Քաղաքական

29 տարի առաջ այս օրը այսպես սկսվեց Արցախյան շարժումը


1988 թվականի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի  մարզխորհրդի  20-րդ գումարման արտահերթ նստաշրջանը պատմական որոշում ընդունեց: Մարզխորհուրդը դիմեց Ադրբեջանական ԽՍՀ, Հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ Գերագույն խորհուրդներին` մարզը Ադրբեջանի կազմից դուրս բերելու  և Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու մասին միջնորդությամբ: 29 տարի առաջ այս օրը այսպես սկսվեց Արցախյան շարժումը։

 

1935 թվականանին երիտասարդ Հովհաննես Շիրազն իր բանաստեղծություններից մեկում  գրում էր.«Արտս հնձեմ, հնձեմ, հնձեմ ու հասնեմ Արարատին»:

Շիրազյան այս տողերը փաստում են, որ արցախյան շարժումն ավելի երկար պատմություն ունի, քան այն, ինչ այսօր արձանագրում ենք: «Անընդհատ հող ու պետականություն կորցրած ժողովուրդն իր գենետիկ հիշողության խորքում կենդանի է պահում անարդարության հանդեպ իր վերաբերմունքը: 88-ը անարդարության դեմ մեր ժողովրդի ընդվզման հերթական  փուլն էր, հերթական, բայց գուցե կարևորագույնը»:

Շարման ակունքներում էր քաղաքական գործիչ Վազգեն Մանուկյանը։ Նա հիշում է, որ կարճ ժամանակում ղարաբաղյան շարժումը վերածվեց  Հայոց համազգային շարժման, որի գլխավոր ձեռքբերումներից մեկը եղավ 1991-ին Հայստանի Հանրապետության անկախության հռչակումը, ապա` հաղթանակը ղարաբաղյան պատերազմում:

Արցախյան շարժումը դարձավ մեր ժողովրդի միասնականության խորհրդանիշը, բայց շաժման բուռն վերելքին, ցավոք, հաջորդելու էր անկումը: Բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի համոզմամբ՝ պատճառը գուցե հայրենասեր, բայց անհեռատես երիտասարդ իշխանությունների մեկը մյուսին հաջորդող սխալներն էին:

Իշխող ՀՀՇ և ՀՅԴ կուսակցությունների միջև ծավալված տարաձայնությունները լրջորեն վնասեցին այն միասնականությանը, որն իրապես աննախադեպ էր մեր պատմության ողջ ընթացքում, նկատում է բանաստեղծը։

Արցախյան պատերազմի հերոս, գեներալ Արդակի Տեր- Թադևոսյանը  ևս գերադասում է չշրջանցել շարժման, այսպես ասած, ստվերոտ շերտերն ու վերլուծել նորագույն պատմության  մեր սխալները:

«Թշնամու դեմ պայքարում Հայստանն ու Արցախը կարողացան միավորել ջանքերը, բայց հետո ուս-ուսի կռված մեր տղաները հանկարծ սկսեցին պայքարել միմյանց դեմ: Շարժումը վերածվեց միջկուսակցական պայքարի։ Լուրջ տարաձայնություններ կային Հայաստանի իշխանությունների ու Արցախի  միջև»,-պատմում է Արկադի Տեր- Թադևոսյանը:

Գեներալը նշում է, որ համազգային միասնության մեր  մեծ շարժումը, ավաղ,զերծ չմնաց նաև մեծ սխալներից ու ցավում է դրանց պատճառով կորցրած ժամանակի համար: Արցախյան շարժման տրամաբանական հանգուցալուծումը, որ պիտի լիներ Արցախի անկախության միջազգային ճանաչումը, մոտ ապագայում նա չի տեսնում:

«Միջազգային հանրությունը բարեբախտաբար սկսում է հասկանալ՝ ինչ է իրենից ներկայացնում Արցախը, բայց երկար ճանապարհ ունենք անցնելու, քանի որ ադրբեջանական նավթի ու նավթադոլարների հոտը, ցավոք, դեռ շեղում է ճշմարտությունից»։

Ցուցադրել ավելի
Back to top button