Հասարակություն

Է. Նալբանդյանը բարձր է գնահատել Նիդերլանդների հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված համագործակցությունը

Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Բերտ Կունդերսը ուղերձներ են փոխանակել՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Նախարար Նալբանդյանն իր ուղերձում նշել է, որ երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը նոր խթան հանդիսացավ երկու ժողովուրդների դարավոր կապերի համար՝ դրանք բարձրացնելով պետական մակարդակի: Անցած քառորդ դարի ընթացքում ՆԹ-ն հանդիսացավ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող տնտեսական և ժողովրդավարական բարեփոխումների գործընթացների կարևոր աջակիցը: Հայաստանի արտգործնախարարը բարձր է գնահատել Նիդերլանդների Թագավորության հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված համագործակցությունը, որն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ գործընկերություն միջազգային կազմակերություններում, քաղաքական երկխոսություն, միջխորհրդարանական համագործակցություն, մշակութային և ակադեմիական փոխանակումներ:

Նախարար Կունդերսն իր ուղերձում բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունները, որոնք տարիների ընթացքում ավելի են խորացել, ինչը դրսևորվում է արդյունավետ երկկողմ այցերով, քաղաքական երկխոսությամբ: Նիդերլանդների արտգործնախարարը նշել է, որ երկու պետությունները միասին աշխատում են մի շարք միջազգային կառույցների շրջանակներում և բազմաթիվ այլ ոլորտներում: Բերտ Կունդերսն ընդգծել  է, որ Նիդերլանդների Թագավորությունը ողջունում է Հայաստանի և Եվրոպական միության միջև կապերի սերտացումը, և հայտնել է Նիդերլանդների աջակցությունը Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում Հայաստանի և ԵՄ միջև համապարփակ համագործակցության առավել զարգացմանն ուղղված ներկա ջանքերին:

Ցուցադրել ավելի
Back to top button