Հասարակություն

«Նորավանք»-ին նոր շունչ է պետք.Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի (ԳԿՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:

Օրակարգի առաջին հարցով ներկայացվել է հիմնադրամի գործունեության 2016թ. ամփոփ հաշվետվությունը: «Նորավանք»-ի գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանը նշել է, որ 2016 թ. պետական և մասնավոր հատվածի գործընկեր կառույցների հետ համատեղ իրականացվել են տեղեկատվական անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքներ. պատրաստվել են տեղեկատվական անվտանգության ձեռնարկ և բառարան՝ Հայաստանի, Արցախի, ինչպես նաև միջազգային փորձագետների ներգրավմամբ, հրապարակվել են մի շարք գրքեր և ամսագրեր: Սփյուռքի նախարարության հետ համատեղ աշխատանք է տարվել Հայաստան-Սփյուռք առցանց համալսարանի ստեղծման ուղղությամբ, կազմակերպվել են գիտաժողովներ և քննարկումներ սփյուռքահայ առաջատար մասնագետների հետ: Գագիկ Հարությունյանի խոսքով՝ համալսարանը պետք է ծառայի որպես հայ հանրության անվտանգության զարգացման հարցերի քննարկման  հարթակ: 2017-ին նախատեսվում է շարունակել աշխատանքն այս ուղղությամբ:

Վարչապետը, կարևորելով «Նորավանք» ԳԿՀ-ի կողմից կատարվող աշխատանքները, միևնույն ժամանակ ընդգծել է առկա գիտական ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը: ««Նորավանք»-ին նոր շունչ պետք է տանք: Պետք է մտածենք՝ ինչպես ավելի կիրառական արդյունք  տալ», — ասել է կառավարության ղեկավարը: Այս համատեքստում Կարեն Կարապետյանն առաջարկել է հիմնադրամի ղեկավարությանը համագործակցել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ, քննարկել և մշակել գործունեության նոր առաջնահերթությունները:

Ցուցադրել ավելի
Back to top button