Հասարակություն

Հաշվիչի ցուցանիշն ու էլէներգիայի իրական ծախսը չեն համապատասխանում իրար


Երբ գալիս է կոմունալ ծախսերը վճարելու ժամանակը, վճարները սպասվածից ավելին են լինում: Քաղաքացիները  լուրջ կասկածներ ունեն, որ վճարները չեն արտահայտում սպառման իրական ծախսերը: Բնակիչները ոչ պակաս մտահոգված են էլեկտրաէներգիայի  իրական ծախսի և հաշվիչի ցուցանիշների անհամապատասխանությունից:

Բնակիչները այնքան չեն վստահում Հայաստանի էլեկտրական ցանցերի տեղադրած հաշվիչին ու դրա ցուցանիշներին, որ արդեն 2-րդ հաշվիչն են տեղադրում, արդեն՝ բնակարանում:

Զրուցակիցս Հարավ- արևմտյան թաղամասի Բաբաջանյան 59 շենքի բնակիչ է։ Այն, որ հոսանքի հաշվիչը ցույց չի տալիս իրական ծախսը, զրուցակիցս նոր չէ, որ նկատել է: Իր կասկածները ստուգելու համար անգամ որոշ կենցաղային փորձարկումներ է արել:

Իր կասկածների մասին զրուցակիցս անգամ տեսուչին է հայտնել:

Տեսուչը, տեղում տեսնելով թվերի տրամաբանական անհամաչափությունը, առաջարկում է հաշվիչը տանել լաբորատոր փորձաքննության: Ավելի ուշ քաղաքացին բացահայտել է, որ հաշվիչն անօրինական ձևով է փոխվել: Նախ՝ պետք է նախապես գրավոր դիմում լիներ, ապա՝ հաշվիչը տեղում կնքվեր և նոր տարվեր ստուգաչափման: Բացակայել է թե գրավոր դիմումը, թե կնիքը: Այժմ քաղաքացին միակ ելքը տեսնում է 2-րդ հաշվիչը տեղադրելու մեջ:

Քաղաքացու այս կասկածների մասին պարզաբանում ստանալու նպատակով դիմեցինք Հայաստանի էլեկտրական ցանցեր: Հասարակայնության հետ կապերի բափժնի պետ Նատալյա Սարջանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հավաստիացրեց, որ ոչ մի ահազանգ անպատասխան և անհետևանք չի մնում: Գնում են յուրաքանչյուր ահազանգի հետքերով:  Բողոքների թիվը կտրուկ աճում է ձմռան ամիսներին:

Քաղաքացիներից բազմաթիվ բողոքներ է ստացել նաև «Իրազեկ և պաշտպանված սպառող» հկ նախագահ Բաբկեն Պիպոյանը: Անվստահության խնդիրը կա և համատարած բնույթ է կրում՝ «Ռադիոլուրի»  հետ զրույցում նկատեց սպառողների իրավապաշտպանը:

Պիպոյանը համոզված է՝ քաղաքացիների կասկածները հիմնավոր են։ Որ երկրորդ հաշվիչը ինքնավերահսկման հարմար միջոց է՝ այստեղ ևս երկրորդ կարծիք չկա: Բայց որ այդ հաշվիչի ցուցմունքն առանց համապատասխան քայլերի իրավական ապացույց  չի կարող լինել՝ փաստ է:

Այս ամենը տարբեր օղակներում պետական վերահսկողության բացակայության հետևանք է՝ ասում է Բաբկեն Պիպոյանը և սպառողին հորդորում ինստիտուցիոնալ մոտեցում ցուցաբերել սեփական խնդիրների լուծման համար: Սպառողը պետք է խնդիրն այնպես բարձրացնի, որպեսզի սպասարկող ընկերությունը այլևս չկարողանա խուսափել պատասխանատվությունից:

Ցուցադրել ավելի
Back to top button