Տնտեսական

ԿԲ-ն հերթական անգամ նվազեցրեց տոկոսադրույքը, տնտեսագետները դրական փոփոխություն չեն նկատում 


Փետրվարի 15-ին  Հայաստանի գլխավոր դրամատունը  հայտարարեց, որ հերթական անգամ 0.25 կետով նվազեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Այսպիսով, այն կազմում է  6 տոկոս: Անցած տարվա նոյեմբերից հետո Կենտրոնական բանկն այն իջեցրել է երեք անգամ։ Տրամաբանորեն դրամատան այս քայլը պետք է տնտեսության մեջ որոշակի դրական զարգացում արձանագրեր: Տնտեսագետները սակայն այն չեն նկատում:

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությունը կենտրոնական բանկերի հիմնական գործառույթներից է: Տնտեսական ամենապարզ բնորոշմամբ՝ եթե  տոկոսադրույքը ցածր է, ապա ցածր պետք է լինեն նաեւ բանկերի կողմից տնտեսությանը տրվող վարկերի տոկոսները: Սա էլ շղթայական ռեակցիայով   իր հերթին բերում է տնտեսության աշխուժացման: 2015թ մարտից սկսած ՀՀ ԿԲ-ն անընդհատ իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 10.5 տոկոսից հասցնելով 6 տոկոսի:

Տնտեսագետ Բագրատ Ասատրյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում դժվարանում է հիշել, թե երբ էր տոկոսադրույքն այսքան ցածր եղել.«Դրանք անհրաժեշտ քայլեր են»:

Պարզաբանում է՝ համակարգն է այնպիսին, որ տոկոսադրույքի նվազեցումը տնտեսության վրա էական ազդեցություն չի թողնում: Ասվածի ապացույցը՝ 2016թ  տնտեսական ցուցանիշերն են, երբ մի քանի անգամ տոկոսադրույքը նվազեցվել էր, սակայն տնտեսության վրա այն էական ազդեցություն չունեցավ:

Չունենք քիչ թե շատ զարգացած ֆինանսական շուկա, հակառակ դեպքում՝ այն նկատելի կլիներ՝ ասում Բագրատ Ասատրյանը։ Որպես օրինակ մատնանշում է ԱՄՆ ու Եվրամիությունը։ Վերջինս գրեթե  զրոյացրել է տոկոսադրույքը: 2008 թ ճգնաժամից հետո նույնն արեց նաև ԱՄՆ- ն: Հայաստանում փող կա, ուղղակի այն աշխատելու հնարավորություն չունի: ԿԲ նախկին նախագահը բանկերի ցուցանիշերն է մատնանշում:

100 մլրդ- ով դրամով բանկերի կապիտալն ավելացել է՝ ասում է  Բագրատ Ասատրյանն ու նշում՝ այդ գումարն էլ պետք է տնտեսության մեջ դրվեր: Եթե անգամ տեղի է ունեցել, ապա ոչ բավարար չափով: Հայաստանում ֆինանսական միջնորդության արդյունավետ միջավայր չկա՝ ասում է:

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցումը ենթադրում է բանկերի կողմից բիզնեսին տրվող վարկերի տոկոսների նվազում: Շոշափելի արդյունք սակայն այդպես էլ չի նկատվում: Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը կարծում է, որ տնտեսությունը կաշխուժանա, բայց՝  ոչ շատ:

Գուցե բանկերը հրապուրվեն ԿԲ առաջարկած ցածր տոկոսադրույքներով ու իրենք էլ բիզնեսին էժան գումար առաջարկեն, սակայն բանկերը, ըստ Մակարյանի, ԿԲ- ից գումար քիչ են վերցնում:

«Բանկերը հաճախ պարզապես խուսափում են ԿԲ –ի հետ գործ ունենալուց: ԿԲ-ն բացի տոկոս իջեցնելուց պետք է նաև  ճկունությունը մեծացնի»:

Ստեղծված իրավիճակից ելք կա: Տնտեսագետ Բագրատ Ասատրյանի կարծիքով՝  Հայաստանը համակարգային փոփոխությունների կարիք ունի, տնտեսությունը՝ առավել ևս: Ունենք կարծրացած, ոչ արդյունավետ  տնտեսական  համակարգ, որը կոչված է սպասարկել մի փոքր խումբ մարդկանց։

Ցուցադրել ավելի
Back to top button