Հասարակություն

Ժողովրդական ու ծիսական մյահյուսված տոն Էջմիածնում


Տեառնընդառաջի տոնը  ավանդաբար նշվում է հոգևոր մայրաքաղաքում: Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի տան բակում վառվել է մեծ խարույկ, նորապսակներին ու 40-օրյա մանուկին օրհնել է  եկեղեցու ծիսական ավագ քահանան:  Տոնը  յուրահատուկ ձևով են նշել նաև Մեր տուն հասարակական կազմակերպությունում ապրող մանկատան աղջիկները: Նրանք ձևավորել են կենաց ծառը, բարեմաղթանքներ ամրացրել ճյուղերին, իսկ երազանքներն ուղարկել են երկինք՝ կապելով աղավնու ոտքերին:

Տերընդեզ  դարման ու կես, առ հաց ու կես՝ ելիր գեղես, տերընդեզ՝ մխի դին տես, մի փութ ցանես՝ հարյուր քաղես,,- ժողովրդական  բանահյուսությամբ կանխորոշվել է բարեբեր տարին: Խարույկ են  վառել,  երգել ու պարել, իսկ մոխիրը լցրել արտերի մեջ, որպեսզի առատ բերք ստացվի, քսել տան դռներին ու պատերին, որպեսզի հաջողություն լինի:  Տերընդեզը կամ տեառնընդառաջը ժողովրդի ամենասիրած տոներից մեկն է, որը խորհրդանշում է 40-օրյա մանուկ  Հիսուսին տաճարին ընծայումը: Տաճարում նրան ընդառաջ է գալիս Սիմեոն ծերունին, որին սուրբ հոգուց հրամայված էր մահ չտեսնել, մինչև տիրոջ օծյալին տեսնելը:

Տեառնընդառաջը նաև նորապսակների օրհնության օրն է:  Ժողովրդական ու ծիսական ավանդույթը  մեծ շուքով  է նշվում  Էջմիածնում: Եկեղեցուց բերված ճրագով վառվում է տերենդեզի խարույկը, նորապսակները շուրջպար են բռնում:

Նորապսակների օրհնության օրը Ժենյան ու Արան նոր ընտանիք են կազմում, նրանց հարսանիքն է, համատեղ կյանքը ցանկանում են սկսել մաքրամաքուր և չար աչքից հեռու:

,,Ուզում եմ, որ այն երջանկությունը, որ հիմա ես եմ զգում, բոլորը զգան,,:

Նորապսակների առաջին ցանկությունը  առողջ երեխա  ունենալն է, առանց սեռի տարբերակման:

Ծիսական ու ժողովրդական միահյուսված տոնի կապակցությամբ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը շնորհավորեց նորապսակներին ու 40-օրյա մանուկին՝ նվիրելով ոսկյա զարդեր:

,,Շնորհավորում եմ բլորիդ և հավատացնում, որ դուք ճիշտ ընտրություն եք կատարել, ընտանիք կազմելով, դուք  դառնում եք պետության ամուր հիմքը և ձեր սերնդին կապում մեր հող ու ջրին,,:

Տերենդեզի ճրագը մարդիկ եկեղեցուց տանում են տուն, իրենց բակում խարույկ վառում:

,,Ճրագը տանում եմ տուն, որ տանը ուրախություն լինի,  որ տարին հաջողակ լինի և, ամենակարևորը, աշխարհին խաղաղություն լինի, մեր երեխեքին՝ համբերություն: Աստված իրենց պահապան,,:

Տեառնընդառաջի տոնին առանձնահատուկ էին պատրաստվել Էջմիածնի Մեր տուն  հասարակական կազմակերպության աղջիկները: Նրանց ձեռքերով պատրաստված հալվան, փոխինդն ու աղանձը յուրահատուկ համ ու տեսք ունեին:  Կարևորելով օրվա խորհուրդը  աղջիկները տարբեր ցանկություններ ու բարեմաղթանքներ էին գրել ու ամրացրել կենաց   ծառի ճյուղերին:

,,Հավերժ կյանք և ոչ մի կռիվ, խաղաղություն:

Գարնան փթթուն ծառերի պես, քաղցր, հասած նռների պես, թող ձեր սերն էլ փթթի, հասնի:

Երջանկություն և սեր նորապսակներին,,:

Կենաց ծառը մանկատան աղջիկների  տոհմածառն է դառնալու, նրանք փթթած ու բողբոջած ճյուղերի նոր շիվերն են: Տեռնընդառաջի խարույկը վառեցին նաև Մեր տան աղջիկները և հետևեցին, թե որ ուղղությամբ է գնում ծուխը:

,, Եթե ծուխը հարավ կամ արևելք գնա, ապա բերքը լավ է լինելու, իսկ  եթե հյուսիս կամ արևմուտք՝ վատ,,:

Տարին բարեբեր է լինելու նրանց համար: Աղավնին խաղաղության խորհրդանիշ է և ամենահավատարիմ զույգը: Մանկատան աղջիկներն իրենց երազանքներն ու ցանկությունները  գրել էին թղթին,  կապել աղավնու ոտքին և  բաց թողել: Բարեմաղթանքները ուղղված էին նաև  մայր հայրենիքի հզորացմանն ու խաղաղության պահպանմանը:

Ժողովրդական ավանդույթներին ծանոթացնելով  Մեր տան աղջիկների մոտ մշակույթ է ձևավորվում, որոնք կշարունակվեն իրենց կազմած ընտանիքներում:

,,Նպատակը այն է, որ  Մեր տան աղջիկներին ծանոթացնենք ավանդույթներին ու սովորույթներին, թե ինչպես են տոնում, ինչպես են հյուրասիրում, որպեսզի իրենք իրենց ընտանիքներում կարողանան այս ամենը անել,,- ասում է Մեր տուն հասարակական կազմակերպության փոխտնօրեն Մարիամ Կիրակոսյանը:

Ժողովուրդն ասում է՝ երբ տերենդեզի կրակը գետնին է կպնում, այդ ժամանակ էլ ձմեռը կոտրվում է, օրերն աստիճանաբար  տաքանում են:

Ցուցադրել ավելի
Back to top button