Քաղաքական

«Խնամիական որս», չուզողներ ու «ելք» փնտրողներ


Քաղաքական չուզողների, բանսարկուների  ու խնամիական որսի պատճառով հայաստանյան երկու ավանդական կուսակցությունները՝ ՍԴՀԿ-ն  և ՌԱԿ –ը  չեն մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին. իսկ ԱԻՄ-ն էլ  դեռ  չի կողմնորշվել: Պարույր Հայրիկյանը որոշեց, որ  ելքը «Ելիք»ին դիմելն է,  բայց արդյո՞ք «Ելքը» պատրաստ է ԱԻՄ- ի մուտքին։

 

Երկու օր և կավարտվեն հայաստանյան դաշտում գործող կուսակցությունների միջեւ բանակցությունները: Բայց  այսօր արդեն ուրվագծվում են, թե որ կուսակցությունները կմասնակցեն ընտրություններին, որոնք կհայտնվեն խաղից դուրս։ Եվ այսպես՝ ավանդական կուսակցությունները՝ ՌԱԿ-ն  ու ՍԴՀԿ- ն չեն մասնակցի խորհրդարանական  ընտրություններին, չնայած նախկինում երկուսն  էլ հայտարարել  էին, որ մաս են կազմելու «Ծառուկյան» դաշինքին  ու  դաշինքով են գնալու ընտրություններին։

Բայց, ժողովրդական լեզվով ասած հայտնվեցին քաղաքական չուզողներն ու վիժեցրեցին ամբողջ գործընթացը։  Բանակցությունները  մնացել են հետևում ու  Սոցիալ- դեմոկրատ Հնչակյան  կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը բացում է փակագծերը: Ասում է, որ  Ծառուկյանի լիազորված անձինք են իրենց դիմել դաշինքին մաս կազմելու համար, ու ձեռք էր բերվել հստակ  պայմանավորվածություն, բայց մի օրում դրանք ի չիք դարձան, երբ մամուլը գրեց, որ Գագիկ Ծառուկյանն ու նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ այսինքն խնամիները, միասին որսի են դուրս եկել:

Նկատենք, որ Գագիկ Ծառուկյանի մամուլի  խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարություն տարածեց,  ըստ որի ՍԴՀԿ-ՎՍԴՀԿ խնդիրների պատճառով  են բանակցությունները դադարեցվում։ Բայց Նարեկ Գալստյանը նշում է, որ այդ հայտարությունը իրականությանը չի համապատասխանում, քանի որ  ՎՍԴՀԿ-ի հարցն անգամ բանակցությունների սեղանին դրված չի եղել:

Ռամկավար ազատական կուսակցությանը նույնպես առաջարկը եղել է  «Ծառուկյան» դաշինքի կողմից, և  ՌԱԿ ղեկավար Հակոբ Ավետիքյանը  համաձայնել է մաս կազմել, քանի որ սրտամոտ գաղափար է եղել  այդ դաշինքում՝ այն է   Սփյուռք-Հայաստան-Արցախ եռամիասնության  ամրապնդում: Բայց  որոշ ժամանակ անց սկսվեց բանսարկությունների շրջան: Լրագրողները պնդում են եւ Ավետիքյանը տալիս է բանսարկուներից մեկի անունը՝ Դաշնակցություն:

Իսկ ահա ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանն էլ ասում է, որ ՌԱԿ-ի եւ ենթադրյալ «Ծառուկյան» դաշինքի միջեւ առաջացած խնդիրների համար մեղավոր է ՌԱԿ նախկին ատենապետ, այժմ Չեխիայում բնակվող Հարություն Առաքելյանը։

Իսկ ահա  ԱԻՄ-ում  ոչինչ էլ դեռ պարզ չէ։ Սկզբում ուզում էին  մաս կազմել «Համախմբում» դաշիքնին, բայց չկազմեցին, քանի որ նրանց  խանգարեցին Օսկանյանի ու Րաֆֆիի դավադիր մտքերը։ Պարույր Հայրիկյանն այսօր  կուսակցության նախագահության նիստ էր հրավիրել՝ ու  հենց  լրագրողներ ներկայությամբ քննարկում  էր, թե ինչ ձևաչափով պետք է մասնակցեն առաջիկա ընտրություններին։ Ասաց, որ կա չորս տարբերակ՝  առանձին դաշինք կազմել Արամ Սարգսյանի հետ, միանալ ԵԼՔ֊- ին, չմասնակցել ընտրություններին, և մասնակցել միայնակ։ Եվ ահա՝ զանգ ընկերոջը՝ այս դեպքում Արամ Գասպարի Սարգսյանին:

Հետո Պարույր  Հայրիկյանը այլ զանգեր էլ կատարեց, նրան  էլ  զանգեցին՝ չասաց թե ով, միայն ասաց որ տեխնիկական դժվարություններ  կարող են  ի  հայտ գալ, բայց դա  լուծելի խնդիր  է:  Ի վերջո՝ ԱԻՄ- ը որոշեց՝ ելքը «Ելիք»-ին դիմելն է։ Բայց արդյո՞ք «Ելքը» պատրաստ է ԱԻՄ- ի մուտքին։

ԵԼՔ-ի համամասնական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը «Ռադիոլուր»-ի հարցին ի պատասխան ասաց՝ քննարկել են Հայրիկյանի առաջարկությունը և արձանագրել՝ դա անհնար է եւ ժամանակավրեպ։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button