Քաղաքական

Հասարակությունը չի հավատում նոր որակի իշխանության


Հայաստանում քվեարկողների մեծամասնությունն այլ որակի իշխանություն կամ չի պատկերացնում կամ չի տեսնում այն քաղաքական ուժին, որն այլ որակի իշխանություն կարող է բերել: Այս կարծիքին է ԳԽ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը: Դա հաշվի առնելով, ըստ նրա, խորհրդարանական ընտրություններում առանձնապես լուրջ պայքար, կարծես թե, չի սպասվում:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանն այսօր հայտարարեց, որ դադարեցնում է համագործակցությունը Օսկանյան-Օհանյան դաշինքի ձեւավորման համար: Պատճառը, նրա խոսքով, դաշինքի ստեղծման համար իրենց կողմից ներկայացված 4 հիմնական սկզբունքների խախտումն է եւ այն անորոշությունը, որ կա այդ դաշինքի հետ կապված: Մինչեւ այսօր չի քննարկվել ծրագիրը, չի քննարկվել, թե ովքեր են լինելու դաշինքում, բոլորը կենտրոնացած են ցուցակի վրա, ինչը չպետք է ունենար սկզբունքային կարեւորություն՝ ասաց Արամ Սարգսյանը:

«Եվ մենք որոշում կայացրեցինք, որ դադարեցնում ենք մեր համագործակցությունը՝ չեղած դաշինքից դուրս ենք գալիս, բայց շարունակելու ենք բանակցությունները այն քաղաքական եւ հասարակական ուժերի հետ, որոնք կարող են եւ մեզ հետ միասին կշարունակեն գնալ ընտրություններին: Մենք տեսնում ենք, որ անհամեմատ ավելի լավ կլինի, եթե մենք, այսպես ասած, զուլալված կազմով գնանք, քան թե այս անորոշության մեջ փորձենք ինչ-որ բան գտնել»:

Նախընտրական զարգացումները, այդ թվում՝ դաշինքներ ձեւավորելու խնդիրն այսօր նաեւ մամուլի ակումբների օրակարգում էր:

ԳԽ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանի գնահատմամբ՝ Հայաստանում ընտրազանգվածի մեծամասնությունը նոր որակի իշխանություն չի պատկերացնում կամ չի տեսնում այն ուժին, որը կարող է այլ որակի իշխանություն բերել: Այդ պատճառով, ըստ նրա, լուրջ ընտրապայքար չի սպասվում:

«Այդ պայքարը կսպասվեր մի դեպքում, եթե իրոք ձեւավորվեր մի ճակատ, որոնք կհռչակեին, որ նպատակ են դնում Հանրապետական կուսակցությունը զրկել իշխանությունից: Ինչպես տեսնում եք՝ այդպիսի ճակատ հիմա չկա»:

Ըստ Վիգեն Խաչատրյանի՝ նման ճակատ չկա, քանի որ դա ձեւավորելու հնարավորություն ունեցող ուժերը գիտակցում են, որ իրենք ի զորու չեն նման ճակատ ձեւավորելու: Եթե դրանում նրանք համոզված լինեին, անշուշտ կմիավորվեին՝ հավելեց նա: Նրա ձեւակերպմամբ՝ պայքարը լինելու է կամ ՀՀԿ-ի հետ խորհրդարանում համագործակցելու կամ մրցակցելու համար, բայց՝ նույն որակի հետապնդմամբ: Արդյունքում էլ՝ վստահության մթնոլորտ չի ձեւավորվելու եւ կունենանք ճգնաժամային խորհրդարան, որը խնդիրներ չի լուծի:

Տեսակետները չկիսեց հանրապետական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: Նա համոզված է՝ այս խորհրդարանական ընտրություններից բոլորն էլ սպասելիքներ ունեն: Համոզված է՝ ընտրություններից հետո ինչ-որ չափով վստահությունը մեծանալու է եւ դա կախված է ընտրազանգվածի ակտիվությունից:

Հանրապետական պատգամավորը կարեւորում է, որ հանրությունը կարողանա զանազանել ինչպես կեղծ ընդդիմությունը, այնպես էլ կեղծ իշխանությունը, այսինքն՝ նրանց, ովքեր արջի ծառայություն են մատուցում.

«Այս ընտրություններում, ես կարծում եմ, որ հասարակության ակտիվ լինելու դեպքում, ջրի երես դուրս կգա եւ իշխանության մեջ եղած եւ ընդդիմության մեջ եղող այն կեղծ որակը, որը որ կա: Սա է կարեւորը եւ, ես կարծում եմ, որ այն շատ  կարեւոր գործոն է քաղաքական ուժերի նկատմամբ վստահությունը մեծացնելու»:

Ազատ դեմոկրատներ կուսակցության ներկայացուցիչ Արմեն Առաքելյանի բնութագրմամբ՝ իշխանություն-ընդդիմություն լղոզված վիճակ է այսօր Հայաստանում ստեղծվել: Դա են վկայում այսօրվա դաշինքաստեղծման գործընթացները, որոնք նրա գնահատմամբ, ձեւավորվում են անհասկանալի սկզբունքներով:

«Ի՞նչ եմ ուզում ասել. ի՞նչ է ստացվում. կոպիտ ասած՝ դահիճները եւ զոհերը եկել-գրկախառնվել են եւ հիմա համատեղ գնում են իրար հետ: Ոչ մի գաղափարական, քաղաքական պայքար այս ընտրություններում դեռեւս չի նշմարվում: Բոլորը, թվում է թե, ինչ-որ շահեր են ուզում լուծել»:

Նման իրավիճակում ձեւավորվող դաշինքների հետ կապված պատրանքներ պետք չէ ստեղծել՝ հավելեց Ազատ դեմոկրատների ներկայացուցիչը: Արմեն Առաքելյանի դիտարկմամբ՝ այդ իրավիճակի ճարտարապետն էլ իշխանությունն է: Վիգեն Խաչատրյանի գնահատմամբ էլ՝ ընդդիմադիր ուժերն այնքանով են ընդդիմադիր, որքանով ցանկանում են գալ ու մտնել իշխանություն եւ ոչ թե լինել սպասավոր: Այդպիսի ուժ էլ, նրա խոսքով, հասարակությունը դեռ առաջ չի բերել եւ հենց դրա համար էլ չեն միավորվում՝ եզրափակեց Վիգեն Խաչատրյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button