Հասարակություն

Կքանդվի Ֆիրդուսի շուկան, կկառուցվեն հյուրանոցներ


ՀՀ ԿԱ Քաղաքաշինության պետական կոմիտեն կառավարությանն է ներկայացրել 2017 թվականին կառուցապատման ներդրումային փաթեթները, որոնց շուրջ արդեն քննարկումներ եղել են և կոմիտեի ներկայացրած 105 մլն դոլարի ծրագրեր համարվել են իրատեսական, որոնք կիրականացվեն առաջիկա 3 տարում:  Ավարտին հասցվելու է Ֆիրդուսի շուկայի քանդելու աշխատանքները Սրա մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է նախագահ Նարեկ Սարգսյանը:

 

Քաղաքաշինության պետական  կոմիտեի նախագահ Նարեկ  Սարգսյանը  մեջբերում  է  վարչապետ Կարեն Կարապետյանի խոսքերը՝ ասում, որ իր աշխատանքի 90 տոկոսն  անցնում է ներդրողների հետ հանդիպումներում, նրանց համոզելով՝ գալ ու Հայաստանում ներդրումներ անել, գործարարությամբ զբաղվել։

Ինչպես ասում են՝ Նարեկ Սարգսյանի ջանքերը զուր չեն անցնում։ Առաջիկա երեք տարում 105 մլն դոլարի ներդրում են իրականացնելու քաղաքաշինություն ոլորտում: Նախատեսված գումարի մոտավորապես 50 տոկոսը կտրամադրվի բնակարանաշինությանը, որի համար պետական բյուջեից կհատկացվի նախատեսվող գումարի միայն 5 տոկոսը, մնացածը մասնավոր ներդրումներ են:

50 տոկոսն էլ կհատկացվի  հյուրանոցային համալիրների և այլ շինությունների կառուցմանը։ Ներդրողներն ինչո՞վ են շահագրգռված ներդրումներ անել Հայաստանում և արդյո՞ք նրանց առջև դրված սահմանափակումներ կան, «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան  Նարեկ Սարգսյանն ասում է:

«Հայաստանում քաղաքաշինության ոլորտում ներդրումներն արդարացված են: Ներդրողները հստակ հաշվում են և՛ իրենց գումարները, և՛ ռիսկերը: Ներդրողներին հետաքրքիր է բնակելի տարածքների և հյուրանոցների շինարարությունը։ Ինչքան էլ ասենք՝ հյուրանոցների քանակը բավարար է, բավարար չէ»:

Նարեկ Սարգսյանն ասում է, որ իրենք ավելի շատ՝ մոտ 230 մլն դոլարի ներդրումային ծրագրեր էին առաջարկել կառավարությանը, բայց հաստատվել է 105 մլն դոլարի ծրագրերը:

Եվ այսպես՝ խոսենք իրատեսական ծրագրերից ու հանրային հնչեղություն  ունեցող շինություններից: Այս տարվա երկրորդ կեսին  կքանդվի Ֆիրդուսի շուկան։ Այդ տարածքում կառուցվելու է  մոտ 90 մ. տրամագծով ամբողջապես կոր, օղակաձև նոր հրապարակ։ Սակայն «Ռադիլուրի»-ի հետ զրույցում Ֆիդուսի շուկայի աշխատակիցները  նշեցին, որ իրենց մինչ այս պահը ոչ ոք ոչինչ չի ասել:

Ի դեպ՝  Նարեկ Սարգսյանը նշեց, որ բնակիչներին պետք է տեղեկացնի Երևանի քաղաքապետարանը։ Որքան իրեն է հայտնի, Ֆիրդուսի շուկայում այդքան  էլ մեծ թափով առևտուր չի իրականացվում։ Այն քանդելուց առաջ, սակայն, կքանդվի Սասունցի Դավիթ կայարանի հարակից տարածքում գտնվող կիսակառույց  շինությունը։ «Սասունցի Դավիթ» կինոթատրոնի տեղում այս կիսակառույցի հիմքերը դրվել էին խորհրդային վերջին տարիներին։

Կսկսվեն հողային աշխատանքները։ Կայարանամերձ այս հրապարակի կառուցման ընդհանուր արժեքը 60 մլն դոլար է: Այս տարի ներդրվելու է մոտ 10 մլն դոլար։ Վերակառուցվելու է նաև Կոնդ թաղամասի մի հատվածը։

Արշակունյաց պողոտայի վրա՝ նախկին Ձերժինսկու գործարանի տարածքում, հյուրանոցային և վարչահասարակական համալիր է կառուցվելու։ Այդ նախագծի շուրջ եւս ակտիվ բանակցում են։ Քաղաքաշինության ոլորտի պատասխանատուն ասում է որ ներդրողերի համար, իհարկե, գրավիչը Երևանն է, բայց մարզերում նույնպես կառուցապատման եւ ներդրումային ծրագրեր են նախատեսվում։ Օրինակ՝  պատրաստվում են նոր ճանապարհային ծրագիր ներկայացնել, որպեսզի Ջերմուկ քաղաքը հայտնվի «Հյուսիս-Հարավ» ճանապարհահատվածին: Ըստ այդ ծրագրի՝   դեպի Վայք-Ջերմուկ  հատվածում առաջարկում ենք Սիսիանի կողմից 20 կմ երկարությամբ ճանապարհը կառուցել Վայք-Գնդեվազ-Ջերմուկ ուղղությամբ: Սրանով քաղպետկոմը կարծում է, որ Իրանից, Մեղրիից, Տաթևից եկողները կանգ կառնեն Ջերմուկում, ինչը եւս կնպաստի զբոսաշրջության զարգացմանը։ Ի դեպ՝ Ջերմուկում նախատեսվում է 20 մլն դոլարի շինարարություն իրականացնել, կառուցել հանգստյան տներ և այլ համալիրներ:

Իսկ վերջում եզրափակելով հաշվետվությունը՝ Նարեկ Սարգսյանը դիմեց բանաստեղծ Համո Սահյանի օգնությանը:

«Ինձ բաց թողեք ես գնամ»:

Back to top button