Վերլուծական

Միայն գլխավոր խնդիրը լուծելուց հետո. Թբիլիսիում ռուս-վրացական հարաբերությունների մասին


Վրաստանում գտնում են, որ աբխազական կամ հարավօսական առևտրային միջանցքները կարող են վերագործարկվել միայն ՌԴ-ի հետ գլխավոր հարցը լուծելուց հետո: «Վերին Լարսի փոխարեն տրանսպորտային հաղորդակցության իրականացումը Հարավային Օսիայով նշանակում է ճանաչել Օսիայի անկախությունը»,- «Ռադիոլուրին» ասել են վրացի փորձագետները:

Տնտեսական հարցերով վրացի փորձագետ Գիա Ջանդիերին անդրադառնալով օրեր առաջ վրաց-ռուսական բանակցություններում առաջ քաշված «Առեւտրային միջանցքների մասին» պայմանագրին, ըստ որի կողմերը կարող են առևտուր անել Աբխազիայով և Հարավային Օսիայով, ասում է, որ հարցն առաջին հերթին քաղաքական հարթության մեջ պետք է դիտարկել:

«Վրացական կողմը մշտապես ասել է, որ նման հարցերը կքննարկի այն դեպքում, երբ Ռուսաստանը կհանի իր զորքերը օկուպացված տարածքներից: Սա է հիմնական հարցը: Որպեսզի տարածաշրջանում խաղաղություն լինի, իհարկե, անհրաժեշտ է զարգացնել տնտեսական հարաբերությունները: Մենք այդ ուղղությամբ շատ բան ենք արել և հիմա սպասում ենք Ռուսաստանի քայլերին»:

Նրա հետ համամիտ է քաղաքագետ Գելա Վասաձեն:  Վերջինս համաձայնում է, որ Ռուսատանին կապող միակ ճանապարհը` Վերին Լարսը, հաճախ է փակվում հատկապես բնակլիմայական պատճառներով: Սակայն, նա անընդունելի է համարում այս պահին որպես այլընտրանք այդ ճանապարհին դիտարկել աբխազական կամ հարավօսական ճանապարհները:  Ռուսաստանի և Վրաստանի միջև քանի դեռ  չի լուծվել գլխավոր հարցը,  որևէ այլ խնդրի շուրջ որոշումը կհակասի Վրաստանի ազգային շահերին:

«Հարավօսական ճանապարհը  որպես այընտրանք, անշուշտ, չի կարելի դիտարկել, քանի որ Հարավային Օսիան համարվում է Ռուսատանի կողմից  օկուպացված տարածք: Ես կարծում եմ` միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելու նպատակով այդ ճանապարհի օգտագործումը կնշանակի ճանաչել Հարավային Օսիայի անկախությունը, որին Վրաստանը ոչ մի դեպքում չի կարող գնալ»:

Նշում է Վասաձեն` համոզմունք հայտնելով, որ հարցի շուրջ  քննարկումները հասարակության շրջանում բուռն արձագանքի են հանդիպելու, այնպես, ինչպես եղավ ռուսական «Գազպրոմի» հետ համաձայնության դեպքում:

Վրաստանի Վերաինտեգրման հարցերով նախկին նախարար Պաատա Զաքարեաիշվիլին «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց. «Ես դա անիրական եմ համարում: Հարցն այդպես էլ կմնա, ոչինչ չի փոխվի. աշխարհագրորեն դա անհնար է: Այսօր Ռուսատանի հետ միակ ճանապարհը Լարսն է»:

Ի դեպ, Զաքարեաշվիլին էր մի քանի տարի առաջ, երբ նախարար էր,  առաջարկել բացել աբխազական երկաթգիծը. «Հարցը (երկաթգիծը բացելու) փակված է, ոչ մի զարգացում չկա…»:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամ Դավիթ Ճիճինաձեն նշում է, որ Վրաստանի ու Հայաստանի կառավարությունները մտածում են, թե  Վրաստանի տարածքով դեպի Ռուսատան որ ճանապարն է առավել հարմարավետ, քանի որ Լարսը շատ հաճախ փակ է: Սակայն միևնույն ժամանակ նա նշում է.

«Ռուսաստանի հետ հակամարտությունը կապված է Աբխազիայի և Օսիայի հետ: Երբ  այն կկարգավորվի, այդ ժամանակ էլ սեղանին կդրվի ճանապարհների վերագործարկման հարցը»:

Ցուցադրել ավելի
Back to top button