Տնտեսական

Վարչապետը շաբաթ օրը կհանդիպի գերատեսչությունների ղեկավարների հետ


Կառավարության առջև հստակ խնդիր է դրված՝ ներգրավել ներդրումներ, ծրագրեր ներկայացնել ու հաշվետու լինել հասարակության առջև: Առաջիկա շաբաթ օրը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպելու է նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների հետ՝ քննարկելու համապատասխան ոլորտներում իրականացվող ծրագրերը:

Ընտրական գործընթացներ, սպասումներ՝ բոլոր ոլորտներում: Հայաստանն ակտիվ ընտրական  թոհուբոհի մեջ է, իսկ այն, որ մինչև ապրիլ մեր երկրում ամեն ինչ ընտրությունների հետ է կապվում, տարբեր առիթներով անգամ վարչապետ Կարեն Կարապետյանն է  հայտարարում:

Կառավարության անդամների առաջ, սակայն, հստակ խնդիրներ են դրված՝  ոլորտ առ ոլորտ, մարզ առ մարզ ներդրողներ ներգրավել, ծրագրեր ներկայացնել: Առաջիկա շաբաթ օրը  գերատեսչությունները  յուրատեսակ քննություն են հանձնելու, նրանք վարչապետին ներկայացնելու են  իրենց ոլորտներում  իրականացվող ծրագրերը, ու ոչ միայն:

Մինչ այդ, նրանք  ներդրումային ծրագրերն ու կատարվող քայլերը մամուլի միջոցով  հասարակությանն են ներկայացնում: Գյուղատնտեսության  ոլորտում, օրինակ, այս տարի պարարտանյութի սուբսիդավորման համար կհատկացնի շուրջ 900 մլն դրամ: ՀՀ գյուղատնտեսությաան նախարար Իգնատի Առաքելյանի տեղեկացմամբ,  պետական բյուջեով նախատեսված էր 2 մլրդ 110 մլն դրամ, արդյունքում՝  կտնտեսվի 1 մլրդ 200 մլն դրամ: Նախարարի խոսքով` «Պարարտանյութ մատակարարող մեկ ընկերության կողմի ներկայացվել է 6580 դրամ, իսկ ռուսական և իրանական ընկերությունների կողմից` 7000 դրամ: Համապատասխանաբար, կսուբսիդավորվի այնքան, որպեսզի պահպանվի նախորդ տարվա գինը: Գյուղացիներին պարարտանյութը կտրամադրվի նորից 6000 դրամով»:

Տնտեսված գումարի որոշ մասը կհատկացվի գյուղտեխնիկայի լիզինգային ծրագրի սուբսիդավորմանը, որը հաջորդ շաբաթ քննարկման կդրվի բոլոր գերատեսչություններում: Նախատեսում  են ապահովել շատ ցածր տոկոսներ, որպեսզի գյուղացիական տնտեսությամբ վարկունակ զբաղվողների համար ոչ մի սահամանափակում  չլինի։ Առաքելյանի տեղեկացմամբ, իրենք դիզելային վառելիքի սուբսիդավորում չեն նախատեսել, իսկ դրանից տնտեսվող գումարների հատկացումները հետագայում կներկայացնեն: Նախարարը նաև հավելեց, որ մնացած ծրագրերի մասով դեռ քննարկումներ են ընթանում:

Մշակույթի նախարարության սեղանին  17 ներդրումային  ծրագիր է դրված: Դրանց մի մասը, ըստ նախարար Արմեն  Ամիրյանի,  արդեն մեկնարկել է.

Մարզային ներդրումային ու զարգացման ծրագրերը նույնպես ներկայացվում են կառավարության ղեկավարին։ Նախորդ շաբաթ, օրինակ, Լոռու մարզից 11 ներդրումային ծրագիր էր ներկայացվել, դրանցից  5-ը  հաստատվել է, հինգից երեքի ֆինանսավորման աղբյուրներն էլ են գրեթե հստակ են: Մարզպետ Արթուր Նալբանդյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում  մանրամասնեց, որ տնտեսվարողների հետ փորձել են հասկանալ, թե ինչ ներդրումային  ծրագրեր ներկայացնեն, որպեսզի  աշխատատեղեր ստեղծեն.

«Երեք  ծրագրերը  մոտավորապես  300 մլն դրամի ներդրում, երկուսն էլ կներկայացվեն ու կդառնան մոտ 600 մլն դրամի ներդրում:  Որոշակի ներդրումներ կանեն տնտեսվարողները գույքի խնդիր ունեն, որ կարողանան գրավ դնել, ու գումար վերցնեն, դա էլ արդեն կառավարությունը աջակցի հիմնականում ՓՄՁ ԶԱԿ-ի միջոցով»:

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի ակնկալիքներն այս ամենից ու ընդհանրապես այս տարվա առաջին ինն ամիսներից այնքան էլ մեծ չեն:

Իսկ ես հիշեցնեմ, ապրիլյան ընտրություններից հետո Երևանում ևս մեկ ընտրություն է  սպասվում: Կառավարությունն այսօր որոշեց՝ Երևանի ավագանու հերթական ընտրությունը նշանակել  2017 թ. մայիuի 14-ին:

Ցուցադրել ավելի
Back to top button