Քաղաքական

Ինչո՞ւ է Արցախն անցնում նախագահական կառավարման


Ինչպես են Արցախի սահմանադրական փոփոխությունները գնահատվում Հայաստանում, ինչ կարծիք կա իրավական շրջանակներում. արդյոք հիմնավորված է համարվում   նախագահական համակարգի ընտրությունը: Այս հարցերը, նաև այն, թե որքանով հետշ կհամադրվեն հարաբերությունները խորհրդարանական ընտրակարգն ընտրած Հայաստանի հանարպետության և դեպի նախագահական համակարգ գնացող  Արցախի հարաբերությունները, «Ռադիոլուր»-ը քննարկել է իրավաբանների հետ:

Փաստացի պատերազմական իրավիճակում և միջազգայնորեն  դեռևս չճանաչված կարգավիճակում գտնվող պետության համար անցումը կիսանախագահականից նախագահական համակարգին իրավական առումով հիմնավորված է` այս կարծիքը պաշտպանում է  արդարադատության նախկին նախարար, սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Գևորգ  Դանիելյանը:  Հայաստանի հետ զուգահեռներ  տանելն ու եզրահանգելը, թե եթե Հայաստանը կարող էր գնալ կառավարման խորհրդարանական մոտդելով,  ապա ինչու դա անել չէր նաև Արցախը, ըստ Դանիելյանի,  տեսակետ է, որը կարող է գոյություն ունենալ, բայց կարող է նաև թյուրըմբռնում առաջացնել:  Որքան էլ պատերազմական իրավիճակն առնչվում է թե Հայաստանին, թե Արցախին, միևնույնն է կան տարբերություններ:

«Արցախը որպես պետական կազմավորում դեռևս ճանաչված իսկ դա ենթադրում է որոշակի վերապահումներ: Հայաստանի դեպքում ցանկալի և  շահեկան էր խորհրդարանական կառավարման գնալը, պատերազմական վիճակում գտնվող պետության դեպքում ցանկալի է կենտրոնացված կառավարումը»:

Արցախն առայժմ  միջազգային ճանաչում չունի և ապրում է իրեն պարտադրված արտակարգ դրության պայմաններում, իսկ  այդ իրավիճակում  կառավարման համակարգի ճկունությունն ու որոշումների կայացման, իրագործման օպերատիվությունը հատկապես կարևոր են: Այսպես են հիմնավորում նախագծի հեղինակները կառավարման մոդելի փոփոխությունը:  Ի դեպ, մինչև ապրիլյան պատերազմը Արցախում քննարկվում էր խորհրդարանական մոդելին անցնելու տարբերակը, ապրիլյան պատերազմը փոխեց փոփոխությունների կոնցեպտը՝ սեղանին թողնելով միայն նախագահական համակարգի տարբերակը:

Դրա ընդդիմախոսները նոր համակարգին այլ բնորշում են տալիս՝ անցում է կատարվում սուպերնախագահական համակարգի, որում ողջ իշխանությունը կենտրոնանալու է նախագահի ձեռքին: Այս կարծիքին է օրինակ Թրանսփերենսի ինթերնեշնլ կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը:

«Մինչև ապրիլյան պատերազմը հիմնավորվում էր խորհրդրանական մոդելի անհրաժեշտությունը, ապրիլից հետո դրվեց սուպերնախագահական համակարգի մոդելը, որը, մի կողմից, վերացնում է իշխանությունը բալանսավորելու հնարավորությունը, մյուս կողմից՝ նախագահին անսահմանափակ լիազորություններ է տալիս»:

Սուպերնախագահական որակումը, ըստ Գևորգ Դանիլեյանի հրապարակախոսության ժանրից է: Իրավական առումով հիմնավորում չունի: Մեր զրուցակցի գնահատմամբ՝ հատկապես նախագծի վերջնական տարբերակում հստակ ամրագրվել են  հակակշռներ ու բալանս ապահովող մեխանիզմներ:

Հակակշիռներից մեկն, օրինակ հետևյալ մեխանիզմն է: Ըստ նախագծի՝ Հանրապետության նախագահն իրավունք ունի լուծարել Ազգային ժողովը, բայց եթե գնա այդ քայլին , ապա դադարում են  նաև  իր լիազորությունները:

Բանվեճի  առարկա մյուս հարցերից մեկն էլ վերաբերում է այն դրույթին, որը դատավորների , դատախազների համար  կուսակցական պատկանելիության արգելք դնում է, իսկ  զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության համար այդ սահմանափակումը թողնում է օրենսդրական կարգավորմանը: Ընդդիմախոսներն այստեղ  քաղաքականացման թաքնված վտանգներ են տեսնում, ինչին Գևոգ Դանիելյանը պատասխանում է հիշեցմամբ՝ նույն կարգավորումը գործում է նաև մեր Սահմանադրությամբ:

«Սա ընդհանուր իրավական կարգավորում է, Արցախի սահմանադրական կարգավորումների շրջանակում  ինչ-որ հատուկ բան նախատեսված չէ: Վերջին հաշվով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիան ևս այդ կարգավորումը թողնում է ազգային օրենսդրությանը»:

Բոլոր իրավական կարգավորումներից զատ՝  սահմանադրական փոփոխությունները  մեկ այլ կարևոր ամրագրում էլ կանեն՝ ամենաբարձր իրավական ուժ ունեցող փաստաթղթով կվերականգնեն տարածքի պատմական  անվանումը և կհռչակեն Արցախի հանրապետության գոյությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button