ԿարևորՔաղաքական

Աշխատում ենք կաթիլայինի սկզբունքով. Արցախի օմբուդսմեն


Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը երեկ Եվրախորհրդարանում հանդես եկավ  մամուլի ասուլիսով և ներկայացրեց Ղարաբաղյան քառօրյա պատերազմի ժամանակ մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ զեկույցը: Փաստն ինքնին բացառիկ է:  Արցախի օմբուդսմենը Ստրասբուրգում խոսում է  Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կանոնավոր ու  ծանր խախտումների մասին  և  եվրոպական բարձր ամբիոնից նշում, որ  դրանք համարժեք պատասխաններ են պահանջում: «Ռադիոլուրն» այսօր զրուցել է Ռուբեն Մելիքյանի հետ ու ելույթի արձագանքերի, հնարավոր զարգացումների մասին հարցերի պատասխանները ստանալ Ստրաբուրգից Վիեննա մեկնելու ճանապարհին, հենց օդանավակայանում:

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանին Եվրախորհրդարանում ներկայացնում է նույն կառույցի պատվիրակ Ֆրանկ Էնգելը: Նա և Արցախի օմբուդսմենը  մամուլի ասուլիս են հրավիրել: Ռուբեն Մելիքյանն ամփոփում է  եվրապատվիրակների, քաղաքական խմբերի հետ հանդիպումների արդյունքները:  Փաստն ինքնին բացառիկ է, իսկ թեման, որի մասին խոսում  է Արցախի օմբուդսմենը,  առավել քան կարևոր:   Ռուբեն Մելիքյանը  ներկայացնում է Ղարաբաղյան քառօրյա պատերազմի ժամանակ մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ զեկույցը:

«Իմ մանդատը քաղաքական չէ և առնչվում է միայն մարդու իրավունքներին: Ես ներկայացնում եմ զեկույց մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, ընդ որում՝ մի տարածքում, որը միջազգայնորեն ճանաչված չէ»:

Զեկույցում, որն օմբուդսմենը քննարկել է Եվրախորհրդարանի պատվիրակների հետ, ներկայացվում է ապրիլյան քառօրյայի պատմությունը՝ ադրբեջանական ագրեսիայի, կիրառված ծանր զինատեսակների, զինծառայողների և խաղաղ բնակիչների խոշտանգումների, դիակների պղծման, ինչպես նաև քաղաքացիական օբյեկտների արկակոծման վերաբերյալ մանրամասներով: Դիտարկվում է Ադրբեջանի զինուժի կողմից իրականացված պատերազմական հանցագործության 3 տեսակ՝ կտտանքները, մահապատիժներն ու զոհվածների դիակների պղծումը: Սրանք գործողություններ են, որոնք արգելված են միջազգային մարդասիրական իրավունքով ու համարվում են միջազգային իրավունքի ծանր խախտում:  Փաստաթղթի հեղինակներն իրավապաշտպանների ուշադրությունը հրավիրում են այն փաստի վրա, որ այս գործողությունների հիմքում ազգային պատկանելիության խնդիրն է և նշում, որ դրանք պատասխանատվություն են ենթադրում:

Թե ինչպես են ընդունվել այս դիտարկումները, ինչպես են արձագանքել  եվրապատվիարկները, փորձեցինք ճշտել Ռուբեն Մելիքյանից: Նա,  ի դեպ, մեր հարցրին պատասխանեց Ստրասբուրգից Վիեննա մեկնելու ճանապարհին, հենց օդանավակայանից:

«Եվրապառլամենտում ասուլիսը իսկապես կարևոր իրադարձություն կհամարեի, որովհետև այն ավելի մեծ հնարավորություն է ստեղծում մեր ուղերձները փոխանցելու մեր եվրոպացի գործընկերներին: Եթե ասենք, որ դրանով աշխարհը շուռ է գալու, իհարկե այդպես չի: Ասենք, որ բեկումնային նաշանակություն է ունենալու , այդպես էլ չի: Մենք աշխատում են կաթիլային սկզբունքով,  մենք հասնելու ենք հաձողության տևական, նպատակասլաց աշխատանքի շնորհիվ: Սա այդ աշխատանքի մի փոքրիկ երևացող հատվածն է»:

-Ինչ-որ արձագանքներ կան:

-Արձագանքներ կան, դրանք հրապարակելը շատ գայթակղիչ է, բայց նաև վտանգավոր, քանի որ մեր արևելյան հարևաններն  ուշի ուշով հետևում են , թե ինչպես կարող են ներազդել գործընթացների վրա»:

Ավելացնեմ, որ ապրիլյան պատերազմի թեման շարունակություն է ստանում նաև մեկ այլ հարթակում:  Հայ իրավաբան-իրավապաշտպանների խումբը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել ապրիլյան քառօրյայի  ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից Արցախի  քաղաքացիական բնակչության և զինծառայողների իրավունքների խախտումների առնչությամբ մի խումբ գանգատներ: Դրանք արդեն վարույթ են ընդունվել ու մտել կոմունիկացիայի փուլ, ինչը նշանակում է, որ դրանց մասին ծանուցվել է Ադրբեջանի իշխանություններին և  պատասխանների համար ժամկետներ են տրվել:

Ցուցադրել ավելի
Back to top button