Տնտեսական

Իտալական պիցցայի հոտը կտարածվի Սյունիքից


Սյունիքի  զարգացման և ներդրման հիմնադրամն այս տարվա  հունվարի 1- ից ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված  հերոսների ընտանիքներին գումարային աջակցություն է տրամադրում:  Նույն հիմնադրամը հոգում է նաև մարզի գերազանցիկ ուսանողների ուսման հետ կապված ծախսերը:  Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն է, ով երեկ կառավարություն էր ներկայացրել մարզի զարգացման ներդրումային ծրագրերը:  Դրանք  գործադիրում հավանության են արժանացել:  Բացի երեկ հաստատված ծրագրերից Հայաստանի հարավում գտնվող այս մարզում հետաքրքրիր այլ նախագծեր նույնպես կյանքի են կոչվում: Այսօր՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում  Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը ներկայացրել է հետաքրքիր  ներդրումային նախագծերը։


Հայաստանի հարավային դարպասից՝ Կապանից,  արդեն գարնանը     իտալական պիցցայի համն ու հոտը կտարածվի Սյունիքի մարզում: Սահմանակից Իրանում գուցե իտալական  պիցցայի բույրը հասնի, սակայն այն առայժմ համտեսելու հնարավորություն կունենան տեղացիները,  նաեւ Սանկտ- Պետերբուրգի  ու Մոսկվայի  սպառողները: Արտահանման հստակ պայմանավորվածությունն առայժմ  ռուսական շուկայում է: Ընդհանուր նախագիծը  մոտ  200 հազար դոլար կարժենա: Ներդրողները իտալացիներ են:

Ինչպես Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին հաջողվեց նրանց Երևանից Կապան տանել, մարզի ղեկավարը  «Ռադիոլուրի» հետ  զրույցում  փակագծերը  չի բացում.«Ընկերներիս միջոցով եմ համոզել, իմ խնդրանքով են նրանք եկել»:

Սյունեցիների  խնդիրներին «Ռադիոլուրը» բազմիցս է անդրադարձել, նրանք իրենց զրույցներում մի քանի կարևոր հարցեր են բարձրացնում ՝ աշխատատեղերի պակաս, հողի մշակման համար  էլ՝ գյուղտեխնիկայի ոչ բավարար քանակ ու մաշվածություն: Զրուցակիցներս Սյունիքի մարզի խոշորացված Խոտի ու Շինուհայրի բնակիչներն են:

Մարզի ղեկավարությունը խնդիրներից տեղյակ է,  գյուղտեխնիկայի հետ կապված հարցերի   լուծման տարբերակները գտնված են: Կառավարությունում նույնպես գիտեն դրա մասին։ Ավելին, քննարկվել են մարզի զարգացման ներդրումային ծրագրերը:   Խնդրի կարևորությունից ելնելով՝ ծրագրերը գյուղատնտեսական ուղղվածություն ունեն: Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում կհիմնվեն գերմանական  գյուղտեխնիկայի վարձակալման ու սպասարկման կենտրոններ: Մանրամասները «Ռադիոլուր»-ի  հետ զրույցում մարզպետ Վահե Հակոբյանն է փոխանցում.«Մեր ուսումնասիրությունները   ցույց են տվել, որ գյուղտեխնիկայի պահանջարկ կա, նորմալ, որակյալ տեխնիկայի, սակայն գյուղացիներն ի վիճակի չեն դրանք գնել: Մենք ուզում ենք իրենց այդ հնարավորությունը տալ։ Մենք մեր միջոցներով դրանք կգնենք, վարձակալությամբ  կհանձնենք գյուղացիներին»:

Գյուղատնտեսական ամենապարզ տեխնիկայից  մինչև ամենաբարդը՝  կոմբայններ, տրակտորներ, վարձակալելու են: Շուրջ 30 միավոր գյուղատնտեսական  տեխնիկա  կգնվի:

Տեխնիկական միջոցների ձեռքբերման համար անհրաժեշտ է 1,3 մլրդ դրամ, ևս  800 մլն դրամ էլ սառնարանային տնտեսություն հիմնելու համար կպահանջվի:  Միջոցները Սյունիքի զարգացման ու ներդրման հիմնադրամն ու կառավարությունն են հատկացնելու: Երկու ծրագրերի արդյունքում 50-ից  ավելի աշխատատեղ կստեղծվի:  Մարզի ղեկավարն այս պահին կարևորում է  հետևյալը

«Այս պահին առաջնահերթությունն այն է, որ գյուղացին հնարավորություն ունենա ավելի ազատ լինել իր աշխատանքի մեջ»:

Կապանի տարածաշրջանում  ռետինի ու երկաթի մշակման գործարաններ են կառուցվում։ Արդյունքում՝ ևս 50 աշխատատեղ կստեղծվի:

Մարզի զարգացման ծրագրում  նաև ներառված է Կապանի օդանավակայանի հնարավոր վերագործարկման  ծրագիրը։ Այն ուսումնասիրության փուլում է, փորձում են ներդրումների ծավալը  հասկանալ: Վահե Հակոբյանի հաշվարկներով այն մոտ 2 մլն դոլար կկազմի:

Մեղրու տարածաշրջանում նախատեսվում է հանգստի գոտի ստեղծել զբոսաշրջիկների համար։ Ակնկալիքները մեծ են նաև Մեղրիում ազատ տնտեսական  գոտուց:

Ցուցադրել ավելի
Back to top button