Մշակույթ

Ամերիկյան ֆիլմերի ցուցադրություն՝ հայ հանդիսատեսի համար.մուտքն անվճար է

Այսօրվանից Հայաստանում մեկնարկում է ամերիկյան ֆիլմերի ցուցաշարը, որի շրջանակներում ներկայացվելու են գեղարվեստական ու վավերագրական ֆիլմեր: Այս առիթով Հայաստան են ժամանել նաև ամերիկյան ռեժիսոր Ջանեթ Գրիլոն, ով հանդիսատեսին հայտնի է իր «Կարմիր սրտերի Ջեքը» մրցանակակիր ֆիլմով և մոնտաժի վարպետ Դագ Բլաշը: Նրանք վարպետության դաս են անցկացնելու հայաստանյան ռեժիսորների, մոնտաժի մասնագետների հետ, ներկա են գտնվելու նաև ֆիլմերի ցուցադրությանը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ասաց, որ իրենց շնորհիվ անցկացվող այս ցուցաշարը, վարպետության դասերը հնարավորություն կտան հայ հանդիսատեսին ոչ միայն ծանոթանալ իրենց մշակույթին, կինոարվեստին, այլև երիտասարդ հայ կինոարտադրողների համար կնպաստի հմտությունների կատարելագործմանը:

Դեսպանն ասաց, որ այս տարի լրանում է հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների 25 ամյակը և իրենք նախատեսում են բազմաթիվ միջոցառումներ անցկացնել, որոնք կկարևորեն բարեկամությունը երկու երկրների միջև:

Առաջիկա երկու ամիսներին ցուցադրման համար նախատեսված են տասնյակ ֆիլմեր, որոնք ցուցադրվելու են նաև Վանաձորում ու Գյումրիում:

Կինոգետ Մելիք Կարապետյանը, ով ծրագրի հայաստանյան ղեկավարն է, ասաց, որ ամերիկյան կյանքի զանազան դրվագները ֆիլմերի միջոցով ցուցադրվելու են: Նա շեշտեց, որ մուտքը բոլոր ցուցադրություններին անվճար են:

Ջանեթ Գրիլոն էլ, ով խոստովանեց, որ Հայաստանում առաջին անգամ է, բայց ոչ վերջին, նշեց, որ իր համար պատիվ է ֆիլմը ներկայացնել Հայաստանում ցուցադրվող ֆիլմաշարում:

Վերջինս նշեց, որ իր ֆիլմը աուտիզմ ունեցող երեխայի մասին է, և ինքը՝ որպես մայր, ով զգացել է դրա բարդություններն իր վրա, ֆիլմի միջոցով փորձել է ցույց տալ զգացմունքները, որոնք ապրել է:

Ի դեպ, ֆիլմերը ցուցադրվելու են «Մոսկվա կինոթատրոնում», ԹՈՒՄՈ կենտրոնում, «Ակումբում», Հայ բարեգործական հիմնադրամում՝ հայերեն ենթագրերով:

Ցուցադրել ավելի
Back to top button