Տնտեսական

Ծով չունեցող երկրներն ու տնտեսվարողների խնդիրները


Օրերս Համաշխարհային բանկը հրապարակել է  «Առևտրի լոգիստիկան գլոբալ տնտեսությունում — 2016»  զեկույցը, որը  գնահատում և դասակարգում է երկրները՝ ըստ լոգիստիկ կատարողականի ինդեքսի։ Այն կազմված է մի շարք ցուցանիշներից, օրինակ՝ մաքսային ընթացակարգեր, ենթակառուցվածքների որակ, բեռնափոխադրումների ժամանակայնություն։   Հայաստանը 160 երկրների շարքում 141-րդն է:  Չորս տարի առաջ  նույն զեկույցում մեր երկիրն,  ի դեպ,  100-րդ տեղն էր զբաղեցնում: Արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը թվարկում է խնդիրները,  որոնց առջև տնտեսվարողներն են կանգնում:

 

 

«Պատկերացնենք, որ մենք Սև ծովից ենք օգտվում և Փոթի նավահանգստից։ Ինչ- որ մի կոնտեյներ մի աշխարհամասից գալիս մեզ է հասնում:  Մեկ կոնտեյների  տեղափոխումը Փոթիից մինչև  Երևան 1500 -1600 դոլար է, նույն կոնտեյներն արտահանելիս 400- 500 դոլար է նստում մեզ վրա»:

Արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը պնդում է՝ համաշխարհային լոգիստիկ ընկերությունները  Հայաստանին գործընկեր չեն համարում,  ուստի հավելյալ ծախսեր են ավելացնում: Մխչյանը  երկար կարող է թվարկել  ներմուծման ու արտահանման հետ կապված խնդիրները: Երանությամբ է  հիշում 2008թ, երբ մաքսային ծառայությունը մի քանի ամիս արտահանողներին հանգիստ էր թողել.«Այդ ժամանակ մեզ համար այնպիսի պայմաններ էին, որ  կոռուպցիա չկար ընդհանրապես: Ութ ամիս հետո  մարդիկ պահանջատեր  եղան ու ասացին, որ էս ընթացքում ցուցակ ունես, որի համար պետք է վճարես»:

Փակ սահմաններ, խնդիրներ հարևաններից  երկուսի՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, անբարեկարգ ճանապարհներ, գրեթե  չգործող երկաթգիծ,  մաքսային ընթացակարգեր: Արդյունքում՝ հայ տնտեսվարողների  դժգոհություններն արտացոլվում են  միջազգային տարբեր զեկույցներում: Օրերս հրապարակվեց «Առևտրի լոգիստիկան գլոբալ տնտեսությունում- 2016» զեկույցը։

160  երկրների  շարքում  Հայաստանը  141-րդն է: Չորս տարի առաջ  նույն զեկույցում մեր երկիրը,  ի դեպ, 100-րդ տեղում էր։ Հայաստանից գրեթե կիսով  չափ առաջ է  Ղազախստանը  (77-րդ տեղում), Մոլդովան՝( 93-րդ), Հայաստանից առաջ է Թուրքմենստանը ՝ (140-րդ), հինգ կետով  հետ է միայն  Ղրղզստանը (146-րդ):

Վերը նշված երկրներն ինչ- որ առումներով ընդհանրություններ ունեն Հայաստանի հետ:  Նույն զեկույցում առաջատարներից  է Վրաստանը՝  130-րդ, ապա՝ Ռուսաստանը ` (99-րդում), Իրանը`( 96-րդ), Թուրքիան՝ (34-րդ) ։ Մոնղոլիան, որը նույնպես ծով չունեցող երկիր է,  ինչպես Հայաստանը, էականորեն բարենպաստ դիրքերում է՝ 108-րդն է: Տնտեսագետ Վահագն Խաչատրյան.«Մոնղոլիան ամենակղզիացված երկրներից մեկն է աշխարհում, ինքը միջազգային պայմանավորվածություններ, փոխադրումենրի հետ կապված արտոնություններ ունի»:

Հյուսիս-Հարավ ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհի կեսն էլ կառուցված չէ։ Ավելին, անգամ պաշտոնապես   բացված հատվածն է փակ:  Անորոշ է նաև Իրան Հայաստան երկաթգծի ճակատագիրը: Մեր երկրի լոգիստիկ պատկերը լավը կլիներ, եթե խնդիրներին  ավելի լուրջ մոտեցում ցուցաբերվեր: Սա, ըստ  Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ  Վազգեն Սաֆարյանի, մեծ գումարներ չէր պահանջի.

«Եթե մենք սկսած  2008թ  տարեկան 50 մլն դոլար հատկացնեինք այս աշխատանքներին, ապա այժմ  300-400 մլն դոլարի աշխատանքներ կատարած կլինեինք:  Բայց տարեցտարի դրանք հետաձգվում են, մենք  մեծ երկրի ենք սպասում, որ գա, ներդրումներ անի, սակայն մենք պետք է սկսենք, հետո նոր հրավիրենք Իրանին, Չինաստանին, որոնք շահագրգռված են այս ճանապարհի կառուցմամբ»:

Վազգեն Սաֆարյանը Մետաքսի ճանապարհի բաղադրիչն է մատնանշում, նշում է, որ այն Ջավախքով Սև ծով դուրս գալու հնարավորություն կար: Այն Հայաստանի համար կենսական նշանակություն ունի՝ ասում է ՀԱԱ միության նախագահն ու հիշում Գյումրիից Ախալքալաք նախագծված  80 կմ երկաթգծի կառուցման մասին: Նկատում է՝ երկաթգծով բեռների փոխադրումը ոչ շահավետ է դարձել: Ընդհանրապես Աաֆարյանն այսօր հիշեց   խոստացված, սակայն  կյանքի չկոչված բոլոր նախագծերը՝ այդ թվում նաև  20 տարի շարունակ քննարկվող Վանաձոր- Ֆիալետովո 31,2 կմ   երկարությամբ  երկաթգիծը,  երկաթգծի Հաղարծին — Իջևան հատվածը: Վազգեն Սաֆարյանը կարծում է, որ սրանք ռազմավարական նշանակություն ունեն։ Վահագն Խաչատրյանը հակադարձում է Սաֆարյանին:

Մինչ բանախոսները փորձում  են հասկանալ՝ անհրաժեշտության դեպքում տանկը թունելով տեղափոխեն, թե ոչ,  Հայաստանում ենթակառուցվածքներն ու մաքսային ընթացակարգերը շարունակում են  գործել ճիշտ այնպես, ինչպես նախկինում: Արդյունքում՝ տնտեսվարողների խնդիրները շարունակում են:

Ցուցադրել ավելի
Back to top button