ԿարևորՔաղաքական

Սահմանին իրավիճակը լիովին վերահսկվում է. Վիգեն Սարգսյան


Հայկական զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը սահմանին, այսօր Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ` անդրադառնալով վերջին օրերին լարվածության աճին:

Նախարարի խոսքով՝ սահմանային իրավիճակին անհրաժեշտ է հետևել ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ պաշտոնական հաղորդագրություններով,  քանի որ ՊՆ-ն երբեք գաղտնիք չի պահում, իրավիճակը ներկայացնում է այնպես, ինչպես որ կա: Յուրաքանչյուր անգամ, երբ լինում են հրադադարի խախտումներ, դրանց մասին շատ բաց խոսվում է` նշելով, թե՛ խախտումների քանակը, թե՛ կիրառված միջոցները։

«Բոլորը պետք է իմանան, որ իրավիճակը լիովին վերահսկվում է: Որևէ մեկը թող չմտածի, որ այս խախտումները կարող են հուսահատեցնել կամ լարումը հասցնել այն աստիճանի, որ մենք երկնչենք մեր գործը կատարելուց։ Մեր զինվորները՝ որպես անկախության տարիներին ծնված ու մեծացած սերունդ, փայլում են իրենց ոգով, նվիրվածությամբ ու համոզվածությամբ, որ իրենց կատարած գործը անհրաժեշտ է բոլորիս»,- վստահեցրեց Վիգեն Սարգսյանը:

Նշենք, որ այսօր՝ Սուրբ Սարգիս զորավարի տոնին,  Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հանրապետության նախագահի ներկայությամբ օրհնել է հայ զինվորներին եւ պարգեւատրել պատարագին մասնակից առաջնագիծը պահպանող 20 քաջ զինվորներին։

Ցուցադրել ավելի
Back to top button