ԿարևորՔաղաքական

Ջանքեր, որ ՀՀ- ն քարտեզի վրա հայտնվի որպես բրենդ` ասում է Շվեյցարիայի դեսպանը


«Հայաստանում ներդրումների ծավալով  Շվեյցարիան շարունակում է մնալ առաջին քսանյակում»,- ասում է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանը:
Նա հիշեցնում է, որ 2015 թվականին շվեյցարական ընկերությունները 90 միլիոն դոլարի ներդրումներ են իրականացրել Հայաստանում: «Կասկած չունեմ, որ ՀՀ-ն շարունակում է մնալ շվեյցարական լուրջ ընկերությունների  ուշադրության կենտրոնում որպես ներդրումային երկիր»,- ասել է դեսպանը՝ նշելով, որ Հայաստանից ևս ներդրումներ են արվում Շվեյցարիայում։ Գործարար գաղտնիության սկզբունքը պահպանելով՝ դեսպանը չի նշել, թե ովքեր կամ ինչ ընկերություններ են ներդրում արել իր երկրում, սակայն  տեղեկացրել է,  որ ներդրումներ եղել են ժամացույցների արտադրության ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Լուկաս Գասերը անդրադարձել է ղարաբաղյան խնդրին, հայ-թուրքական հարաբերությունների բացակայությանն ու Հայաստանի գրավչության մասին բարեկամական խորհուրդ տվել:

1994 թ. հրադադարի ռեժիմը պետք է հարգվի, մադրիդյան սկզբունքները կայուն հիմք են ԼՂՀ խնդրի հետագա հանգուցալուծման համար: Շվեյցարիան պատրաստ է  հակամարտությանը ներգրավված բոլոր կողմերին օժանդակություն ցուցաբերել հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու հարցում` վստահեցրեց Հայաստանում  Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասերը:

«Հակամարտության հանգուցալուծումը դեռ չի գտնվել։ Մենք բոլոր կողմերին ենք ուզում աջակցել, ինչը լուրջ դիվանագիտական աշխատանք է պահանջում։ Այդ գործունեությունը հրապարակային չի»:

1996-ին և 2014-ին, երբ Շվեյցարիան ԵԱՀԿ նախագահ էր, ինտենսիվ ներգրավված էր ՀՀ-ի և հարևանների հարաբերությունների կարգավորման գործին՝ հիշեցրեց դեսպանը:

Որքանով է հավանական, որ Շվեյցարիան վերստին ստանձնի հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման գործընթացում միջնորդական առաքելություն: Հարցին Լուկաս Գասերը նախ պատասխանեց,  թե բնական իրավիճակ չէ, որ երկու հարևան երկրների միջև, որոնք ունեն ընդհանուր սահման, գործնականում բացակայում են հարաբերությունները:

«2009-ի Ցյուրիխի արձանագրություններում մենք կարևոր դեր խաղաց ինք, որոնք նախաստորագրվեցին, սակայն այդպես էլ չիրականացվեցին: Այժմ էլ մենք ավելի քան պատրաստ ենք կրկին երկու կողմերին օժանդակություն տրամադրել, երբ նրանք դրան պատրաստ կլինեն»:

Շվեյցարիան այն եզակի երկրներից է, որտեղ ցեղասպանության ժխտումը քրեականացված է օրենքով և հարցին թե Փերինչեքի հարցով ՄԻԵԴ-ի որոշումը ազդե՞լ է շվեյցարական օրենսդրության վրա, դեսպանն ասաց. «ՄԻԵԴ-ի վճռից հետո Շվեյցարիան պարտավոր չէ իր հակառասիստական օրենսդրությունը փոփոխել. «Մտադիր չէ փոխել հակառասիստական մոտեցումը, մասնավորապես քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածի մասին է խոսքը: Փերինչեքինը մասնավոր դեպք է»:

Շարունակելով Հայաստան- հարևաններ հարաբերությունների թեման՝ Շվեյցարիայի դեսպանը նաև շեշտեց, որ Բեռնը քաջալերում է Երևան-Թեհրան հարաբերությունները:

Որպես Իրանի անմիջական հարևան Հայաստանը բարիդրացիական հարաբերություններ ունի Թեհրանի հետ և ունի ներուժ հարթակ ծառայելու Իրանի հետ տնտեսական հարաբերությունների և առևտրի ընդլայնման համար:

Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների չեղարկումից հետո Հայաստանը փորձում է դեպի իրանական տնտեսություն ներդրումների հոսքն ապահովող դարպաս դառնալ:

Շվեյցարիան էլ Իրանի հետ ունի շատ լավ հարաբերություններ և շահագրգռված է զարգացնել դրանք։  Հայաստանն այստեղ, լինելով Իրանի հետ հարևան երկիր, հետաքրքրություն է ներկայացնում: Բայց Իրանի հետ գործել անմիջապես, թե՝ Հայաստանի միջոցով, հարց է, որի որոշումը պետք է  կնդունեն մասնավոր ընկերությունները՝  բացատրեց դեսպանը։  Այստեղ Լուկաս Գասերը նկատում է՝ նման  հարթակ ծառայելու համար Հայաստանը պետք է ավելացնի իր տնտեսական հարաբերությունները Իրանի հետ:

Պետք է նշեմ, որ դեսպանը հիացմունքով էր խոսում Հայաստանի մասին: Երկուսս էլ ծով չունենք ու լեռնային երկրներ ենք, սակայն տուրիզմի զարգացման գործում ՀՀ-ի համար մարտահրավեր է աշխարհում շատ ճանաչված չլինելու հանգամանքը: Լրացուցիչ ջանքեր են պետք, որպեսզի  ՀՀ աշխարհի քարտեզի վրա հայտնվի որպես բրենդ՝ նկատեց Լուկաս Գասերը:

Ցուցադրել ավելի
Back to top button