Հասարակություն

5 մլրդ դրամ՝ մարզերի կարևորագույն խնդիրների լուծման համար


Գործադիրում որոշել են  կրճատումների ու օպտիմալացման արդյունքում տնտեսված գումարների մի մասն ուղղել  մարզերի հրատապ խնդիրների լուծմանը: Պահուստային ֆոնդից կառավարությունն այս փուլում 5 մլրդ դրամ կհատկացնի: Գումարի նկատմամբ վերահսկողությունը խիստ  է լինելու: Սյունիքի ու Լոռու մարզպետերը «Ռադիոլուրի» հետ զրույցում մատնանշել են հրատապ լուծում պահանջող  խնդիրները, բնակիչների համար առաջնահերթություններն այլ են:


Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում աղքատ է բնակչության 29,8  տոկոսը:  Այն հատկապես բարձր է մարզերում: Ցանկացած մարզ այցելելիս՝ քաղաքացիների հետ զրույցը կամա, թե ակամա  գործազրկության մասին է, այստեղից էլ՝ սոցիալական ծանր պայմանները՝ ու ոչ միայն: Զրուցակիցներս  վանաձորցիներն են։ Նրանք իրենց ցանկություններում ոչնչով չեն տարբերվում հանրապետության մյուս մարզերի բնակիչներից, մի փոքր ավելի ինքնատիպ կցանկանային լինել, սակայն հոգսերն ավելի շատ են

«Առաջնայինը ժողովրդի սոցիալական վիճակը պետք է բարելավել, աշխատատեղ լինի, նպաստ բարձրանա, ոչ երիտասարդությունը չգնա ընկնի ռուսաստանները:

Տնտեսագետ Բագրատ Ասատրյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում  պատասխանատուներին հերթական անգամ հիշեցնում է՝ նրանք պետք է ի վերջո հասկանան, որ կարևորը ժողովուրդն է, ոչ թե իրենք, պետք է  լուծումներ գտնել քաղաքացիների բարձրացրած խնդիրների լուծման համար:

«ՀՀ-ն այս տարիներին բնութագրվում է ամենաբարձր արտագաղթով: Տարեկան բնակչության երկու տոկոսից ավելին թողնում, հեռանում է: Գիտեք՝ ովքեր են՝ եռանդունները, կարողն է, համեմատաբար երիտասարդն է, ձգտում ունեցողը: Իսկ ով է մնում՝ նա ՝ ով շատ հնարավորություններ չունի»:

Խնդիրների մասին կառավարությունում տեղյակ են: Տարբեր ծրագրերով փորձում են  ինչ- որ բան փոխել: Աշխատատեղերի ստեղծման  ու ընդհանրապես մարզերի հրատապ խնդիրների լուծման նպատակով կառավարությունը որոշել է գումարներ հատկացնել: ԾԻԳ-երի ավելորդ ծախսերի  կրճատման ու օպտիմալացման արդյունքում, վարչապետ Կարեն Կարապետյանի խոսքով, 5 մլրդ դրամ են տնտեսել ու տրամադրելու են մարզերի կարևորագույն խնդիրների լուծմանը:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում, մատնանշելով իրենց մարզի հրատապ խնդիները, առանձնացնում է համայնքներում ենթակառուցվածքների հարցերը:

Սյունիքում  նույնպես առանձնացրել են հրատապ լուծում պահանջող խնդիրները: Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը  «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է՝  հակասողանքային հարցերն են առաջնային և ոչ միայն:

Օրակարգում է նաև Կապանի օդանավակայանի վերագործարկման ծրագիրը։ Այն ներառված է Սյունիքի մարզի զարգացման ծրագրում: Նախնական հաշվարկներով՝ անհրաժեշտ կլինի  մոտ 2  մլն դոլար:

Մարզերում և ոչ միայն ներդրումային ծրագրերի ներգրավումը առաջնահերթություններից մեկն է: Կառավարության ղեկավարն այս մասին պարբերաբար է հիշեցնում:

Կառավարությունն իր վերջին նիստում  պահուստային ֆոնդից 1 մլրդ 4 մլն ՀՀ դրամ գումար արդեն  հատկացրել է  ՀՀ մարզերում դպրոցաշինության, նախադպրոցական հաստատության, բնակարանաշինության, ճանապարհաշինության, ջրամատակարարման, ոռոգման և այլ ոլորտներում կապիտալ և սոցիալական բնույթի ծրագրերի իրականացման նպատակով:

Ցուցադրել ավելի
Back to top button