ԿարևորՔաղաքական

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Արցախի վերածննդի օրվա առթիվ:

1988 թվականի փետրվարի 20-ը մեր ժողովրդի տարեգրության մեջ մտավ որպես ճակատագրական և վճռորոշ օր, որն ազդարարեց արցախահայության` ազատ  ու անկախ ապրելու անսասան կամքի մասին: Այն դարձավ համազգային միասնության և անպարտելի ոգու զարթոնքի խորհրդանիշ: Սկիզբ առավ օտարի լծի դեմ ըմբոստացման համաժողովրդական ալիք, որը վերածվեց ազգային-ազատագրական շարժման և մեր ազգային պետականության վերակերտման` ժողովրդավարության  արժեքներին և միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան:

Հանուն մեր արդար պայքարի հաղթանակի` սեփական կյանքը զոհեցին քաջ հայորդիներ, ովքեր իրենց անօրինակ խիզախությամբ ու սխրանքով գրեցին հայ ժողովրդի նորագույն պատմության հերոսական էջերը: Հավերժ փառք ու պատիվ հայրենիքի նվիրյալներին:

Այս բոլոր տարիների ընթացքում Մայր Հայաստանի և Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ միասին մենք կառուցում ու շենացնում ենք բոլորիս համար թանկ ու սիրելի Արցախը, պաշտպանում  ենք մեր պապենական հողն ու օջախը, մեր երեխաների ապագան: Մենք ուրիշների իրավունքներին չենք բռնանում, բայց և մեր իրավունքները միշտ կպաշտպանենք:

Թանկագի՛ն արցախցիներ,

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս պետական կարեւորագույն տոնի կապակցությամբ և մաղթում խաղաղություն ու մեծագույն հաջողություններ ազատ ու անկախ Արցախի Հանրապետությանը և մեր ողջ ժողովրդին»:

Ցուցադրել ավելի
Back to top button