Տնտեսական

ֆիննախի առաջարնկենրն ու մասնավորի գնահատականները


Ֆինանսների նախարարությունը  բարեփոխումների հերթական նախագիծն է  նախապատրաստել: Այն  հաջորդ շաբաթ կներկայացնեն մասնագիտական հանրությանը:  «Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին»  օրենքներում  արմատական փոփոխություններ են առաջարկվել, օրակարգում է  նաև Հաշվապահական հաշվառման ու աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքի նախագիծը: Կարգավորվող դաշտի ներկայացուցիչներից մի քանիսը՝ աուդիտորները «Ռադիոլուրի» հետ զրույցում  դրական են գնահատել նախաձեռնությունը: Որակավորված աուդիտոր Վրեժ Մխիթարյանը, սակայն, պարտադիր բաղադրիչին է դեմ։ Նա  համակարգում  այնպիսի մեխանիզմների  ներդրման  անհրաժեշտություն է տեսնում, որ  տնտեսվարողն ինքը ցանկություն  ունենա  ֆինանսական հաշվետվությունները  կարգի բերել:

Ֆինանսների նախարարությունն ընդառաջել է մասնագիտական հանրությանը՝ հաշվապահական հաշվառման ու արտաքին աուդիտի  ոլորտի կարգավորումը հանձնելով այդ նպատակով օրենքով ստեղծվելիք մասնագիտացված   կառույցին:  Մինչ այժմ այն նախարարությանն էր վերապահված:  Ֆիննախին կվերապահվի  ոլորտների նկատմամբ հսկողության գործառույթը: Նախաձեռնությունը  մասնագետներին արդեն հաջորդ շաբաթ կներկայացվի: Միանգամից  երեք օրենսդրական փոփոխություններ կկատարվեն։

Արդյունքում՝ դրանք  երկուսում  արմատական   կլինեն,  կունենանք  նաև  ևս  մեկ նոր՝  «Հաշվապահական հաշվառման ու աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին»  օրենք, կստեղծվի մասնագիտացված կառույց՝ պալատ: Ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանի փոխանցմամբ.«Պալատի գործառույթը  փոխանցել Հայաստանի հաշվապահների ու աուդիտորների ասոցիացիայի  հիման վրա ստեղծված  պալատին ՝ որակավորված հաշվապահների ու աուդիտորների պալատ, իսկ հսկողության գործառույթը կիրականացնի խորհուրդը, որը կգործի ֆինանսների նախարարի հրամանով։ Այն կլինի նախարարությանը կից, կգործի  հասարակական հիմունքներով»:

Խորհուրդը նախնական՝ յոթ անդամ կունենա,  4- ը ֆինանսների նախարարությունից,  2- ը՝ ԿԲ- ից, 1- ը՝ հասրակական կազմակերպություններից:  Աուդիտորական  գործունեությամբ զբաղվող  «Ասատրյանս»  ընկերության փոխտնօրեն Ալբերտ Ասատրյանը խորհրդի անդամների նախնական կազմից դժգոհություններ չունի: Ֆինանսների նախարարությանը վստահում է, նախաձեռնությանն էլ կողմ է։ Նա էլ է փոխնախարար Դավիթ  Անանյանի նման միջազգային փորձը մատնանշում:

Ֆինանսների նախարարությունում ցանկանում են վերականգնել պարտադիր աուդիտի նորմը,  որը հանվեց 2014թ:  «Ռադիոլուրի» հետ  զրույցում «Պրոֆիկոն» ընկերության ֆինանսական տնօրեն, որակավորված աուդիտոր Վրեժ Մխիթարյանը պարտադիր բաղադրիչին է դեմ, նա կարծում է, որ համակարգում պետք է այնպիսի մեխանիզմներ ներդրվեն, որպեսզի տնտեսվարողն ինքը ցանկություն ունենա  ֆինանսական հաշվետվությունները կարգի բերել, օրինակ, դրական եզրակացություն ստացած կազմակերպությունները հնարավորություն ունենան մասնակցել գնումների գործընթացին:

Ինչո՞ւ, տնտեսվարողների  մի մասը  խուսափում է թափանցիկ ֆինանսական հաշվետվություն  ունենալու հնարավորությունից՝ հարցնում եմ զրուցակցիս.«Ինչ- որ բան են թաքցնում, չեմ կարծում, որ եթե ես բաց ու թափանցիկ աշխատեմ, ինչ ունեմ թաքցնելու»:

Հիշեցնեմ՝ մինչ օրենսդրական այս նախաձեռնությունը,  բոլոր խոշոր կազմակերպությունները ֆինանսական հաշվետվություն ներկայացնելուց առաջ պարտադիր աուդիտ էին անցնում:

Աուդիտորական գործունեության լիցենզավորման  պարտադիր պահանջն  առաջարկվում է  փոխարինել աուդիտորական կազմակերպությունների ռեեստրի վարման գաղափարով: Այժմ գործունեություն իրականացնելու  համար պետք է ֆիննախից ստանան համապատասխան հավաստագիր:  Այս գործառույթն էլ  կփոխանցվի պալատին: Ավելին, այս կառույցը կստանա նաև աուդիտորական կազմակերպությունների կողմից վճարվող տարեկան 250 հազար դրամը: Պետբյուջեն այսպիսով ամեն տարի կկորցնի շուրջ 9 մլն դրամ: Փոխարենը, ըստ մասնագետների, ոլորտը առավել թափանցիկ ու արդյունավետ կդառնա:

Ցուցադրել ավելի
Back to top button