Տնտեսական

Նոր հանձնարարականներ՝ նախարարներին


ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարել է Ֆինանսների, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների հետ մեկամսյա ժամկետում վեր հանել ու վերացնել իրավաբանական անձանց լիազորված կարգավիճակ շնորհելու գործընթացում առկա խոչընդոտները, այդ թվում օրենսդրական և երկու ամսից զեկուցել, թե քանի լիազորված տնտեսական օպերատոր է հաշվառվել, իրականացնել հանրության ակտիվ իրազեկում:

«Լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի գործարկումը բիզնեսի արտաքին տնտեսական գործունեության բարձրացման կարևորագույն գործիք կարող է հանդիսանալ: Այն թույլ է տալիս աշխատել պարզեցված մաքսային ընթակարգերով, վճարումների կատարման առումով ստանալ բարենպաստ պայմաններ, մաքսային հսկողության ենթարկվել  նախընտրած վայրում և այլ հատուկ պարզեցված ընթակարգեր: Չնայած 2016 թվականին ստեղծվել է օպերատորի գործունեության իրավական հենքը, սակայն մինչ այժմ որևէ լիազորված տնտեսական օպերատոր չի հաշվառվել: Այդ գործիքը պետք է ակտիվացնել:

Հայաստանի զարգացման գործում տարբեր ոլորտներում սփյուռքի ներուժի առավել արդյունավետ ներգրավման նպատակով անհրաժեշտ է ակտիվացնել ՀՀ նախարարությունների և գերատեսչություններիհամատեղ գործունեությունը: Այդ մասին կառավարության նիստում նշել է  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Այդ նպատակով կառավարության ղեկավարը Սփյուռքի նախարար Հրանուշ  Հակոբյանին հանձնարարել է գործադիր բոլոր մարմինների ղեկավարների հետ համատեղ մեկամսյա ժամկետում մշակել ծրագիր՝ սփյուռքի հայտնի մասնագետների, կառավարիչների և նրանց կազմակերպությունների հետ երկկողմանի համագործակցությունը խորացնելու վերաբերյալ:

«Հանձնարարականը շատ կարճ է ձևակերպված, բայց հնարավորությունները շատ են, կարծում եմ, բոլորը պատկերացնում են, թե առողջապահության, բիզնեսի, մշակույթի և այլ ոլորտներում ինչ հնարավրություն կան »:

ՀՀ կրթության և գիտության և սփյուռքի նախարարներին հանձնարարել է  երկամսյա ժամկետում մշակել համատեղ ծրագիր՝ սփյուռքի կրթական խնդիրների լուծման աջակցության, սփյուռքի կրթօջախների համար մասնագետների պատրաստման, երիտասարդության շրջանում մայրենի լեզվի ուսուցման մակարդակի բարձրացման, սփյուռքի կրթօջախների համար ուսուցիչների պատրաստման և վերապատրաստման կազմակերպման, սփյուռքի կրթօջախների համար նոր, այդ թվում էլեկտրոնային դասագրքերի, ուսումնական ծրագրերի մշակման, ինչպես նաև  միջոցներ սփյուռքի գիտնականների և նրանց կազմակերպությունների և  Հայաստանի բուհական և գիտական հաստատությունների միջև երկկողմանի համագործակցությունը խորացնելու և համակարգելու համար»:

Կարեն Կարապետյանը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների ու սփյուռքի նախարարներին հանձնարարել է  մեկշաբաթյա ժամկետում ՀՀ սփյուռքի նախարարության միջոցով հայազգի գործարարներին փոխանցել առկա ներդրումային ծրագրերը՝ դրանք սփյուռքի գործարարներին տրամադրելու համար, ինչպես նաև տեղեկացնել սփյուռքի գործարարներին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության բոլոր հարթակների մասին և պահպանել այդ կապը մշտապես:

ՀՀ մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի և սփյուռքի նախարարներին էլ հանձնարարվել է  երկամսյա ժամկետում մշակել համատեղ մշակութային, երիտասարդական և մարզական ծրագրեր՝ սփյուռքում հայապահպանությանն օժանդակելու, հայկական մշակույթի տարածման և հայկական արժեքների քարոզման միջոցով Հայաստանն առավել ճանաչելի դարձնելու համար:

Պետական գույքի կառավարման վարչությունը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի հիման վրա կառավարությանն է ներկայացրել  պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների 2013, 2014, 2015 թվականների և 2016-ի առաջին կիսամյակի տվյալների վրա իրականացված ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումներն ու վերլուծության արդյունքները: Գործադիրի նիստում այդ մասին նշել է վարչապետ Կարապետյանը՝ ավելացնելով, որ արդյունքում առանձնացվել են նշված ժամանակահատվածում վնաս ձևավորած, ինչպես նաև գործունեություն չծավալած և շահույթ չձևավորած ընկերությունների ցանկերը:

«Միաժամանակ, կատարվել է վերլուծություն բոլոր այն պետական առևտրային կազմակերպությունների համար, որոնք նշված ժամանակահատվածում ձևավորել են համեմատաբար փոքր շահույթ՝ հիմքում ընդունելով ակտիվների շահութաբերության գործակցի մեծությունը: Այս տեղեկանքը մենք բոլորին կուղարկենք, հանձնարարվում է հանրապետական գորևծադիր մարմիններին քսանօրյա ժամկետում իրենց դիրքորոշումը ներկայացնել ցանկում ընդգրկված ընկերությությունների գործունեության և այդ կազմակերպությունների հետագա գործունեությունը շարունակելու նպատակահարմարության վերաբերյալ»:

Ցուցադրել ավելի
Back to top button