Հասարակություն

Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն

MՓետրվարի 15-ին Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Կուշևսկայա քաղաքի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած ՀՀ 2 քաղաքացին` վարորդ Ռ.Պ.-ն (ծնվ. 1953թ.) և ուղևոր Ք.Մ.-ն (ծնվ.` 1968թ.) հոսպիտալացվել են Կուշևսկայայի կենտրոնական շրջանային հիվանդանոց, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

Հիվանդանոցի գլխավոր բժշկի փոխանցմամբ` իրականացված հետազոտությունների արդյունքում վարորդի մոտ ախտորոշվել է կողերի և սրունքների զույգ ոսկրերի բազմաբեկոր կոտրվածքներ։ Նրա վիճակը գնահատվում է ծանր։ Մյուս տուժողի վիճակը միջին ծանրության է։ Նրա մոտ ախտորոշվել է սրունքի զույգ ոսկրերի կոտրվածք և գլխուղեղի ցնցում։
Վթարից տուժածներն ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն։

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին, ժամը 18:37-ին ՌԴ ԱԻՆ հարավային մարզային կենտրոնի ՃԿԿ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 18։05-ին ՌԴ Մ-4 դաշնային ավտոճանապարհի 1142-րդ կմ-ին՝ Կուշևսկի քաղաքի մոտակայքում՝ Կուգո-Եյա գետի վրայով անցնող կամրջի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ. Մոսկվա-Երևան երթուղու Setra մակնիշի 97 РМ 999 պետհամարանիշով ավտոբուսը բախվել է MAN մակնիշի М613АН161 պետհամարանիշով բեռնատարին:

ՀՀ ԱԻՆ հաղորդմամբ, ՃՏՊ-ի հետևանքով տուժել է 3 մարդ, զոհեր չկան:

Վարորդները և ավտոբուսի ուղևորը տեղափոխվել են Կուշևսկու կենտրոնական հիվանդանոց, ավտոբուսի վարորդը՝ 1953 թ. ծնված Ռոբերտ Մելիքի Պետրոսյանը, ստացել է ոտքերի կոտրվածք, իսկ ուղևոր՝ 1966 թ. ծնված Քյարամ Խդրի Մամայանը՝ ուղեղի ցնցում:

Ավտոբուսում եղել է 9 ուղևոր, բոլորը ՀՀ քաղաքացիներ, որոնց թվում երեխաներ չեն եղել:

Ցուցադրել ավելի
Back to top button