Հասարակություն

ՊՆ բուլդոզերը ձորն է գլորվել. 1 զինծառայող զոհվել է, 2-ը ստացել են մարմնական վնասվածքներ

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայողի մահվան պատճառ դարձած վթարի դեպքի առթիվ։

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Նախնական տվյալներով՝ փետրվարի 15-ին՝  ժամը  15:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրք տանող ճանապարհը մաքրելիս ձորն է գլորվել զորամասին պատկանող T-170 բուլդոզերը, ինչի հետևանքով բուլդոզերում գտնվող պայմանագրային զինծառայողներ Գարեգին Հակոբի Մինասյանը, Արմեն Միխայելի Պուխան և Վրույր Ֆիրդուսի Ներսիսյանն ստացել են մարմնական վնասվածքներ:

ՀՀ ՊՆ Գեղարքունիքի կայազորային զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին պայմանագրային զինծառայող Գարեգին Հակոբի Մինասյանը մահացել է:

Նույն օրը Ա.Պուխան և Վ.Ներսիսյանը տեղափոխվել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ցուցադրել ավելի
Back to top button