեն: Որեւէ մեկը ակնհայտորեն չէր պատկերացնում սրանից մի քանի տարի առաջ, որ  Րաֆֆի Հովհաննիսյանը, Վարդան Օսկանյանը, Սեյրան Օհանյանը մի օր կարող են մեկ դաշինքում լինել։ Բայց քաղաքական պայքարը բերում է նրան, որ ինչ-որ ժամանակ անհավանական դաշինքներ են լինում»:

Վերջին շրջանում «Ժառանգությունը» լքել էր նաեւ Անահիտ Բախշյանը: Նա արդեն «Ազատ դեմոկրատների» համամասնական ցուցակում է:

Նախընտրական գործընթացներին այսօր անդրադարձավ նաեւ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նա ասաց, որ սկզբում այնպիսի տպավորություն ուներ, թե շատ քաղաքական գործիչներ և կուսակցություններ ցանկանում էին իշխանություն մտնել ցանկացած գնով և այդ սկզբունքով դաշինքները ձևավորեցին:

«Այնուհետև հասկացան, որ արհեստական վինիգրետը չի ձգում և սկսեցին թռնել՝ դուրս գալ: Հետո փորձեցին այլ դաշինքներ մտնել: Ես դա գնահատում եմ այս ընտրությունների ամենաբացասական կողմերից մեկը, երբ սկզբունք չկար, կար ընդամենը չոր նպատակ՝ հայտնվել պառլամենտում, որտեղ 60 տոկոսը ոչինչ չի անում: Պատգամավորներ կան, որ եթե ուզում են միացնեն կոճակը, որ խոսեն, չգիտեն այդ կոճակի տեղը: Ամբողջ քաղաքական դաշտը զբաղված է մեյմունությամբ: Մորեխի նման թռնում են տեղից տեղ, միայն թե հայտնվեն այդ աթոռի վրա»:

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նաեւ կարծիք հայտնեց, որ նախընտրական այս փուլում բացարձակապես գաղափարական հայտեր չեղան. քաղաքական ուժերը չեն ներկայացնում, թե ինչպիսի՞ զարգացում են պատկերացնում, ի՞նչ ուղղություն են քարոզելու:

 

Միակը, որ բժշկի կեցվածքով դառը անալգին է առաջարկում քաղաքացիներին, Հայ ազգային կոնգրեսն է՝ իր ներկայացրած քաղաքական ուժի առավելությունը պատկերավորեց Արամ Մանուկյանը:

Կարեւորն այդ խնդրի լուծումն է: Մենք նույն կերպ ենք տեսնում դա եւ համագործակցում ենք, այսինքն՝ համագործակցում ենք ոչ թե անձերի հետ, այլ խնդրի շուրջ՝ պարզաբանեց Արմեն Մարտիրոսյանը: Նա այսօր նաեւ հակադարձեց լրագրողների որոշ դիտարկումների՝ շեշտելով, թե Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նախկինում միմյանց չեն վիրավորել: Նրա խոսքով՝ պետք չէ շահարկել դա միայն այն պատճառով, որ ժամանակին քաղաքական գործիչները քննադատել են միմյանց: Մինչդեռ հիմա միավորվում են մարդիկ, որոնք ոչ թե քննադատել, այլ բացահայտ վիրավորել են միմյանց: Իսկ այս դեպքում նման բան չի եղել՝ եզրափակեց  «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button