Քաղաքական

Շարպանտիե.«Հակամարտության լուծումը միջնորդների ձեռքում չէ»


Նախագահ Օլանդի հրավերով՝ մարտի 8-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Ֆրանսիա՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն՝ հստակեցնելով, որ այցի ընթացքում մեծ ուշադրություն է հատկացվելու նաև Հայաստանի տնտեսական գրավչության խնդրին։ Հայ-ֆրանսիական հարաբերությունները բոլոր ոլորտներում շատ հագեցած են և դինամիկ զարգացում են արձանագրում՝ ասել է դեսպանը։ Նա շեշտել է, որ Ֆրանսիայի կողմից ՀՀ ուղղորդվող օժանդակությունն աճել է: ԱՄՆ-ից ու Գերմանիայից հետո Ֆրանսիան երրորդ երկիրն է օժանդակության տրամադրման չափի առումով: Նա հատուկ շեշտել է նաև, որ ՀՀ-ին սպասվող ընտրությունների լավ կազմակերպման համար 7 մլն եվրո է տրամադրվել, ակնկալում է, որ ընտրական համակարգին նկատմամբ հասարակության վստահության աճի ականատես կլինեն։

Ապրիլին և ՀՀ-ում և Ֆրանսիայում ընտրություններ են սպասվում, որոնք կարող են հանգեցնել կարևոր փոփոխությունների: Հայաստանը քայլ է կատարում դեպի խորհրդարանական կառավարում, մինչդեռ ֆրանսիացիները հավատարիմ եմ կիսանախագահական համակարգին՝ ուղղակիորեն ընտրելով հանրապետության նախագահին: ՀՀ-ում սպասվող ընտրություններում կարևորը ոչ այնքան տեխնիկական մոտեցումներ ապահովելն է, որքան վստահության ամրապնդումը՝ ասաց ՀՀ-ում  Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: Եվ դա է պատճառներից մեկը, որ ԵՄ­ն որոշեց աջակցել Հայաստանին՝ տրամադրելով 7 մլն եվրո, որը բավականին ծանրակշիռ գումար է: Մեր բոլորի ցանկությունն է, որ ընտրությունները լավ պայմաններում տեղի ունենան՝ ասաց դեսպանը:

«Խնդիրը ոչ թե տեսախցիկներով, տեխնիկական միջոցներով ապահովելն է, որքան վստահության ամրապնդումը»:

Անցում Արցախյան կարգավորմանը։ Հայաստանի համար թիվ մեկ հրատապ խնդրի լուծման միակ ճանապարհը բանակցություններն են, խաղաղ կարգավորումը՝ կարծում է Հայաստանում ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն:

Երկու կողմերում էլ  զոհեր կան, ու խոսքը միայն ապրիլյան պատերազմի զոհերի մասին չէ, զոհեր լինում են նաև այսօր և այս վիճակը չի կարող գոհացնել, դրա համար պետք է վստահության մեխանիզմներ ներդրվեն՝ ասում է Ֆրանսիայի դեսպանը:

«Կարևոր է մեկ հանգամանք ևս հաշվի առնել՝ հակամարտության լուծումը միջնորդների ձեռքում չէ, հակամարտության լուծումը պայմանավորված է հակամարտող կողմերի ցուցաբերած քաղաքական կամքով»:

Մադրիդյան սկզբունքները կարգավորման լավ հիմք կարող են լինել՝ կարծում է Ժան Ֆրանսուա Շարպանտիեն: Հարցին, թե ինչու միջնորդները հասցեական հայտարարություններ չեն հնչեցնում, դեսպանը խորհուրդ տվեց ուշադիր կարդալ ՄԽ համանախագահների հայտարարություններն ու փորձել կարդալ նաև տողատակերում: Վերջին 1- 1.5 տարվա հայտարարությունները հստակ ուղերձներ են պարունակում՝ ասաց, այդուհանդերձ՝ իր խոսքում զերծ մնալով հասցեական որևէ ձևակերպումից:

ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ուղղությամբ  բանակցություններն այսօր այլ ոգով են ընթանում՝ հաշվի առնելով 2013 թվականին ասոցացման համաձայնագրի նախաստորագրման տապալումը: Եթե ակնկալվող համաձայնագրի ստորագրման գործընթացը ակնկալվում էր ազատ առևտրային գոտիների ստեղծում ՀՀ-ԵՄ միջև, այսօր սակայն այդ դրույթը չկա:

« Ապագա, ակնկալվող համաձայնագիրը իր բնույթով շատ տարբեր է լինելու: ՀՀ կատարել է իր ընտրությունը և մենք հաշվի ենք նստում դրա հետ և ապագա համաձայնագիրը իր բնույթով շատ տարբեր է լինելու նախորդից: Սակայն դա չի նշանակում, թե նոր համաձայնագիրը հավակնոտ չի լինելու և միտված չէ ապագային»:

ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները եզրափակիչ փուլում են՝ հստակեցրել է նա:

Իրանին ՀՀ-ԵՄ հարաբերություններում ներգրավելու հնարավորություն չի դիտարկվում նոր համաձայնագրով՝ հարցերին ի պատասխան ասաց Ֆրանսիայի դեսպանը՝ բացատրելով՝ դա ՀՀ-ԵՄ հարաբերություններ են և դրանում երրորդ երկիր չի դիտարկվում։

Ցուցադրել ավելի
Back to top button