Քաղաքական

ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն Կարեն Կարապետյանն է, մյուսները լռում են


Երեկ ԿԸՀ ներկայացվեցին առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ցուցակները եւ այսպիսով, հանգուցալուծվեց, այսպես ասած, նախընտրական ինտրիգներից մեկը: Դեռ շաբաթներ առաջ կային կանխատեսումներ, որ ընտրություններին մասնակից բոլոր կուսակցությունները ձգտելու են, այսպես ասած, ցուցակների ինտրիգի բացահայտումը թողնել միայն ամենավերջին պահին եւ, ըստ էության, հենց այդպես էլ տեղի ունեցավ: Այսօր արդեն խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ներկայացուցիչները, ինչպես եւ սպասվում էր, լծված էին իրենց նախընտրական ցուցակների առանձնահատկություններն ու մրցունակությունը ապացուցելու-համոզելու գործին: Այդ առթիվ երեւանյան մամուլի ակումբներն ու որոշ հյուրանոցային սրահներ բավականին հագեցած գրաֆիկով աշխատեցին, որին հետեւել է «Ռադիոլուրը»:

 

Նախկին ժառանգական Անահիտ Բախշյանը առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է Ազատ դեմոկրատներ կուսակցության ցուցակով: Ասաց, որ մրցակից բոլորին են համարում, ապա հավելոց, որ «Ելք» դաշինքն ու Ազատ դեմոկրատները մոտավորապես նույն դաշտում են գործելու, հետեւաբար՝ երկուսն էլ խնդիր ունեն լրջորեն հիմնավորելու, թե որոնք են  իրենց տարբերությունները:

«Դա հիմնավորելու համար, կարծում եմ, բավարար ուժեր, մտքեր ունենք: Մեր շանսերը ես չեմ գնահատի, չեմ ասի: Հասարակության գնահատականը քվեարկությունն է՝ ձայնն է, բայց հուսամ լավ կլինի»:

Ռեսուրսների խնդիր էլ, ըստ Անահիտ Բախշյանի, իրենք չունեն, քանի որ ցուցակում եղածներից յուրաքանչյուրը, տարիներ շարունակ աշխատելով, ունի համակիրներ, համախոհներ, աջակիցներ, ովքեր պատրաստ են քարոզարշավի ընթացքում իրենց աջակցել: Շատ լուրջ աջակցող թիմ ունենք՝ թեման եզրափակեց Անահիտ Բախշյանը:

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի նախընտրական ցուցակի կազմման սկզբունքների մասին այսօրվա մամուլի ասուլիսում խոսեցին «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը, «Ժառանգություն»-ից Արմեն Մարտիրոսյանը եւ Սեյրան Օհանյանը:

 

Այս դաշինքն ունի մի յուրահատկություն, որը, չեմ կարծում, որեւէ մեկը կարողանա ապահովել՝ գնահատեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ պարզաբանելով, թե.«Դա սփյուռքի ներգրավվածությունն է լինելու Հայաստանի տնտեսական կյանքում: Եվ պարոն Հովհաննիսյանի, եւ պարոն Օսկանյանի ներկայությունն իրենց կապերով արդեն իսկ երաշխիք են լինելու, որ Սփյուռքը այլեւս մեծ ներգրավվածություն է ունենալու եւ ներդրողներից ամենամեծը հենց Սփյուռքը կլինի Հայաստանի տնտեսության մեջ, որը սոցիալ-տնտեսական զարգացման խթաններից մեկը կլինի»:  

Հանրապետական կուսակցության ցուցակների որոշ առանձնահատկություններ այսօր առանձնացրեց ԱԺ ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նա մասնավորապես շեշտեց, որ իրենց ներկայացրած ցուցակը լուծում է նաեւ սերնդափոխության խնդիր. «Դա երիտասարդության եւ փորձի համադրումն է: Փորձի եւ ավյունի ներդրումը մեր գործընթացներում՝ խորհրդարանական աշխատանքներում, համոզված եմ, էական դրական տեղաշարժեր կարող են ապահովել»:

Հանրապետական պատգամավորը նաեւ շեշտեց, որ խորհրդարանական կառավաման անցնելու պարագայում չափազանց կարեւոր է, որ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերն էլ հասարակությանը ներկայացնեն, թե ով է լինելու իրենց ապագա վարչապետը, ինչը հնարավորություն կտա, որ ընտրողներն ավելի հստակ կատարեն իրենց ընտրությունները: Այդ առումով Հանրապետականի մոտ հստակություն կա՝ հաջողության դեպքում վարչապետի իրենց թեկնածուն Կարեն Կարապետյանն է:

Հակադարձելով որոշ դիտարկումների, թե՝ ՀՀԿ ցուցակում ներառված են հասարակության կողմից ընդունելի եւ ընկալելի դեմքեր, սակայն, դա շղարշ է, քանի որ հետագայում նրանց տեղերը կզբաղեցնեն հեռացած, ինչպես ընդունված է ասել, օդիոզ դեմքերը՝ Գագիկ Մինասյանը շեշտեց:

Ինչ վերաբերում է ռեյտինգային ընտրակարգին, ապա ընտրողն ինքն է որոշելու ամենահամակրելի թեկնածուների վերջնական տեղը, ինչը, Գագիկ Մինասյանի բնորոշմամբ, ժողովրդավարական ավելի բարձր մակարդակ է:

Ցուցադրել ավելի
Back to top button