Հասարակություն

Զանգել ԱՊՊԱ, թե՞ փրկել տուժածին. վարորդի ընտրությունը


Վթարի դեպքում մեղավոր կողմը պետք է ապահովագրական ընկերություն զանգի դեպքից անմիջապես հետո, եթե իհարկե ուզում է իր պատճառած վնասը փոխհատուցվի: Հակառակ դեպքում, եթե տվյալ վարորդը առաջնային փորձի փրկել վթարի մյուս մասնակիցների կյանքը և այդպիսով ուշ տեղեկացնի ԱՊՊԱ գործակալությանը, չի բացառվում, որ դեպքից մի քանի տարի անց ապահովագրական ընկերությունը հետադարձ պահանջ ներկայացնի տվյալ վարորդին եւ իր փոխհատուցած գումարը հետ պահանջի իր հաճախորդից: Նման մի պատմության հետքով էլ գնացել է «Ռադիոլուրը» և պարզել, որ նման դեպքերում օրենքը ապահովագրական ընկերության կողմն է:

 

 

Բոլորին ծանոթ այս ձայնին Հայաստանում արդեն 6 տարի է հաջորդում է ապահովագրական ընկերության ներկայացուցչի ժամանումը: Ինչը սակայն չի նշանակում, որ ապահովագրական  գործակալի ժամանելուց և վնասը փոխհատուցելուց հետո այս վթարը մնա անցյալում: Չի բացառվում, որ դեպքից մի քանի տարի հետո ապահովագրական գործակալությունը նորից հիշեցնի այդ վթարի մասին և գումարը հետ պահանջի: Հենց նման իրավիճակում է հայտնվել զրուցակիցս:

Օրենքով վարորդը պետք է ապահովագրական ընկերություն զանգեր դեպքից անմիջապես հետո: Իսկ զրուցակցիս ու երևի թե ցանկացած ծնողի համար առաջնայինը երեխայի կյանքն ու անվտանգությունն է, ապա նոր ֆինանսական խնդիրները:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակից տեղեկացանք, որ նման վարույթներ շատ քիչ են եղել: Օրինակ՝ անցյալ տարի ապահովագրական ընկերությունների դեմ ուղղված 1248 բողոքներից միայն 53-ն են հետադարձ պահանջի մասին: Պահանջներն ընդունող և քննող խմբի ղեկավար Հրանուշ Աղայանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց, որ որպես կանոն ֆինանսական հաշտարարը կարող է միջամտել մինչև տվյալ գործի դատարան մտնելը: Հաշտարարը չի կարող միջամտել նաև դատական վճռից հետո:

Ի դեպ՝ ապահովագրության մասին  օրենքում կան հստակ սահմանափակումներ, թե երբ կարող է ընկերությունը հետադարձ պահանջ ներկայացնել վնաս պատճառողի կամ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ:

Իրավական առումով ԱՊՊԱ գործակալությունն իհարկե ճիշտ է, բայց այստեղ կան մի շարք նրբություններ, որոնք չեն բխում սպառողի շահերից:  Այս առումով «Իրազեկ և պաշտպանված սպառող» հկ նախագահ Բաբկեն Պիպոյանը կարծում է, որ օրենքը որոշ իմաստով վերանայման կարիք ունի:

Ապահովագրության մասին օրենքում, ի դեպ, որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել: Եթե նախկինում մեքենայի սեփականատերը պետք է զանգեր վթարից անմիջապես հետո, ապա 2016 թվականի   համապատասխան փոփոխությամբ՝ վարորդը ԱՊՊԱ գործակալություն զանգելու համար ունի 40 րոպե ժամանակ՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց փաստաբան Արամազդ Կիվիրյանը: Այդուհանդերձ՝ անկախ նրանից, թե օրենքն ինչ է ասում, փաստաբանը կարծում է, որ գործի քննության ժամանակ պետք է հաշվի առնվեն բոլոր հանգամանքները: Ըստ այդմ՝ եթե վարորդը զանգել է 40 րոպեից ուշ և ներկայացնում է գործակալությանը ուշ դիմելու  բոլոր օբյեկտիվ պատճառները՝ դատարանը պետք է հաշվի առնի այդ ամենը:

Ինչևէ՝  վթարներից և դժբախտ պատահարներից ապահովագրված չէ և ոչ ոք:-

Այնուամենայնիվ, եթե հայտնվել եք նման իրավիճակում, ձեր ընտրությունն է՝ անմիջապես զանգել ապահովագրական ընկերությանը, թե փրկել վթարում տուժածի կյանքը՝ հույս ունենալով, որ այդ քայլը կգնահատի եթե ոչ ԱՊՊԱ- ն, ապա գոնե դատարանը:

Ցուցադրել ավելի
Back to top button