Քաղաքական

Խաղաղության եւ պատերազմի դիսկուրսների փոփոխություն՝ հայկական եւ ադրբեջանական հասարակություններում


Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի հանրային հարթակներում պատերազմի դիսկուրսն ավելի բնական է դարձել, իսկ խաղաղության դիսկուրսն՝ ավելի վերացական: Հանրային եւ հասարակական կազմակերպությունների մակարդակով էլ հաղորդակցական կապեր հաստատելու ծրագրեր իրականացնելն էլ միանգամայն անհնար է, քանի որ Ադրբեջանում դրանք միանշանակ ստեղծվում եւ ուղորդվում են իշխանությունների կողմից՝ զուտ քաղաքական ծրագրեր իրականացնելու նպատակով: Հենց դրա համար էլ Ադրբեջանի պարագայում, թե  իրականում ի՞նչ է մտածում հանրությունը եւ որքա՞ն է ադրբեջանական հասարակության մեջ պատերազմի պահանջի դիսկուրսը՝ հստակ չենք կարող գնահատել, իսկ եզրահանգումները կատարվել են իշխանությունների կողմից թույլատրված եւ խիստ վերահսկված հրապարակումների հիման վրա: Այս եզրահանգումն է արել «Ռեգիոն» հետազոտական կենտրոնն իր անցկացրած հետազոտության արդյունքում: Թեման այսօր քննարկվել է փորձագիտական շրջանակներում:

 

Հայաստանում եւ Ադրբեջանում հասարակությունները վատատես են եւ չեն կարծում, թե ԼՂ հակամարտության խնդիրը կարող է մոտ ապագայում կարգավորվել խաղաղ ճանապարհով: Սա ապրիլյան պատերազմից հետո ձեւավորված պատկեր է:  Ապրիլյան պատերազմն էապես փոխել է հայկական եւ ադրբեջանական հանրային դիսկուրսներն ընդհանրապես պատերազմի եւ խաղաղության վերաբերյալ՝ ներկայացնելով անցկացված ուսումնասիրության արդյունքներն ասաց  «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը:

«94 թ.-ից հետո, առաջին անգամ հայկական հասարակության մեջ կասկածի տակ դրվեց ընդհանրապես Ադրբեջանի հետ բանակցություններ վարելու նպատակահարմարությունը: Հայկական հասարակության մեջ առաջ եկավ պատերազմի միջոցով հարց լուծելու ընկալումը: Այսպիսով, ապրիլյան պատերազմը, կարծես թե, վերացրեց ադրբեջանական դիսկուրսում պատերազմի իրավունքի մենաշնորհը, այսինքն՝ պատերազմելու հնարավությունն այլեւս դարձավ նաեւ հայկական հանրությանը եւ լայն հանրային հարթակներում շրջանառվող մի արտահայտություն: Ասվում է, որ պատերազմը դա միջոց է Ադրբեջանին խաղաղություն պարտադրելու եւ մարդկային կորուստները դադարեցնելու համար»:

Եթե մինչ ապրիլյան պատերազմը գործում էին հանրային նախաձեռնություններ, որոնք փորձում էին շփումներ ստեղծել երկու հասարակությունների միջեւ, ապա ապրիլից հետո դրա հնարավորությունն իսպառ բացառվեց: Ի դեպ, եթե հայկական կողմից դրանք իրապես հանրային խմբերի նախաձեռնություններ էին, ապա Ադրբեջանի պարագայում՝ նման բան անհնար էր՝ առանց իշխանությունների կողմից թույլատվության եւ վերահսկողության, եւ դա արվում էր այն դեպքում, երբ իշխանություններին անհրաժեշտ էր ինչ-ինչ խնդիր լուծել՝ ադրբեջանական իշխանությունների բանաձեւումների շրջանակներում: Ըստ փորձագետների՝ հենց դրա մասին է խոսում նաեւ Ադրբեջանում ստեղծված նոր մի նախաձեռնություն՝ Բաքվի խաղաղության պլատֆորմը: Վերլուծաբան Արա Պապյանի դիտարկումն այդ  մասին. «Սա եւս մի փաստարկ է, որ ցույց է տալիս՝ սա հասարակական նախաձեռնություն չէ: Այստեղ շատ ավելի լուրջ կառույցներ են աշխատում, թերեւս, ոչ միայն ադրբեջանական»:

Փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի դիտարկմամբ նույնպես Բաքվի այդ նախաձեռնությունում կա նաեւ երրորդ կողմի շահագրգռվածություն:

«Ուրվագծվում է հստակ շահ՝ Ռուսաստանը եւս շահագրգռված է, որ այս ժողովրդական դիվանագիտություն ասվածը, խաղաղասիրություն կոչվածը վարկաբեկվի. նույն թշնամու կերպար, որը անհրաժեշտ է իշխանության լեգիտիմացման համար: Բեմականացված հայրենասիրությունը, բեմականացված ռադիկալիզմը, բեմականացված ցասումը – այդ ամեն ինչը փուչիկ է»:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանի գնահատմամբ, մինչդեռ, այդ նախաձեռնությունը Ադրբեջանի իշխանությունները ստեղծել եւ զարգացնում են հստակ նպատակադրմամբ:

«Ստեղծվել է որպես մի գործիք ապագա ռազմական, պատերազմական  լայնածավալ գործողությունները արդարացնելու նպատակով, իսկ հընթացս օգտագործվում է՝ պարզապես պահպանելու հայերի ուղղությամբ հեռարձակվող շանտաժի մթնոլորտը»:

Վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը նույնպես կարծում է, որ մի կողմից՝ Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը ներկայանալ խաղաղարարի իմիջով, մյուս կողմից, սակայն, տանում պատերազմի.

«Բայց նաեւ խաղաղության դիսկուրսի ուղղվածությունը այնքան հետաքրքիր են դրել, որ այն նույնպես պատերազմի մասին է. թվացյալ՝ խաղաղության մասին, բայց իրականում՝ կրկին պատերազմի տանող»:

Խաղաղության դիսկուրսներ անցկացնելու առումով էլ, ըստ փորձագետների, անցել են այն ժամանակները, երբ դա հնարավոր էր, եւ դեռ չի եկել այն ժամանակը, երբ որ դա հնարավոր է դառնալու անել:

Ցուցադրել ավելի
Back to top button