Հասարակություն

Ինչպես օգտվել ուրիշի գույքից.քննարկում ԱԺ-ում


ԱԺ քառօրյա աշխատանքային վերջին` չորրորդ օրը խորհրդարանում օրվա մեծ մասն անցկացրել է արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը: Փոխնախարարը տարբեր նախագծեր է ներկայացրել պատգամավորներին: Դրանցից մեկով պատգամավորները շատ երկար եւ հանգամանալից փորձում էին հասկանալ, թե ուրիշի գույքից սահմանափակ օգտվելու իրավունքով ինչ կարելի է եւ ինչ չի կարելի անել:

Սերվիտուտ եւ ուզուֆրուտ՝ ինչ է սա եւ ինչի համար. բացառապես օրենքի շրջանակներում այս հարցերի պատասխաններն այսօր փորձում էին հասկանալ խորհրդարանականները: Բուռն քննարկումներով հայտնի դահլիճում այս հարցի շուրջ զուսպ մթնոլորտ էր՝ չհասկացողներին համբերատար բացատրում էին: Կառավարության ներկայացուցչին օգնության ձեռք էր մեկնել անգամ ընդդիմադիր պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

Մասնագետներին վստահելը սակայն միշտ չէ, որ արդյունավետ է եւ դա փաստում է տարբեր տարիներին տարբեր մարդկանց կողմից բարձրացվող բողոքի ձայնը, ինչը բացասական սերվիտուտի հետեւանք կարող է դիտարկվել:

Փակագծերը բացելու համար նշենք, որ սերվիտուտի ինստիտուտը ենթադրում է ուրիշի գույքից սահմանափակ օգտվելու իրավունք: Կառավարությունը խորհրդարանին առաջարկում է հաստատել Քաղաքացիական օրենսգրքում արված լրացումներն ու փոփոխությունները, որոնք կոչված են կարգավորել սերվիտուտի նոր հարաբերություններ: Օրինակները ներկայացնում է արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:

Խորհրդային տարիներից հետո, երբ ունեցվածքը սեփականաշնորհվեց եւ յուրաքանչյուրն արդեն դարձավ «սեփականատեր», առաջացան սերվիտուտի խախտման դեպքեր: Երբեմն պարզապես քմահաճույքից ելնելով անգամ «սեփականատերը» կարող է թույլ չտալ օգտվել իրեն պատկանող տարածքից: Արդյունքում, ասենք՝ հրշեջ կամ շտապօգնության մեքենաները անգամ ինչ- որ տեղ հասնելու խնդիրներ են ունենում:

Շարքային քաղաքացիները խնդիրներ են ունենում բազմաբնակարան շենքերում կամ իրենց սեփականությունից զրկվում են, ինչ որ գերակա շահի պատճառով: Արդարադատության փոխնախարարն ազնվորեն ասում է՝ նախարարությունում հստակ չգիտեն եւ վիճակագրություն չունեն, թե ինչ տարածվածություն ունեն այս տիպի վեճերը, քանի որ դրանք առավելապես կապված են կառուցապատման խնդիրների հետ: Սերվիտուտի եւ ուզուֆրուտի կիրառման ոլորտներն այնքան լայն են, որ առաջարկում ենք դիտարկել առավել տարածված երկու ուղղություն: Դրանցից մեկը վերաբերում է բազմաբնակարան շենքերում առաջացող վեճերին: Փոխնախարարին օրինակներից մեկը ներկայացրեց պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

Բազմաբնակարան շենքերից անցնենք հողատարածքներին: Ի՞նչ անի սեփականատերը, երբ պետությանն անհրաժեշտ է այդ հողատարածքով անցկացնել ջրագծեր, խողովակներ եւ այլ կոմունիկացիաներ:

Կան մի շարք խնդիրներ եւս, որ փոխնախարարի ներկայացմամբ կարող են լուծումներ գտնել փաստաթղթի երկրորդ ընթերցմամբ ներկայացվող փաստաթղթում: Իսկ քանի որ գույքային ու սեփականությանը վերաբերող վեճերն ամենաշատը հանդիպում են հարեւանների միջեւ, փոխնախարարը տեղեկացրեց, որ արդարադատության նախարարությունում մշակվում է հարեւանային իրավունքի մասին օրենսդրական փաթեթ:

Ցուցադրել ավելի
Back to top button