ԿարևորՏնտեսական

Արդյունաբերական նախկին հսկայի սնանկության գործը սկսվեց


Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում անցած տարվա նոյեմբերի 28-ի արագացված դատական նիստում ՀԷՑ ՓԲԸ-ի հայցի հիման վրա «Նաիրիտ» գործարան ՓԲԸ-ն ճանաչվել էր սնանկ: Նույն դատարանի շենքում այսօր կայացել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարչի նշանակած Պարտատերերի առաջին ժողովը: Այն, ըստ էության, որոշելու է «Նաիրիտ»-ի հետագա ճակատագիրը. կամ կվերագործարկվի, կամ, ինչպես նաիրիտցիներն են ձեւակերպում, կտանեն վերջնական կործանման։  «Ռադիոլուրը» հետեւել է արդյունաբերական հսկայի սնանկության գործով կառավարչի նշանակած Պարտատերերի առաջին ժողովին:

 

Օրենքի սահմանված կարգով «Նաիրիտ»-ի ֆինանսական առողջացման ծրագիր դատարան չի ներկայացվել: Գործարանի ընդհանուր պարտքը կազմում է 100 մլն դոլար:  Նման ծրագիր ներկայացնելու ժամկետը լրացել է այսօր: Այսինքն՝ մինչ Պարտատերերի առաջին ժողովը: «Նաիրիտի» նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը, որը նույնպես պարտատերերի թվում է՝ չի ստացել շուրջ 7 մլն դրամի աշխատավարձ, առաջարկեց. «Հետաձգենք: Ժողովը համարենք չկայացած, ժամկետ վերցնենք՝ առողջացման ծրագիր ներկայացնելու համար: Առողջացման ծրագիրը կա»:

Առաջարկն ընդունվեց ի գիտություն: Ժողովը կայացավ: Այսպիսով՝ մեկնարկում է «Նաիրիտ»-ի լուծարման վարույթը: Գործընթացից գոհ չեն նախկին նաիրիտցիները: Արա Կարայանը օրվա նիստը համարեց անօրինական:

«Նաիրիտ»-ի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանն ասաց, թե պատրաստ է բոլոր հարցերը քննարկել, սակայն, ոչ տվյալ նիստում, քանի որ առաջին նիստն ուներ հստակ օրակարգ: Այն էր՝ ձեւավորել Պարտատերերի խորհուրդը: Հստակեցվեցին եւ ներկայացած 10 պարտատերերից խորհրդում  ընդգրկվեցին 5 ամենախոշորները:

Պարտատերերի խորհրդի ցանկում ընդգրկված 5 ամենախոշորների թվում են նաեւ Երեւանի ՋԷԿ-ը՝ շուրջ 23 միլիարդ դրամ եւ 7.5 միլիոն դոլար պարտքի պահանջով, «Գազպրոմ Արմենիան»՝ 1 մլրդ 359 միլիոն 809 հազար 268 դրամի պահանջով եւ «Նաիրիտ 2»-ը:

Այսպիսով, 5 ամենախոշոր պարտատերերից ձեւավորված խորհուրդը ներկայացնելու է բոլոր պարտատերերի շահերը՝ մասնակցելով սնանկության հետագա գործընթացներին: Արդյունաբերական նախկին հսկայի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանը պարզաբանեց, թե վարույթը կհարուցվի դատարանի որոշմամբ՝ հանձնաժողովի աշխատանքների արդյունքի ամփոփման հիման վրա: Նրա խոսքով՝ վարույթ սկսելը, սակայն, չի նշանակում, թե ամեն ինչ վերջացավ: Նույնիսկ սնանկացման վարույթի ընթացքում կարող է առողջացման գործընթաց լինել եւ  ավարտվել հենց առողջացմամբ՝ ասաց:

Նախկին «Նաիրիտցիները», մինչդեռ, լավատես չեն այդ առումով: «Նաիրիտ» գործարանի համակարգող խումբը, մինչդեռ, շարունակելու է ամենատարբեր միջոցներով պայքարել գործարանի հետագա ճակատագրի համար՝ վստահեցրեց խմբի համակարգողը:

Ցուցադրել ավելի
Back to top button