Տնտեսական

Ներդրումային դաշտի բարելավմանն ուղղված քայլերը շարունակվում են


Վերջին շրջանի օրենսդրական բոլոր փոփոխությունները ներդրումային միջավայրի բարելավմանն են ուղղվում:  Կառավարության գրեթե բոլոր նիստերում այս հարցին անդրադարձ կատարվում է: Այս օրն էլ բացառություն չէր՝ բիզնես միջավայրի  ու ներդրումային դաշտի բարելավմանն ուղղված  քայլերը, ըստ պատասխանատուների, շարունակվում են:

 

 

Հատուկ ուշադրություն ՝  պետական սեփականություն հանդիսացող գույքի նկատմամբ. Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո հաճախ է սրա մասին խոսվում: Հավատարմագրային կառավարման պրակտիկան նույնպես ուշադրության կենտրոնում է: Ավելին,  այսօր արդեն երկու տասնամյակ տարիների հեռվից անգամ պետգույքի կառավարման վարչությունում  ու  հատկապես կառավարության նիստում  են խոստովանում՝  հավատարմագրային կառավարման պրակտիկան մեր երկրում  լայնորեն չի տարածվել:

Կառավարությունն առաջարկում է վերացնել պայմանագրի առավելագույն հինգ տարի ժամկետը։ Պետգույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյան:

Հավատարմագրային կառավարման օբյեկտ կարող է լինել ցանկացած գույք: Պարզաբանեմ՝ ունեցվածքի լիազոր կառավարման պայմանագրով սեփականատերը՝ այս դեպքում պետությունը, որոշակի ժամանակահատվածով մասնագիտացած կառույցին լիազոր կառավարման է տրամադրում իր ունեցվածքը, իսկ մյուս կողմը երաշխավորում է տնօրինել ունեցվածքը` ելնելով սեփականատիրոջ շահերից: Ունեցվածքի հանձնումը լիազոր տնօրինության չի բերում ունեցվածքի սեփականության իրավունքի փոխանցման։ Կառավարությունում  կարծում են, որ այս դրույթը ներդրումային միջավայրը կբարելավի։ Ավելին՝ միջազգային փորձն էլ է դա հուշում:  Վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակում է պնդել՝ «որտեղ կա բիզնես տրամաբանություն՝ պետք է մաքսիմալ բացել դաշտը, որպեսզի մասնավոր հատվածը՝ այլ կառավարիչը գա ու մեր կառավարչի հետ մրցի։ Եթե այդ ընթացքում ինքն ավելի լավ է կառավարում՝ միանշանակ պետք է իրեն տալ»:

Գրեթե նույն տրամաբանությունը կգործի նաև գնումների համակարգում՝ մինչև 70 մլն դրամ գնումների դեպքում ԵԱՏՄ արտադրության ապրանքների մատակարարման դեպքում այսուհետ չի կիրառվի  15% գնային նախապատվությունը: Սա ըստ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի, ճիշտ գործիք է.

«Գնային նախապատվությունը  տեղական արտադրողին խթանելու ճիշտ գործիքը չէ: Ընդ որում, պետք է հաշվի առնենք նաև այն իրավիճակը, որ մենք ԵԱՏՄ անդամ երկիր ենք և ԵԱՏՄ պայմանական պարտավորություններն այնպիսին են, որ մենք չենք կարող բացառապես տեղական արտադրողին ընտրել»:

Հայկական  ընկերությունները նույնիսկ ընդգրկված չեն ԵԱՏՄ անդամ որևէ երկրի գնումների համակարգում: Պատճառը՝ մեր ընկերությունների համեմատաբար փոքր շրջանառությունն է։ Համենայնդեպս՝  պաշտոնյաներն այդպես են մեկնաբանում:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button