Մշակույթ

Լուծարվելու վտանգ, ապա անակնկալ.Մնջախաղի թատրոնը տանիք ունի


43 տարվա թափառումներից հետո Երևանի մնջախաղի թատրոնը, վերջապես, սեփական տանիք ունի: «Երազանքի բանալին» թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանին այսօր հանձնել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Հայաստանի ազգային գրապալատի տարածքում այսուհետ կգործի Մնջախաղի թատրոնը, Գրապալատը ՝ որպես առանձին ստորաբաժանում, իր աշխատանքը կշարունակի  Հայաստանի ազգային գրադարանի տարածքում: Օրվա «կարևոր  բնակարանամուտի» մասին՝ «Ռադիոլուր»-ի ռեպորտաժում:

Գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի պաշտոնավարման շրջանում՝ 20, դրանից առաջ` ևս 23 տարի.  43 տարի Երևանի մնջախաղի պետական թատրոնն ապրում էր սեփական տանիք ունենալու երազանքով: «Կա′մ պետք է լուծարել ձեզ, կա′մ պետք է լուծել ձեր տարածքի հարցը». թատրոնի տարեկան հաշվետվության ժամանակ  երեկ հայտատարել էր մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝  Ժիրայր  Դադասյանին ու  Մնջաղաղի թատրոնի բոլոր մյուս աշխատակիցներին փետրվարի 15-ին, ժամը 12.30-ին «ժամադրելով» Երևանի դրամատիկական թատրոնի շենքի առջև՝ ասելով. «անակնկալ ունենք»:

Մինչ անակնկալի գաղտնազերծումը «ժամադրությանը» ճիշտ ժամին ներկայացած Դադասյանն ասաց, որ զանգ է ստացել, ինչ-որ մեկը հետաքրքրվել է՝ ճի՞շտ է, որ դրամատիկական թատրոնը լուծարում ու շենքը ձեզ  են նվիրում: Հետաքրքրասեր բաժանորդը սխալվել էր. մշակույթի նախարարի խոստացած անակնկալը դրամատիկի հետ կապված էր միայն այնքավով, որ նույն շենքին կից է:

«Վերջին վերակազմավորումների արդյունքում Ազգային գրապալատը միացավ Հայաստանի ազգային գրադարանին: Սա  երկար սպասված այն օրն է, երբ ՀՀ նախագահի հանձնարարականով Գրապալատի մինչ օրս զբաղեցրած տարածքը տրամադրվում  է Մնջախաղի պետական թատրոնին»:

Գրապալատի մուտքի մոտ «երազանքի» բանալին հանձնելով Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանին, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հավելեց. «Ամբողջությամբ պետական միջոցներով իրականացվող շինաշխատանքները կմեկնարկեն  առաջիկայում: Կփորձեն ավարտին հասցնել 2017 թվականին:

Դադասյանը ցնցված էր, բայց խոսեց. «Ցնցված եմ այս ամենից, որովհետև 20 տարի՝  ամեն օր ես խոսում եմ այս մասին,  և չէի կարող անգամ ենթադրել, որ ընդամենը երկու ամսվա ընթացքում կլուծվի այս բարդ խնդիրը: Սա ապացույցն է այն բանի, որ իսկապես լուրջ փոփոխություններ են տեղի ունենում, ապացույցն է այն բանի, որ ամեն ինչ ընկնում է իր հունի մեջ, երբ պրոֆեսիոնալները հայտնվում են իրենց տեղում»,-ասաց Դադասյանը՝ վստահեցնելով.«Մենք այնպես կաշխատենք, որ մեկ ուրիշին նման անակնկալ մատուցելիս մշակույթի նախարարն ասի՝ կգա՛ք Մնջախաղի թատրոնի շենքի մոտ»:

Երջանիկ մնջախաղցներին, նախարարին ու լրագրողներին շենքի ներսում դիմավորեցին ոչ միայն առայժմ ավերակ հիշեցնող Գրապալատը, այլև իրենց ճակատագրով մտահոգ  Գրապալատի աշխատակիցները: Մշակույթի նախարարը փարատեց նրանց  անհանգստությունը.« Բոլոր գործառույթները կպահպանվեն, դրանց կգումարվեն նաև թվայնացման աշխատանքները: Գրապալատը միավորվում է Ազգային գրադարանին՝ որպես առանձին ստորաբաժանում»:

Ազգային գրապալատի աշխատակիցներին նախարարը խոստացավ  նման տոնական բնակարանամուտ Ազգային գրադարանում, որտեղ նրանք կաշխատեն անհամեմատ լավ պայմաններում:

Ցուցադրել ավելի
Back to top button