ԿարևորՔաղաքական

Բելառուսի ԱԳՆ-ի պատասխանը ՀՀ իշխանություններին

Բելառուսի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Վահրամ Բաղդասարյանի հայտարարությանն այն մասին, որ պետք է բարձրացնել ՀԱՊԿ-ում Բելառուսի անդամակցության դադարեցման հարցը՝ բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման կապակցությամբ:

«ՀԱՊԿ-ում Բելառուսի անդամակցության դադարեցման հարցը բարձրացնելու առաջարկը զուրկ է իրավական հիմքերից»,-մեջբերում է Interfax գործակալությունը Բելառուսի ԱԳՆ մամուլի քարատուղար Դմիտրի Միրոնչիկի հայտարարությունը:

Նա նաև նշել է, որ ՀԱՊԿ-ին անդամակցելը կամ չանդամակցելը կամովին է, իսկ Բելառուսն արդեն «կատարել է իր ընտրությունը»:

Բելառուսի արտաքին գործերի նախարարությունն առաջին անգամ մեկնաբանել է ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնելու փաստը` նշելով, որ բելառուսական կողմն այդպիսով կատարել է իր իրավական պարտականությունը: Ինչպես հաղորդում է Sputnik գործակալության բելառուսական ծառայությունը, խնդրի մասին ճեպազրույցի ժամանակ խոսել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Դմիտրի Միրոնչիկը:

«ԱԳՆ-ն առաջին անգամ է մեկնաբանում այս հարցը: Պետք է նշել, որ Բելառուսը կատարել է իրավական ոլորտում իր բոլոր պարտականությունները»,- հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջան: Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու ` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ: Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:
Ցուցադրել ավելի
Back to top button