Հասարակություն

Ընդունող ու ճանապարհ դնող Հայաստանը


Ըստ հայաստանաբնակներիս՝ Հայաստանը լքողների թիվը ավելի մեծ է, քան՝ վերադարձողներինը: Պաշտոնական տվյալների համաձայն, 2016 թվականի ուղեւորափոխադրումների արդյունքների համաձայն, Հայաստանից դուրս եկողների թիվը 42 հազարով ավելի շատ է, քան՝ ժամանողներինը։ Որքան է հայրենադարձների թիվը, պատկերը հստակ չէ, քանի որ պետական կարգավիճակի բացակայության պատճառով դժվար է կոնկրետ ցուցանիշերը ներկայացնել։ Ինչու՞ են մարդիկ վերադառնում, եւ ինչո՞ւ են լքում Հայասատնը:

 

Կարել Հոֆստրան, ով ներկայացնում է Միգրացիայի քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը, Նիդերլանդներից է, փայլուն խոսում է հայերեն և  անհասկանալի է համարում հայերի բացասական մոտեցումը միգրացիայի նկատմամբ: Հոֆստրայի ու մյուս եվրոպացիների համար միգրացիան մարդու ազատ տեղաշարժի իրավունքն է, որն արտահայտվում է զբաղվածության, կրթության, բարեկեցիկ ապրելակերպ ունենալու ձգտմամբ: Երեք տարի է ապրում է Հայաստանում և իրականացնում ԵՄ կողմից ֆինանսավորվող միգրացիոն քաղաքականության մշակման ծրագիրը։

Հայաստանը, այո, լքողներ կլինեին անգամ բարեկեցիկ պայմանների պարագայում, բայց նաեւ կան նրանք, ովքեր պատրաստ են վերադառնալ հայրենիք անգամ սոցիալական եւ տնտեսական վատ պայմանները հաշվի առնելով: Առողջապահական տուրիզմի ուղղվածությամբ մասնագիտացած  «Get Treated Medical Travel» ընկերության համահիմնադիր Րաֆֆի Էլիոթը Կանադայից է: Եթե անդրադառնանք Րաֆֆիի արմատներին՝ կստացվի խառնաշփոթ. երիտասարդը մայրական կողմից ժառանգել է հայկական ճարպկությունը, հայրական կողմից՝ իռլանդական տաքարյունությունը, ծննդավայրից՝ կանադական բարեհամբույրությունը։

Րաֆֆին 2003 թվականին 13 տարեկանում առաջին անգամ է Հայաստան եկել՝ մեկ ամսով: Եկել ու սիրահարվել է մայրիկի պատմած՝ «Armenia»- ին,  այնուհետև տարբեր բարեգործական ծրագրեր իրագործելու նախաձեռնությամբ եկել ու հաստատվել Երեւանում: Աշխարհագրական ու մշակութային տարբեր բեւեռների միաձուլումը հայրենասեր հայի հավաքական կերպար է ձևավորվել Րաֆֆիի մոտ։ Նա Հայաստանում ընտանիք է կազմել, տարբեր բիզնես ծրագրեր է իրականացնում ու զարմանում է, թե՞ ինչու են իրեն նայում տարօրինակ դեմքով, երբ իմանում են, որ Մոնրեալից է տեղափոխվել Հայաստան: Րաֆֆին ծիծաղով նշում է, որ ամենաշատը տաքսու վարորդներ են հարցնում՝ ինչպե՞ս է վերադարձել Հայաստան, «բա մարդ, Կանադան կթողնի, կգա»:

«Կանադայում մի քիչ տարօրինակ իրավիճակում էի: Եվ քվեբեկցի էի, եւ հայ, եւ իռլանդացի: Ոչ մի ազգության լիարժեք մասը չէի ու ոչ մեկի հետ չէի համակերպվում՝ մտածողության տարբերություններ կային: Մտածում էի, որ տեղափոխվեմ Հայաստան՝ կդառնամ հայ: Սակայն գալով հասկացա, որ միեւնույն է՝ ես հայ եմ ու կանադացի: Իհարկե, դա ինձ չի խանգարում, քանի որ հայ ու կանադացի լինելն ինձ ավելի լավ հայ է դարձնում»:

Երկու արմատներ ունեցող Րաֆֆին սկզբում ուժերը փորձել է IT ոլորտում, մատուցել է վեբ ծառայություններ, այնուհետեւ ուսումնասիրել առողջապահական ծառայությունների մատուցման ոլորտը, եւ պարզել, որ զբոսաշրջության 9 տոկոսը բաժին է ընկնում ատամնաբուժական խնդիրներով Հայաստան ժամանողներին։ «Աայստեղ եւ մատչելի է, եւ որակյալ»,- ասում է Րաֆֆին ու ուրախությամբ հավելում` ի զարմանք անհավատների՝ այսօր կազմակերպությունը ճիշտ մարկետինգի կազմակերպման արդյունքում առաջընթաց է արձանագրում: Հայաստանից մեկնում են Կանադա եւ ԱՄՆ` տարբեր ծրագրերի մասնակցելով, իսկ Րաֆֆին արմատներ է գցում այստեղ։

Բայց նույն այս շրջանում, ավելի ճիշտ վերջին 25 տարում մեր բազմաթիվ հայրենակիցներ էլ իրենց ապագան փնտրել են օտար ափերում։ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննսիյանը համադրելով ԱՎԾ տվյալները նշում է, որ  2016-ին ունեցել ենք 24 հազար արտագաղթած մարդ։ Եթե չլիներ նման պատկեր, ապա մենք բնական հավելաճ կունենայինք:

Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը կարծում է, որ միգրացիոն գործընթացների վրա ավելի շատ ազդում են ոչ թե ներքին գործոնները, որոնք բացասական իմաստով կայուն են, այլ Ռուսաստանի ներքին զարգացումները, քանի որ այդ երկիրն է մեր միգրացիոն հիմնական գործընկերը: Սա մի երեույթ է, ըստ Եգանյանի, որը հնարավոր չէ չափագրել եւ թվերի տեսքով ներկայացնել, քանի որ մեկնողների զգալի մասը չի հետևում գրանցման այն կարգին, որը հաստատված է պետականորեն: Ժողովրդագիրը առաջարկում է տարանջատել  աշխատանքային եւ տարբեր սոցիալական պատճառներով պարտադրված արտահոսքերը:

Երեւույթը չի չափագրվում, բայց, ըստ ազգագրագետ Հրանուշ Խառատյանի, ՀՀ-ի ներքին գործոններով պայմանավորված է, որ մարդիկ լքում են հայրենիքը, ու առաջիկայում նախընտրական զարգացումներով պայմանավորված՝ կգարնցվի նոր արտահոսք:

«Ամեն ընտրության հաջորդող շրջանում արտագաղթի թվերի ավելացում է լինում, ինչը նշանակում է, որ  մարդկանց ձևավորված հույսերի փլուզում է լինում»:

Խորացված ուսումնասիրությունների արդյունքում ազգագրագետը եկել է եզրակացության, որ մարդիկ ոչ թե գնում են աշխատանքի հետևից, այլ իրավունքի խտրական կիրառումից, չպաշտպանված լինելուց: Համաձայնելով՝ ժողովրդագիրը հավելում է՝ պատերազմն այդքան լուրջ գործոն չէ, ինչքան ապագայի նկատմամբ անվստահությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button